«Ոսկե Ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը բացվեց Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով։ Փառատոնի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն ունեցավ հանդիպել ռեժիսորի հետ, հնչեցնել իր կարծիքը և ուղղել իրեն հետաքրքրող հարցերը։
⠀
— Ողջույն, Մայքլ։ Կարծում եմ, այս հարցին հազար անգամ արդեն պատասխանել եք, բայց որտեղի՞ց ենՉարլիի և Տիգրանի՝ ֆիլմում ցուցադրվող զուգահեռ պատմությունները։ Արդյո՞ք դրանք իրական են։
⠀
— Չարլիի նախապատմությունը որևէ կապ չունի հայրենադարձության հետ: Ընկերս էր պատմել իր մի ծանոթի մասին, ով տասը տարի անց էր կացրել բանտում։ Իր խուցի պատուհանից այդ մարդը կարող էր հետևել մեկ ուրիշ մարդու։ Նա անընդհատ նայում էր պատուհանից՝ երբ է նա աշխատանքի գնում, երբ է վերադառնում, և իր հետ, գուցե և իր փոխարեն, ապրում էր այդ մարդու կյանքը։
⠀
Ես էլ մտածեցի՝ կարող եմ սա Հայաստանում ցույց տալ։ Բայց ինչո՞ւ պիտք է որևէ մեկին ձերբակալեին Հայաստանում։ Հետո իմացա հայրենադարձության մասին, սկսեցի ուսումնասիրել։ Գիտե՞ք, բազմաթիվ մարդիկ էին եկել այստեղ՝ իրենց հայրենիքը, արմատները գտնելու, սակայն դրա փոխարեն բոլորովին այլ երկիր էին ընկել։ Շատերը հիասթափվեցին, շատերին իսկապես ուղարկեցին Սիբիր։
— Բայց այն նախապատմությունը, որը պատմեցիք, Հայաստանո՞ւմ էր տեղի ունեցել։
⠀
— Ոչ։
⠀
— Ես ինքս չեմ ապրել ԽՍՀՄ-ում։ Բայց երբ ձեր ֆիլմի սյուժեն պատմեցի մայրիկիս, նա ասաց, որ նման բան պարզապես չէր կարող լինել, և որ դուք ամերիկացի եք, դրա համար եք «զրպարտում» ԽՍՀՄ-ն։
⠀
— Կարո՛ղ էր։ Ես շատ եմ ուսումնասիրել այս թեման։ Օրինակ, կար մի պատմություն, երբ մարդուն ոչ մի կերպ չէին ընդունում հասարակության մեջ, որովհետև նա գեղեցիկ կոստյումներ և փողկապ էր կրում։ Այդ ժամանակ այստեղ ոչ ոք փողկապ չէր կրում։ Իսկ Տիգրանի պատմությունն իրական է․ մեր պրոդյուսերներից մեկի պապիկին իսկապես Սիբիր էին աքսորել՝ եկեղեցիներ նկարելու համար։
⠀
Իհարկե, գրաքննությունն ու այն պատճառները՝ թե ում ինչպես և ինչու են պատժել, քաղաքական էին․ բոլորին չէին աքսորում եկեղեցի նկարելու համար։ Իսկ հայրենադարձներին ընդհանրապես այլ կերպ էին վերաբերվում։ Եվ խնդիրը ոչ միայն պաշտոնյաներն էին, այլև տեղացիները՝ հայաստանցիները։ Նրանք ատում էին հայրենադարձներին, որովհետև վերջիններս շատ փող և տարբեր գեղեցիկ իրեր ունեին։ Մի պատմություն պատմեմ, որը ֆիլմում տեղ չգտավ․ մարդը, կարծեմ, Լիբանանից էր եկել, և գեղեցիկ վերարկու ուներ։ Այդ վերարկուով հացի հերթում էր կանգնած, մարդիկ իրար հրմշտում էին։ Իսկ երբ նա տուն եկավ, պարզվեց, որ հերթում ինչ-որ մեկը քառակուսի կտոր էր կտրել իր վերարկուից։
⠀
— Արդյո՞ք տեղացիների և նորեկների այդ «ատելության» ակնարկն է այն տեսարանում, երբ բանտում մեկ այլ հայրենադարձ ասում է Չարլիին․ «Ասոնք իսկական հայեր չեն»։
⠀
— Ո՜չ, սա ուրիշ պատմություն է։ Հիշո՞ւմ եք, բանտում ծեծկռտուք է սկսվում, ու այդ մարդը ասում է Չարլիին․ «Եթե ուզում ես իրական հայերին տեսնել, մենք սա՛ ենք»։
⠀
Ես հետաքրքրված չեմ քաղաքական հարցերով, ես ուզում եմ մարդկային պատմություններ ցույց տալ։ Իրոք կան բազմաթիվ մարդիկ, ովքեր անցել են այս ամենի միջով, և ես որևէ կերպ չեմ ուզում վիրավորել կամ ծաղրել նրանց։ Շատ կարևոր է հասկանալ, որ սա պատմական ֆիլմ չէ, ոչ էլ վավերագրություն է։ Ես փորձում եմ գեղարվեստական ֆիլմ նկարել՝ պոեզիա, ու սա ավելին է, քան պարզապես փաստերը։
⠀
Իսկ մյուս կողմից նույնիսկ Ազգային կինոկենտրոնում սցենարի վերաբերյալ բազմաթիվ հարցեր առաջացան։ Օրինակ, ինձ հարցրեցին՝ ինչո՞ւ է Դմիտրին ռուս։ Ինձ հիմա ռուսամետ են անվանում, որովհետև ֆիլմում ռուս դերասան է նկարահանվել։ Բայց ինձ համար դա կարևոր է։ Որովհետև եթե իմ հերոսը ռուս է, դերասանն էլ պետք է ռուս լինի։ Ես չեմ ուզում ամերիկացի մի տղայի բերել, ով շատ վատ ռուսերենով կփորձի մի բան ասել։ Դա ճիշտ չէ՛։
⠀
— Ձեր պրոդյուսեր Արման Նշանյանը փառատոնի բացման արարողությանն ասել էր, որ սա հայկական արտադրություն է։ Հիմնականում նշում են Ազգային կինոկենտրոնը և The People of Ar Productions ընկերությունը։ Բայց մյուս կողմից այլ հարց է առաջանում․ դուք՝ որպես ռեժիսոր, Հայաստանից չեք, ԱՄՆ-ից եք, և ամեն դեպքում ամերիկյան դպրոցի կրողն եք։ Ուրեմն արդյո՞ք սա հայկական ֆիլմ է, թե՞ ամերիկյան ֆիլմ, որը նկարահանվել է Հայաստանում։
⠀
— Չգիտեմ․․․ Այո, ես ֆիլմի շարժիչ ուժն եմ՝ ռեժիսորը, սցենարիտը և գլխավոր դերակատարը, ու ես հայ եմ։ Այո, ես այստեղ չեմ ծնվել, բայց դա իմ ընտրությունը չէր։ Եվ հարցն իրականում նրանում է՝ արդյո՞ք դուք Սփյուռքը համարում եք Հայաստանի մի մաս, թե ոչ։ Որովհետև մնացած բոլոր դերակատարները, նկարահանող ամբողջ անձնակազմը հայ են։ Իսկ ես այն ռեժիսորներից չեմ, ովքեր ասում են՝ ամեն ինչ պետք է այսպես և այսպես լինի։ Իմ թիմը ներառված էր ֆիլմի ստեղծման բոլոր փուլերում։
— Իսկ ինձ թվում է՝ հարցը նրանում է, թե ի՞նչ է հայկական կինոն։ Այո, դուք կարող եք ասել՝ ֆիլմը Հայաստանում է նկարահանվել, բոլոր դերասանները հայեր են, ապրե՜ն հայերը։ Բայց փաստացի մենք այսօր ունենք հայ ռեժիսորներ՝ Հայաստանից, թե Սփյուռքից, կարևոր չէ, բայց չունենք հայկական կինո՝ որպես առանձին ուղղություն։ Թե՞ ունենք։
⠀
— Ենթադրենք հայկական կինո չկա, ուրեմն եկեք հիմա՛ ստեղծենք այն։ Հավաքենք մարդկանց, ֆիլմեր նկարենք, գտնենք մեր ձայնը կինոյում։ Որովհետև լավ ֆիլմը լավ ֆիլմ է։ Այսքան բան։