Ոչ թե արցունքով, այլ ժպիտով։ Նոր շեշտադրումներ Մայքլ Գյորջյանի «Ամերիկացի» ֆիլմում

Ոսկե Ծիրան-2022-ը բացվեց Մայքլ Ա․ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով, որի մասին այս երկու օրվա ընթացքում արդեն հասցրել են ծայրահեղ բևեռային կարծիքներ հնչել։ Մեր ուշացած լուման ավելացնենք այս բուռն քննարկմանը, որի առկայությունն արդեն իսկ լավ նշան է։

ԱՄԵՐԻԿԱՑԻ

Սցենարի հեղինակ, ռեժիսոր՝ ՄԱՅՔԼ ԳՈՒՐՋՅԱՆ
Պրոդյուսերներ՝ ԱՐՄԱՆ ՆՇԱՆՅԱՆ, ՊԱՏՐԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ, ՍՈԼ ՏՐԻՈՆ
Դերերում՝ ՄԱՅՔԼ ԳՈՒՐՋՅԱՆ, ՀՈՎԻԿ ԿՈՒՉԿԵՐՅԱՆ, ՆԵԼԻ ՈՒՎԱՐՈՎԱ, ՄԻԽԱՅԻԼ ՏՐՈՒԽԻՆ, ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արտադրությունը՝ Հայաստանի ազգային կինոկենտրոն, People of Ar Productions

Ֆիլմը պատմում է հայրենադարձ Չարլիի մասին, ում Խորհրդային Հայաստան ոտք դնելուն պես ձերբակալում են, բանտ նետում և նույնիսկ ուզում աքսորել Սիբիր։ Ֆանտասմագորիկ պատմությունը շարունակվում է երկրաշարժով, որի արդյունքում քանդվում է Չարլիի մենախցի դիմաց եղած պատը․ այժմ ճաղերի հետևից նա կարող է հետևել Տիգրանի և Ռուզանի կյանքին։ Փախչելով իրեն շրջապատող դառն իրականությունից՝ Չարլին փորձում է օգնել Տիգրանին ընտանեկան խնդիրները հարթելու բարդ գործում։ Ի վերջո Տիգրանը, ով ճակատագրի և խորհրդային իրականության հեգնանքով նախկինում նկարիչ էր, իսկ այժմ՝ Չարլիի բանտապահներից մեկն է, իմանում է այդ մասին, սակայն չի մատնում նրան ու նույնիսկ խորհրդանշական կերպով «ներս թողնում» Չարլիին իր կյանք։

Մայքլ Գյուրջյանը Չարլիի դերում։ Պատկերը՝ Ազգային Կինոկենտրոնի կայքից։

Չարլին ու Տիգրանը արտացոլում են մեկմեկու․ երկուսն էլ բանտարկված են, մեկը՝ բառիս բուն իմաստով, մյուսը՝ «պարտիայի» ուշիմ աչքերի ներքո։ Հերոսների հայելային բնույթն արտահայտվում է ոչ միայն ֆիլմի աշխարհագրությամբ՝ Տիգրանի բնակարանն ու Չարլիի բանտախուցը հենց ու հենց դեմ-դիմաց են, այլև սյուժետային (իրականում շատ կասկածելի) հնարքով, որով Չարլին ֆիլմի վերջում հաստատվում է Տիգրանի այդքան ծանոթ բնակարանում։

Ցանկության դեպքում, ֆիլմի շատ ու շատ դրվագներից կարելի է կառչել։ Օրինակ, այդ ի՞նչ երկրաշարժ էր, որ ոչ միայն քանդում է բանտի պատն ու այդքան հարմար խթանում սյուժեն, այլև փրկում Չարլիին շուտափույթ աքսորից։ Կամ թե այդ ի՞նչ արհեստական տեսարան էր, երբ Տիգրանին ստիպում են ծեծել Չարլիին․ հանդիսատեսից ակնհայտորեն արցունք կորզելու միջո՞ց, թե՞ մատից ծծած դրամատիկ իրավիճակ։ Կամ թե ո՞վ է ասել, որ խորհրդային բանտերում ամեն ուրբաթ օր մարդկանց հետևողականորեն ծեծում էին՝ նույնիսկ մեղքը խոստովանելուց հետո։ Կամ էլ թե, որ եկեղեցի նկարելու համար մարդուն Սիբիր էին աքսորելու։ Ֆիլմը դիտելիս ամեն քայլափոխին ոտքդ տրամաբանական մի քարի կարող է դիպչել, բայց․․․

Ցանկացած ֆիլմն իր տրամաբանությունն է թելադրում, որը կարող ես ընդունել, կամ չընդունել։ Այո, հերոսներն ապրւմ են տարօրինակ մի աշխարհում, ուր երկրաշարժը քանդել է բանտի պատերը, որոնք ամառ-ձմեռ վերանորոգում են, իսկ մոտակա քաղաքում դրա հետքն անգամ չկա, իսկ Չարլիին, կամ Տիգրանին ներկայացված բոլոր մեղադրանքներն այնքան անհիմն են, որ նույնիսկ սարսափելի են թվում։

Բայց դե ինձ համար սրտաճմլիկ տեսարաններին թաքուն արցունքները սրբելուց ավելի կարևոր էին այն հաղորդագրությունները, որոնք այնքան վաղուց պետք է հայտնվեին մեզանում, ու վերջապես կան այս ֆիլմում։
⠀⠀
Առաջինը՝ հայրենադարձության թեման է, որը, չգիտես ինչու, հազվադեպ է արտացոլվում հայկական կինոյում, և ուղղակիորեն կապվում է Ցաղասպանության թեմային։ Եվ այս երկուսից բխող՝ ֆիլմի «ոչ թե արցունքով, այլ ժպիտով» բանաձևը։

Մայքլ Գյուրջյանը Չարլիի դերում։ Պատկերը՝ Ազգային Կինոկենտրոնի կայքից։

Այսքան ժամանակ Ցեղասպանության թեմայի արծարծումը Հայաստանում կամ Հայաստանից դուրս, բայց հայերի կողմից նկարահանված ֆիլմերում իսկապես սարսափելի էր։ Սարսափելի՝ հենց այն սպանող լրջությամբ, որով հայերը վերապրում ու վերստեղծում են Եղեռնը։ «Քանդեցին երկինք մի լուրթ, Մորթեցին մի ժողովուրդ», նորից ու նորից, ամեն ֆիլմում, որոնք դարձյալ ու կրկին հասկանում են միայն հայերը։ Սակայն դառը իրականությունը վերապրելու, բայց երբեք չվերլուծելու ու չվերաիմաստավորելու հայկական «խասիաթը» փակուղի է տանում, եթե արդեն վաղուց չի բերել։

«Ամերիկացիում» մենք կարծես մի քայլ առաջ ենք անում, որովհետև Եղեռնի սարսափներից այստեղ շեշտադրվում է միայն գլխավոր հերոսի տատիկի արիությունը, ով մահը ծոծորակով զգալիս միևնույն է ժպտում է։ Այս ժպիտն ուղղված է ապագա սերունդներին, նրանց, ովքեր ողջ են մնալու, այն ապրելու, ուժեղ լինելու պատգամ է։

Եվ երկրորդ՝ հայկական մշակույթի կարևորումը, որն այնքան հանկարծակի ու այնքան միամիտ կերպով, բայց արտահայտվում է այս ֆիլմում։

Մի կողմից շատ ծիծաղելի, մյուս կողմից՝ մի փոքր մեծամիտ է թվում բանտում հայտնված մեկ այլ հայրենադարձի այն դիտարկումը, թե «Ասոնք իսկական հայեր չեն», որն ակամայից մերկացնում է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մութ կողմը։ Սակայն որքա՜ն դիպուկ է այդ նույն ռեպլիկի շարունակությունը․ «Ասոնք հոգիները ծախել են սատանային՝ Ստալին պապային»։

Եվ իսկապես, խորհրդային իշխանությունն ամեն կերպ փորձեց ջնջել նոր կայսրության բնակիչների միջև եղած ցանկացած տարբերություն։ Իսկ այդ կործանարար տարբերությունը հենց մշակույթն է։ Երեկոյան կնոջ համար թառ նվագելը, սփռոցներին անդադար Արարատ նկարելը, ամբողջ ընտանիքով երեխայի ատամհատիկի «բարբարոսական» ծեսին հավաքվելը։ Հենց այն, ինչի շնորհիվ ինքներս ենք հասկանում, որ հայ ենք։

Երևի հայերն ամեն դեպքում կարող են հպարտանալ, որ նույնիսկ խորհրդային տարիներին կարողացան պահպանել իրենց մշակույթը։ Սակայն, ինչպես միշտ, այդ հպարտությունն անցյալ ժամանակով է լինելու։ Որովհետև (ու այստեղ հասկանալի չէ, թե ով է մեղավոր) խորհրդային 70 և անկախության 30 տարիներն անց մենք՝ մեր աշխարհընկալման բոլոր շերտերում անդառնալիորեն հեռացել ենք այն հայերից, որոնք դիմացան խորհրդային կարգերի բոլոր «չիկարելիներին»։

Չարլին հետևում է Տիգրանի կյանքին։ Պատկերը՝ Ազգային Կինոկենտրոնի կայքից։

Ցանկության դեպքում ֆիլմի շատ ու շատ կողմերը կարելի է նաև գովել։ Անձամբ ես ամենաշատը հավանեցի ռեժիսորի այն համառությունը, որով նա Տիգրանի և Ռուզանի ողջ պատմությունը ցույց է տալիս ընդհանուր պլանում՝ գրեթե ոչ մի անգամ չմոտեցնելով տեսախցիկը։ Եվ այն, որ նույնիսկ երկխոսությունների բացակայության պարագայում (Չարլին հեռվից չի լսում, ինչ են խոսում ամուսինները) այն միանգամայն հասկանալի է։

Սակայն տեխնիկական ստացված ու չստացված պահերից, կինոլեզուն հարստացնելու կամ չհարստացնելու մեղադրանքներից, հայկական ֆիլմարտադրությունը շահեկան կամ ոչ շահեկան կողմից ներկայացնելու փաստից և ֆիլմին վերաբերող բոլոր այլ հարցերից ավել ինքս կարևորում եմ իմաստային՝ վերը նշված երկու շեշտադրումները։

Հեղինակ՝ Սոնա Արսենյան

Оставьте комментарий