Ավրորայի լուսաբացը։ Դիպուկ պատմության մաթեմատիկական հաշվարկը

Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» վավերագրական անիմացիոն ֆիլմը միակ հայկական նախագիծն էր, որն այս տարի [2022 թ-ին] ընդգրկվեց «Ոսկե Ծիրանի» Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում և ավելին՝ արժանացավ «Արծաթե ծիրան» պատվավոր մրցանակի։

ԱՎՐՈՐԱՅԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ

Ռեժիսոր՝ ԻՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Սցենարի հեղինակներ՝ ԻՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ, ՔԵՐՍԹԻՆ ՄԱՅԵՐ-ԲԵՑ, ՊՅՈՏՐ ԼՅԱԽՈՎ

Պրոդյուսերներ՝ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՔՐԻՍՏԻԱՆ ԲԻՑ, ՅՈՒՍՏԵ ՄԻԽԱՅԼԻՆԱՅՏԵ, ԿԵՍՏՈՒՏԻՍ ԴՌԱԶԳԱՈՒՍՏԱՍ, ԷՐԻԿ ԻՍՐԱԵԼՅԱՆ, ԻՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ

Դերերում՝ ԱՆԺԵԼԻԿԱ ՀԱԿՈԲՅԱՆ, ԱՐՓԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Արտադրությունը՝ Bars Media, Gebrueder Beetz Filmproduktion, Artbox Laisvalaikio Klubas

Ֆիլմը ստեղծվել է Զորյան ինստիտուտի ակադեմիական ներդրման շնորհիվ․ ֆիլմի հիմքում ինստիտուտի «Բանավոր պատմության» արխիվն է։

Ֆիլմը պատմում է Արշալույս Մարտիկանյանի մասին, ով ոչ միայն կարողանում է փրկվել Ցեղասպանության արհավիրքից, այլև հասնում է ԱՄՆ և բարձրաձայնում դաժան իրականությունը՝ նկարահանվելով իր իսկ հուշերի հիման վրա ստեղծված «Խոշտանգված Հայաստան» հոլիվուդյան ֆիլմում։ Ֆիլմը լույս է տեսնում 1919 թ-ին և շատ արագ տարածվում է Նահանգներում։ Մասնակցելով  գովազդային լայնածավալ արշավին Ավրորան նորից ու նորից վերապրում է իրեն և իր ընտանիքին բաժին հասած դաժան իրականությունը։ Ֆիլմը վերջանում է առեղծվածով․ ժամանակին հայտնի կինոնկարի բոլոր օրինակներն անհետանում են։⠀

Իսկապես, «Խոշտանգված Հայաստան» լիամետրաժ ֆիլմի միայն մի փոքր մասն է այսօր հասանելի համացանցում, այնպես որ «Ավրորայի լուսաբացն» իր բազմաթիվ արժանիքներից բացի արժեքավոր է նաև նրանով, որ վերջապես հանդիսատեսին հնարավորություն է տալիս լավ որակով մեծ էկրանին տեսնել հատվածներ այդ ֆիլմից։ Բայց ավելի ճիշտ կլիներ սկսել բազմաթիվ արժանիքներից։⠀

Երկար ժամանակ է «հանրապետությունում խոսում են», որ մեր խաղարկային կինոն շատ վատ է զարգանում (ասում են՝ փող չկա, կամ էլ՝ համապատասխան կադրեր), փոխարենն ունենք տաղանդավոր վավերագրողներ ու դեռևս խորհրդային տարիներին ձևավորված անիմացիայի ինքնատիպ «շկոլա» (այդ շկոլայի քանի՞ տոկոսն է այսօր ներկա հայաստանյան կինոդաշտում դեռ հարցական է, բայց փաստը մնում է փաստ՝ դա գոնե ունենք, կամ՝ ունեինք)։ Եվ հետաքրքրասեր հանդիսատեսին գուցե հուզում է այն հարցը՝ եթե ունենք տաղանդաշատ վավերագրողներ և անիմատորներ, հապա ինչո՞ւ չունենք վավերագրական անիմացիայի ժանրում հետաքրքիր նախագծեր։ Այսինքն՝ չունեինք։

Թեպետ հարցի պատասխանը պարզ է՝ վավերագրական անիմացիայի համար հա՛մ դոկումենտալ, հա՛մ խաղարկային կինոյի ճաշակ է պետք։ Ավելին՝ դրանք համատեղելու, ներդաշնակելու կարողություն։ Ժամանակին կինոյի այս երկու ժանրի վարպետներ Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաուն և Ռոբերտ Ֆլաէրտին չկարողացան դա անել, որովհետև երբեմն նույն լեզվի երկու ճյուղերը ոչ մի կերպ իրար հետ լեզու չեն գտնում, ու հայերիս դա ավելի քան ծանոթ է։ Սակայն «Ավրորայի» դեպքում դա կարծես թե հաջողվեց․ վավերագրական և անիմացիոն հատվածները շատ ճիշտ բալանսի բերելով ֆիլմը շեղբի ծայրով է անցնում ու չի կաղում՝ ոչ հուզական, ոչ տեղեկատվական մակարդակներում։ Ավելին։ Շատ ճիշտ օգտագործելով անիմացիայի հարուստ հնարավորությունները՝ ֆիլմը զուսպ է մնում թե՛ արտահայտչամիջոցներով, թե՛ իր գունապնակով, թե՛ պատմության տոնայնությամբ և թե՛ վավերագրությունից անիմացիա դիպուկ անցումներով։

«Զուսպ»-ն ինքնաբերաբար եկավ, թեև երկար էի ճիշտ բառը փնտրում։ Առհասարակ հայ արվեստը՝ միջնադարյան ճարտարապետությունից և հոգևոր երաժշտությունից մինչև Սահյանի ստեղծագործությունները, զուսպ է։ Եվ այդ զսպվածության շնորհիվ է, որ «Ավրորայի լուսաբացը» հավատարիմ է հայ արվեստին՝ միևնույն ժամանակ ուղղակիորեն խոսելով ժամանակակից հանդիսատեսի հետ և հակադրվելով ստեղծագործական այն «լաչառությանը», որ վերջին տարիներին ծավալվում էր մասնավորապես Ցեղասպանության թեմայի շուրջ։

Կարճ ասած՝ ֆիլմը անչափ գրագետ ու զուսպ է։

Մյուս կողմից սա ֆիլմ է պատմության ուժի մասին։ Կինոնկարի զգալի հատվածը նվիրված է «Խոշտանգված Հայաստան» հոլիվուդյան ֆիլմի նկարահանումներին և ցույց է տալիս լավ պատմության հզորությունը ցանկացած թեմայի ընկալման և հանրահռչակման գործում։

Կասեք՝ դե դա առանց քեզ ու այս ֆիլմի էլ էր հասկանալի։ Իսկ ես կասեմ՝ հասկանալի է, բայց հայաստանյան նախագծերին նույնիսկ թեթևակիորեն ծանոթանալիս ակնհայտ է դառնում, որ հայ կինոգործիչների աքիլեսյան գարշապարը հենց պատմություն պատմելն է։ Մինչդեռ կինոն ճիշտ սցենարից, ասել է թե՝ կերպարների, սյուժետային գծերի, ասելիքների ու շեշտադրումների ճիշտ զարգացումից է սկսվում։ Երբեմն դա մաթեմատիկական բարդ հաշվարկին հավասարազոր աշխատանք է։ Ու եթե հաշվարկդ սխալ է, մնացած ահռելի աշխատանքդ հօդս է ցնդելու։

Պատմելով Հոլիվուդում ֆիլմ նկարահանելու հերոսուհու փորձառության մասին, ինքը՝ ֆիլմը նույնսպես հոլիվուդյան գծագրով է կառուցվում․ պատմության ոլորանները հերոսուհուն մեկ հաջողության են հասցնում, մեկ ստիպում գահավիժել հուսահատության անդունդը (այս պաթոսագին նախադասությունը ինքս չեմ հորինել, սցենարական վարպետության մի դասագրքից է)։ Եվ հաշվարկն այստեղ շատ ճիշտ է, կարծես սյուժեն վալս է պարում՝ երկու քայլ առաջ, մեկ քայլ հետ։

Միակ խնդիրն այն է — ու սա գալիս է դիտողի (այս դեպքում՝ իմ) նախապաշարմունքից, ոչ թե ֆիլմի կառուցվածքային կամ բովանդակային առանձնահատկություններից, — որ «հուսահատության գահավիժումները» Ցեղասպանության մասին ցանկացած պատմության մեջ միանգամայն բնական ու սպասելի են, և դիտողը (այսինքն՝ ես) ներքին համոզմունք ունի, որ գնալով պատմությունն ավելի ու ավելի դժբախտ պետք է դառնա։ Մինչդեռ դրական իրադարձությունները մտացածին և արհեստական են թվում (քանզի «հայի բախտը» այդպիսի չէր կարող լինել):

Մի առիթով Իննա Սահակյանը նշել է, որ «քանի Ցեղասպանությունը չի ընդունվել, մենք չենք կարողանում մեր միասնական տրավմայից դուրս գալ և այնպե՛ս պատմել մեր պատմությունը, որ ուրիշներն էլ հասկանան»։ Ցավոք, ասվածը ճշմարիտ է նաև հայ հանդիսատեսի դեպքում, որովհետև համաժողովրդական տրավման ապրում է նաև կինոդահլիճում նստած մարդը։ Դրա համար էլ նա միշտ լաց է լինում Ցեղասպանության մասին պատմող ցանկացած ֆիլմ դիտելիս ու չի (չեմ) հավատում երջանիկ ավարտներին, պատմության դրական շրջադարձերին ու լուսավոր պահերին։ Ու եթե պատմություն պատմողներին ժամանակ է պետք Ցեղասպանությունը ոչ թե վերստեղծելու, այլ վերաիմաստավորելո՛ւ համար, ապա հանդիսատեսին էլ ժամանակ է պետք այս դառը պատմության մասին պատմությունները նույնքան անաչառ դիտելու համար, որչափ «կողքից» է նա դիտում ցանկացած այլ պատմություն։

Կարճ ասած՝ ասողին լսող է պետք։

«Ավրորայի լուսաբացը» անաչառ է՝ առանց ավելորդ լաչառության, զոհի կերպար ստեղծելու, խղճահարություն առաջացնելու ու լաց լինողին դուր գալու սրտմաշուք փորձերի։

Բայց արդյո՞ք մենք պատրաստ ենք նման պատմությունների։

Հեղինակ՝ Սոնա Արսենյան

Оставьте комментарий