Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը կրկին ցուցադրվեց «Ոսկե Ծիրանի» շրջանակում։ Ու մինչ երևանյան կինոմանները գլուխ էին գովում՝ ֆիլմը երրորդ, թե չորրորդ անգամ են դիտում, ձեր խոնարհ ծառան հազիվ կարողացավ գոնե առաջին անգամ այն տեսնել։ Այնպես որ այսօր կարծիքս աննախադեպ միամիտ է, նույնիսկ՝ սևագիր, բայց և անչափ անկեղծ։
ԵՐԲ ՈՐ ՔԱՄԻՆ ՀԱՆԴԱՐՏՎԻ
⠀
Ռեժիսոր՝ ՆՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Սցենարի հեղինակներ՝ ՆՈՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ԷՄՄԱՆՈՒԵԼ ՊԱԳԱՆՈ
Պրոդյուսերներ՝ ՋՈՒԼԻ ՓԱՐԱՏՅԱՆ, ԱՆԻ ՈՐՍԿԱՆՅԱՆ, ԱՆԱԲԵԼ ՆԵԶՐԻ
Դերերում՝ ԳՐԵԳՈԱՐ ՔՈԼԻՆ, ՀԱՅԿ ԲԱԽՐՅԱՆ, ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ, ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Արտադրությունը՝ Sister Productions, anEva production, Kwassa Films
Այս ֆիլմն անկախության տարիների հայկակն առաջին իրական կինոհաջողությունն է համարվում, քանի որ առաջինն է ցուցադրվել Կաննի կինոփառատոնին, այն էլ՝ միանգամից երկու ծրագրում (The First Features` առաջին խաղարկային լիամետրաժ ֆիլմ, և ACID)։
⠀
Սա պատմություն է աուդիտոր Ալենի մասին, ով եկել է Արցախ՝ Ստեփանակերտի օդանավակայանը ստուգելու։ Մեծ հաշվով նրա որոշումից ոչինչ կախված չէ, նա ընդամենը պետք է եզրակացություն ներկայացնի ԼՂՀ կառավարությանը, որն ապա պետք է ընդունի ռիսկի դիմելու կամ չդիմելու որոշումը, սակայն փոքրիկ օդանավակայանի և փոքրիկ երկրի բնակիչները պտտվում են իր շուրջ՝ դրական պատասխանը ստանալու հույսով։ Ժամանակ առ ժամանակ, օդանավակայանի տնօրեն Կորյունի, իր վարորդ Սեյրանի և մնացած բոլորի՝ իր խղճահարությունն արթնացնելու փորձերից (հուսով եմ) հոգնած, միայնակ թափառելիս Ալենը հանդիպում է փոքրիկ Էդգարին, ով մեծ պլաստիկե շշերով «կախարդական» ջուր է վաճառում Ստեփանակերտի բնակիչներին, բայց հրաժարվում վաճառել իր ժառանգած մի թիզ արցախյան հողը, նույնիսկ երբ տատիկն է փորձում համոզել իրեն։
⠀
Ռեժիսորի խոստովանությամբ՝ Էդգարի կերպարն իր համար «հույս բերողն է»․ շշերում, որոնք նա լցնում է օդանավակայանի ծորակից, արցախցիների՝ սեփական երկիրն ու երկինքը, թռչելու սեփական իրավունքն ունենալու հույսն է։ Բավականին ընթեռնելի խորհրդանիշ․ փոքրիկ երկիր՝ փոքրիկ Էդգար, փոքրիկ օդանավակայան, բայց մեծ երազանք։

Վատն այն է, որ խորհրդանիշներից բացի ֆիլմում ոչինչ չկա։ Ոչ մի հերոս իսկապես կենդանի չէ, որովհետև այս սիմվոլիկ համակարգում բոլորը որոշակի դեր են կատարում։ Ու վերջ։
⠀
Եթե շատ մակերեսային դիտենք, Ալենի և արցախցիների պատմությունը «եկվորների» այդքան հաճախ հանդիպող սյուժեի նոր մարմնավորումն է․ «եկվորը» գալիս է Փարիզից, ԱՄՆ-ից, Մարսից՝ կարևոր չէ, նրան շրջապատող նոր իրականությունն անհասկանալի է և գուցե վայրենի, սկզբում նա զարմանում է, գուցե՝ բարկանում, բայց ի վերջո ընկերանում է այդ նոր մարդկանց և իրականության հետ, սկսում հասկանալ, սիրել ու պաշտպանել այն։ (Կարող ենք նույնիսկ ասել, որ Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվին» և Ջեյմս Քեմերոնի «Ավատարը» բարեկամներ են)։
⠀
Ալենի դեպքում կոնֆլիկտն ավելի է սրվում, որովհետև նա սովորական «եկվոր» չէ, նա, եթե կուզեք, ռևիզոր է։ Սակայն ոչ դրամատիկ, ոչ էլ կատակերգական զարգացում, ինչպես Գոգոլի մոտ, այդպես էլ չի ստացվում։ Սյուժեն պարզապես չի զարգանում․ հերոսին համապատասխան իրավիճակների մեջ դնելու փոխարեն հեղինակները շրջապատում են նրան ճակատային դիալոգներով։ Օդանավակայանի տնօրենը պատմում է արցախցիների երազանքի մասին, գեղեցկուհի լրագրողն արխիվային կադրեր է ցույց տալիս ու պատմում այս օդանավակայանում իր առաջին թռիչքի մասին, հարբած Սեյրանն է բողոքում, որ հայերը հողը պահել չգիտեն։ Բոլորը պատմում են, պատմում, պատմում, բայց ոչ ոք ոչինչ չի անում։ Ֆիլմում «գործունյա» են միայն Ստեփանակերտի երեխաները, ովքեր պատահաբար հրդեհում են ամռան տապից չորացած խոտը և ում պատճառով դաշտը պետք է այրվի, մինչև քամին հանդարտվի։
⠀
Հա՜։ Մի անգամ էլ Ալենն է փորձում կոտրել այս «պատումային» ձևաչափը ու չգիտես ինչի համար գնում է սահամանգիծ (իբրև թե սահմանի հեռու կամ մոտ լինելը ստուգելու համար), մի գիշեր անցկացնում անտառում մենակ, իսկ հետո․․․ Հետո ոչինչ։

Եվ հենց այն պատճառով, որ հերոսները ոչինչ չեն անում, իրենց պատմություններն էլ են արհեստական։ Կենդանի են ստացվել միայն այն կերպարներն ու տեսարանները, որոնք, կարծես թե պետք է «սպասարկեին» հիմնական սյուժետային գիծը․ Սեյրանի այցելությունը ծննդատուն, քաղաքի բնակիչների՝ Էդգարի «կախարդական» ջուրը գնելը, օդանավակայանի հավաքարարի բարձրաձայն բողոքը, որը խանգարում է տնօրինության ժողովը, երեխաների խաղը մենակյաց վետերանի իսկական զինամթերքով։ Այս տեսարաններում իսկապես կա Արցախի ողջ հմայքը, համն ու հոտը, ավելին, երևում է այն կայծը, որն այսքան տարի այդ մի բուռ մարդկանց պահում է թշնամով շրջապատված այդ մի թիզ հողին։ Մնացյալն ունայնություն է՝ ֆրանսիացի Ալենի և հանդիսատեսի խղճահարությունն առաջացնելու (հուսով եմ) անհաջող փորձ։
⠀
Եվ ինչպես արցախցիների՝ սեփական երկինքն ունենալու երազանքն է մնում օդում կախված, այդպես էլ հետանկախության մեր կինոյի ամենամեծ ձեռքբերումը մնում է հայ կինոյի այդպես էլ չիրականցված երազանքը՝ մտքով թռչելու․․․
Հեղինակ՝ Սոնա Արսենյան