ՄԱՐԻՆԱ ՌԱԶԲԵԺԿԻՆԱ։ ՄԵՆՔ ԺԱՄԱՆԱԿԻ ՎԿԱՆԵՐՆ ԵՆՔ ՈՒ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԴՐՍԻՑ ՎԿԱՅԵԼ

Այս տարի «Ոսկե Ծիրանի» «Տարածաշրջանային համայնապատկեր» ծրագրի ժյուրիի կազմում էր հայտնի ռեժիսոր, վավերագրող, դոկ․կինոյի իր սեփական մեթոդաբանության և դպրոցի հիմնադիր Մարինա Ռազբեժկինան։ Վաղ առավոտյան ներխուժելով միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամի գերզբաղված առօրյան՝ կարճ զրույց ունեցա Մարինա Ալեքսանդրովնայի հետ օձերի, ռեժիսորի ճիշտ դիրքորոշման և ժամանակի վկայի առաքելության մասին։

— Շատ շնորհակալ եմ Փառատոնին՝ ձեզ հետ զրուցելու հնարավորության համար։ Բայց, վախենամ, զրույցս առավոտ շուտ մի փոքր տխուր է լինելու։ Սկսենք «փիլիսոփայական» մի հարցից․ հնարավո՞ր է, արդյոք, կինոյում ճշմարտությունը ցույց տալ։

— Հասկանո՞ւմ ես, դա փիլիսոփայական հարց չէ։ Որովհետև նախևառաջ պետք է բնորոշենք՝ ինչ բան է ճշմարտությունը։ Ես չգիտեմ՝ դա ինչ է, ու չգիտեմ՝ ինչպես պատասխանել քո հարցին։ Որովհետև այն, ինչ ոմանք ճշմարտություն են համարում, մյուսները չեն համարում։ Սա տերմինաբանության անորոշությունն է․ ինչպես մաթեմատիկայում կան անլուծելի խնդիրներ, այդպես էլ այս հարցը պատասխան չունի։ Դոկումենտալ կինոյում մենք երբեք չենք օգտագործում «ճշմարտություն» բառը։ Համենայն դեպս նրանք, ովքեր լուրջ են վերաբերվում իրենց մասնագիտությանը։

— Իսկ ո՞ր բառն եք օգտագործում։

— Մենք ընդհանրապես տերմիններ՝ եզրեր չենք օգտագործում։ Ես կարծում եմ, որ եզրաբանությունը միշտ «երկերեսանի» է։ Տերմինների օգնությամբ կարող ես ցանկացած հարցի պատասխանել, բայց դա չի նշանակում, որ իսկապես կարևոր բան ես ասել։

Բայց ինքս մի «տերմին» եմ բերել դոկումենտալ կինո (ու շատ եմ հպարտանում դրանով), կոչվում է «օձի զոնա» («зона змеи»)։ Խոսքը մարդու՝ ուրիշի իրականությանը մոտենալու մասին է։ Որովհետև դու՝ որպես ռեժիսոր, ունես քո՛ իրականությունը, իսկ մարդը, ում դու նկարում ես՝ իրե՛նը։ Եվ ինչպե՞ս պետք է բաց չթողնես իր իրականությունը, երբ այն «հեռարձակում» ես քո սեփական իրականությունից։ Դժվար հարց է։

Յուրաքանչյուր մարդ որոշակի սահման ունի, որից այն կողմ ոչ ոքի չի թողնում։ Հենց դա էլ կոչվում է «օձի զոնա»։ Միշտ պատմում եմ՝ ինչպես հորինեցի այս եզրը։ Երիտասարդ ժամանակ շատ էի արշավների գնում կենսաբանների հետ։ Այն ժամանակ կինոյով չէի զբաղվում, պարզապես քարշ էի գալիս նրանց հետևից։ Իրենք ինձ համար բեյջ էին սարքել՝ Observer, հետևող։ Այդպես էլ ամբողջ կյանքում «օբսերվեր» մնացի, որովհետև դոկումենտալ կինոյում էլ ես դու միայն հետևում։

Եվ այդ կենսաբանների մեջ մի տղա կար, որ օձերով էր զբաղվում։ Ու երբ պետք է որևէ տեղ մեկներ, ստիպված օձերին իր հետ էր տանում, որովհետև տանը՝ Մոսկվայում, ոչ ոք չէր ուզում դրանց հետ մնալ։ Ընդ որում «լուրջ» օձեր էին, մեկն, օրինակ, հսկայական կոբրա էր։ Ու իհարկե, ոչ ոք չէր ուզում իր հետ նույն վրանում քնել, չնայած մենք շատ քիչ վրաններ ունեինք։ Ինքն էլ անընդհատ ասում էր՝ երեխե՜ք, մեկնումեկդ եկեք ինձ մոտ։ Ու ասում էր՝ ես ուզում եմ, որ դուք ծանոթանաք օձերի հետ, նրանք շատ ինտելիգենտ են։ Ես էլ խղճացի նրան ու որոշեցի «ծանոթանալ»։ Նա հանեց այդ հսկայական, գեղեցիկ կոբրային ու ասեց՝ հինգ մետր հեռու կանգնիր։ Ես կանգնեցի։ Հիմա մոտեցիր։ Ես մի քայլ արեցի․ կոբրան պառկած էր։ Մի քիչ էլ մոտեցա, պառկած էր։ Մի քայլ էլ արեցի․ կոբրան գլուխը բարձրացրեց ու առաջ նետվեց։ Տղան ասեց՝ այ այստեղ կանգ առ, սա «օձի զոնան» է։ Տեսնո՞ւմ ես, ինչ քաղաքավարի է, կարող էր միանգամից կծել, բայց զգուշացրեց, որ չմոտենաս։

Ստացվում է, ես նույնիսկ տերմինի հեղինակը չեմ, այդ տղան է հեղինակը, իսկ ես նրա անունն էլ չեմ հիշում։ Բայց երբ տասնյակ տարիներ անց սկսեցի ռեժիսուրայով զբաղվել, հիշեցի նրա «օձի զոնան» ու հասկացա, որ սա արժեքավոր մի բան է։ Որովհետև յուրաքանչյուրս իր զոնան ունի։ Ու խոսքն արևմուտքում ընդունված Privacy-ի մասին չէ, որովհետև դա արդեն իրավաբանական տերմին է՝ Privacy բոլորն ունեն, ծնվել ես, արդեն Privacy-ի իրավունք ունես։ Իսկ «օձի զոնան» բոլորի մոտ տարբեր է։ Մարդ կա, երկու կիլոմետրից այն կողմ քեզ տեսախցիկով չի թողնի, մարդ էլ կա՝ ընդհանրապես չունի այն։ Որպես կանոն, սոցիալական ցածր խավերին պատկանող մարդիկ «օձի զոնա» չունեն։ Այդ դեպքում դու կարող ես այսպես մոտեցնել տեսախցիկը։ (Ձեռքը մոտեցնում է դեմքիս, ես ցնցվում եմ։) Տե’ս, սահմանս անցա։ (Հեռացնում է ձեռքը։) Բայց հենց այդպես կարող ես մոտեցնել, ու նրանք ընդհանրապես չեն զգում տեսախցիկը, տեսնում են (որովհետև մենք երբեք թաքնված տեսախցիկով չենք նկարում), բայց չեն զգում։ Ու երբ սկսում ես անծանոթ մարդու հետ շփվել, պիտի հասկանաս՝ ինչպիսին է իր «օձի զոնան», որ միանգամից սահմանը չանցնես։

— Բայց հետո միևնույն է մտնելու ես այդտեղ։

— Հետո շա՜տ դանդաղ պետք է մտնես։ Պետք է այնպես անես, որ ուրիշը դառնա քոնը, կամ օտարը դառնա ուրիշ։ Տարբերությունը հասկանո՞ւմ ես։ Սկզբում նա օտար է, հետո՝ ուրիշ։ Եվ ուրիշի հետ կարելի է խոսել, իսկ օտարի հետ՝ բարդ է։ Մեր նպատակը օտարին ուրիշ դարձնելն է։ Երբեմն էլ դու շատ ես մոտեում, բայց ձեր միջև միևնույն է որոշակի տարածություն կա։ Որովհետև դու չես կարող վկայել նրա մարմնից՝ նրա անձից, իսկ ինքը չի կարող դառնալ դու։ Ուրեմն պետք չէ մարդուն խաբել, թե դու իր մոտ ընկերն ես, ո՜չ։ Դա իսկապես բարդ է։ Բայց վերջերս իմ ուսանողները շատ արագ են հաղթահարում այդ տարածությունը։ Եթե նախկինում դրա համար երկու շաբաթ էր պետք, հիմա երեք օր անց նրանք արդեն նկարում են։ Զարմանալի է։

Տեսնո՞ւմ ես, այսքան խոսեցինք, իսկ ես ոչ մի եզր չեմ օգտագործել, նույնիսկ՝ «ճշգրտություն» բառը։ Ի՞նչ բան է ճշգրտությունը, ի՞նչ իմանաս։ Որովհետև իրականության մեջ մի քանի միջնորդ կա։ Առաջինը դու ես՝ քո տեսակետով, քո օպտիկայով, հետո՝ իրական օպտիկան, տեսախցիկը, նաև՝ ռակուրսը։ Նույնիսկ այն անկյունը, որն ընտրում ես տեսախցիկը դնելիս, արդեն փոխում է ճշգրտության մակարդակը։ Դրա համար էլ խոսքը երբեք չի գնում ճշմարտության մասին։ Օրինակ, իմ ուսանող Մադինա Մուստաֆինան նկարահանել է «Միլանա» ֆիլմը։ Տեսե՞լ ես։

— Չէ․․․

— Համացանցում կա, կարող ես նայել։ Մադինան նկարում էր մի ընտանիք, որ տունը կորցրել էր ու ապրում էր գետի ափին։ Աղբանոցից բազմոց էին գտել ու այդպես ապրում էին։ Ընտանիքում փոքրիկ Միլանան է, նրա մայրը՝ հարբեցող Սվետան ու նրա երկու ընկերները՝ երկուսն էլ հարբեցող։ Ֆիլմում մի տեսարան կա, որ բոլորին ապշեցնում է։ Սվետան Միլանային սովորեցնում է «մաքրասեր» լինել։ Մայրը ապտակում է Միլանային։ Բայց աղջիկը չի փախչում։ Իսկ Մադինան իր տեսախցիկով կանգնած է հենց դիմացը ու չի շարժվում․ ութ րոպեանոց տեսարան է, բայց կադրը չի փոխվում։ Մայրը ավելի հաճախ և ավելի ուժեղ է ապտակում։ Իսկ աղջիկը բռնում է նրա ձեռքն ու ասում․ «Պետք չի, մա՜մ, ես դեռ մեծ չեմ»։

Ու մարդիկ հարցնում էին՝ բա ո՞րն է ռեժիսորի դիրքորոշումը, նա պետք է պաշտպանե՜ր Միլանային։ Հիմարությո՛ւն։ Ռեժիսորի միջամտությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հերոսին մահացու վտանգ է սպառնում, իսկ դու հաստատ գիտես, որ կարող ես օգնել։ Որովհետև եթե դու փրկում ես մարդուն դաժանությունից, ամբողջ կյանքում պատասխանատու ես նրա համար։ Պատրա՞ստ ես նրան անընդհատ փրկել։ Այդքան ուժ ունե՞ս։ Որպես կանոն՝ չունե՛ս, ու եկեք ինքներս մեզ չխաբենք։

Այնպես որ Մադինան շատ ճիշտ է իրեն պահում։ Նա վկա է ու վկայում է առանց տեսախցիկը շարժելու։ Ես շատ լավ եմ պատկերացնում՝ ինչպես մեկ այլ դպրոցի ռեժիսոր արագ կփոխեր իր դիրքը, խոշոր պլանով կնկարեր՝ ինչպես է Մադինան մոր ձեռքը բռնել, խոշոր պլանով աղջկա աչքերը, հետո՝ մոր աչքերը։ Մեզ մոտ այս ամենն արգելված է, որովհետև դա հանիդսատեսին ճնշելու գործիք է։ Որովհետև խոշոր պլանը ազնիվ չէր լինի․ ես կճնշեի քեզ, դու լաց կլինեիր։ Բոլորը սիրում են հանդիսատեսի այդ լաց լինելը, իսկ ինձ համար դա ընդհանրապես կարևոր չէ։ Եթե դու անընդհատ «զռում» ես, պիտի նյարդերդ բուժես։ Մադինայի դիրքորոշումն այստեղ այն է, որ նա չի փորձում «գեղեցիկ» ներկայացնել նյութը, որովհետև եթե փորձեր գեղեցիկ ցույց տալ դա, չէր լինի հերոսին կարեկցող մեկը։ Իսկ ինքը կարեկցում էր, բայց հասկանում, որ վկա է, ոչ թե մասնակից։

Հետաքրքիր է, որ աղջիկն էլ էր հասկացել, որ Մադինան երբեք չի խառնվելու։ Մի տեսարան էլ կա, երբ աղջիկը սկսում է բղավել՝ եկե՜ք, նա կախվո՜ւմ է (մոր մասին է ասում), բայց ոչ ոք չի գալիս, որովհետև բոլորը գիտեն, որ Սվետան շաբաթը մեկ կախվում է։ Միայն աղջիկը չգիտի։ Ու նա գոռում է՝ եկե՜ք, եկե՜ք։ Տղամարդիկ զզվել են արդեն, փնթփնթում են։ Բայց աղջիկը տեսախցիկին չի ասում դա, նա գիտի, որ խցիկը իրեն չի օգնի, իսկ հարբած տղամարդիկ կօգնեն։
Ահա թե ինչ պիտի անի վկան «օձի զոնայում»։ Ու դա շատ ճիշտ տարածություն է, որովհետև այդտեղից դուրս իրականությունը փոխվում է։ Իսկ այստեղ հնարավոր է իրականության հետ որոշակի շփում, որը մենք ներկայացնում ենք՝ որպես կոնկրետ ռեժիսորի տեսլականը, որովհետև ուրիշ ռեժիսոր ա՛յլ իրականություն կտեսներ։

— Այսինքն, դուք չեք փորձում օբյեկտիվ լինել։ Ես շատ էի մտածում այս մասին․ Ռազբեժկինայի դպրոցում սա արգելված է, նա արգելված է, չի կարելի թաքնված տեսախցիկով նկարել, չի կարելի zoom անել, չի կարելի շտատիվով նկարել, գուցե սա օբյեկտիվ լինելու փո՞րձ է։ Բայց չէ՞ որ դու ի վերջո մոնտաժելու ես նյութը, ու սա միևնույն է քո տեսակետն է միայն։

— Մենք չենք էլ փորձում օբյեկտիվ լինել։ Ես առաջին իսկ դասից ասում եմ, որ արվեստը չի կարող օբյեկտիվ լինել։ Արվեստը միշտ քո՛ իրականությունն է, այստեղ համընդհանուր իրականություն չկա։

— Ասում են, որ հիմա մենք «հետճշմարտության» դարաշրջանում ենք ապրում։ Ի՞նչ է դա նշանակում վավերագրողի համար։

— Ինձ համար ոչինչ չի նշանակում։ Սա էլ է մի սուտ տերմին։ Ասեցի, չէ՞, եզերերով շատ հեշտ է խոսել ու ոչինչ չասել։

— Կարո՞ղ ենք ասել, որ ժամանակակից մեդիան հնարավորություն է տալիս մեզ մանիպուլացնել դիտողին, իսկ միևնույն ժամանակ ճշգրիտ ինֆորմացիան տեղ հասցնելը դադարել է կարևոր լինել։

— Դե, ցանկացած արվեստ մանիպուլացիա է։ Կամ էլ մանիպուլացիա չէ՜։ Որովհետև մարդու՝ իր անձնական տարածքից դուրս գալն էլ կարելի է մանիպուլացիա համարել։ Ենթադրենք, կինն առավոտյան զարթնել է ու անմիջապես սկսում է իրեն տեսքի բերել։ Ու հանկարծ թափթված մեկից նա դառնում է գեղեցկուհու։ Ի՞նչ է սա, մանիպուլա՞ցիա։ Գուցեև ոչ, որովհետև այդ կինը և՛ այսպիսինն է, և՛ այսպիսին։

Դրա համար էլ ես չեմ սիրում այդ բառը՝ «հետճշմարտություն»։ Ի՞նչ է, առաջ ճշմարտություն կար, իսկ հիմա «հետճշմարտությո՞ւն» է։ Չէ՜, առաջ էլ այդ ճշմարտությունը չկար։ Դեռ մի բան էլ ավելի քիչ էր, որովհետև ամեն տեղ չէիր կարող նկարել, հսկայական տեխնիկան ամեն տեղ չէիր կարող տանել։ Ես հիշում եմ այդ ժամանակները։ Մենք նկարում էինք «Դրուժբա» տեսախցիկով, որը 500 կգ էր։ Այն հնարավոր չէր չտեսնել, դրան հնարավոր չէր սովորել։ Ու իմ կինոն չէր կարող լինել այդ ժամանակ՝ այդ տեսախցիկներով։ Իսկ այսօր կան փոքրիկ խցիկներ, ու մենք կարող ենք մոտենալ հերոսին ու նաև՝ ճշմարտությանը։

— Այսօր աշխարհում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ մեկի տեսակետը կարող է «անհարմար» լինել մյուսներին։ Ինչպիսի՞ն եք տեսնում ձեր դպրոցի՝ ձեր այդ ազնիվ կինոյի ապագան այս նոր իրականության պայմաններում։

— Կա մի բան, որն ինձ համար անխախտ է՝ ինչ եղանակ էլ լինի։ Դա մարդու կյանքն է․ ոչ ոք իրավունք չունի խլել այն։ Դու իրավունք չունե՛ս ոչնչացնել ուրիշ մարդու՝ մարդ լինես, թե պետություն։ Ու մենք, իհարկե, նրանց կողմից ենք, ում այսօր սպանում են։ Բայց մենք, մյուսների պես, չենք կարող հեռանալ, ավելի «բարենպաստ» դիրք գրավել, որովհետև մենք մեր ֆունկցիան պիտի կատարենք։ Մենք ժամանակի վկաներն ենք, ու պետք է վկայենք՝ «օձի զոնայից», ոչ թե դրսից։

Հեղինակ՝ Սոնա Արսենյան

Оставьте комментарий