ԻՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ։ ԵԹԵ ՉԼԻՆԵՐ ԱՎՐՈՐԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ, ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՖԻԼՄ ՉԷԻ ՆԿԱՐԻ

Ավրորա Մարտիկանյանի պատմությունը կենդանացնող «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը հայկական միակ նախագիծն է, որն այս տարի ներառվել էր Ոսկե Ծիրանի լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթում։ Ավելին, 2007 թվականից ի վեր սա առաջին հայկական ֆիլմն է, որն արժանացել է միջազգային ժյուրիի մրցանակի՝ «Արծաթե ծիրանի»։
Ֆիլմի սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր Իննա Սահակյանի հետ զրուցեցինք ֆիլմարտադրության այս երեք կողմերի մասին։


— Նույնիսկ Վիքիպեդիայում է գրված, որ Ցեղասպանությանը նվիրված առաջին՝ «Խոշտանգված Հայաստան», կամ «Հոգիների աճուրդը» ֆիլմը նկարահանվել է դեռևս 1919 թ-ին՝ Ավրորա Մարտիկանյանի հուշերի հիման վրա և իր իսկ մասնակցությամբ։ Ենթադրում եմ՝ ժամանակին հայտնի ֆիմ է եղել, որը, սակայն հնարավոր չէր դիտել։ Ու վերջապես «Ավրորայի լուսաբացում» հայտնվում են պատառիկներ այդ ֆիլմից։ Ինչպե՞ս եք գտել կորած ֆիլմը։

— Չեմ գտել։ Ֆիլմի մի փոքր հատված՝ մոտ 18 րոպե, վաղուց արդեն տեղադրված է YouTube-ում, բայց ամբողջական տարբերակը չի պահպանվել։ Դժվար է ասել՝ ինչու։ Գուցե ժամանակին՝ սխալ պայմաններում պահելու արդյունքում, ժապավենն է փչացել։ Կամ էլ թուրքական լոբբին է լավ աշխատանք կատարել, չգիտեմ։ Իսկ թե այդ 18 րոպեն ինչպես է պահպանվել Ազգային կինոարխիվում, շա՜տ երկար պատմություն է։ 1940-ականներին ֆրանսահայ օպերատոր Երվանդ Սեթյանը (Սինե Սեթո) Մարսելի կինոթատրոններից մեկում գտնում է ժապավենը։ Նա չգիտեր՝ դա ինչ ֆիլմ է, բայց հասկանում է, որ Ցեղասպանության մասին է։ Նա վերամոտնաժում է այն, փոխում անվանումը, որ կարողանա ֆիլմի համար իր անունով վկայական ձեռք բերել, ու ներգաղթում Հայաստան` իր հետ բերելով ժապավենները։ Սակայն ժապավեններից ինչ-ինչ պատճառներով միայն մեկն է հասնում Հայաստան ու պահվում կինոարխիվում՝ «Դեր-Զոր» անվան տակ, բայց ոչ ոք չգիտեր, որ դա հենց Ավրորայի ֆիլմն է։

Իսկ կես դար անց՝ 1994-ին, արգենտինահայ գիտաշխատող Էդուարդո Կոզանլյանը, ով «Հոգիների աճուրդ» ֆիլմի մասին ուսումնասիրություն էր իրականացնում Երևանի կինոարխիվում, տեսնում է ժապավենն ու հասկանում, որ սա հենց այդ ֆիլմն է։ Մեր ֆիլմում մենք օգտագործել ենք պահպանված հատվածների մեծ մասը։ Թեև կար ֆիլմի թվայնացված տարբերակը, ամեն դեպքում մեծ էկրանին ցուցադրելու որակ ապահովելու համար ստիպված էինք նորից վերականգնել ու թվայնացնել ժապավենը։

— Այդ կադրերից հնարավո՞ր է հասկանալ՝ ինչպիսին էր ֆիլմը։

— Հեղինակներն իսկապես հսկայական աշխատանք էին կատարել։ Լիամետրաժ ֆիլմ է՝ մասսայական տեսարաններով, հատուկ կարված զգեստներով, հատուկ շինություններ կառուցելով։ Իր հարցազրույցներում Ավրորան պատմում էր, որ նկարահանել են այն ընդամենը մի քանի շաբաթում, իսկ շինությունները փոքր աղյուսներով էին կառուցում, որ կարողանան արագ քանդել մեկն ու կառուցել մյուսը։

Բայց մենք պետք է հասկանանք, որ նման մասշտաբները բնորոշ են այն նախագծերին, որոնք որևէ գաղափարի տարածման՝ պրոպոգանդային են ծառայում, ու այս ֆիլմը բացառություն չէր։ Նույնիսկ ֆիլմի սցենարը կարդալիս հասկանում ես, որ այն նման մի գործիք էր․ հեղինակներն ուզում էին, նախ, գումար հավաքել՝ հայ որբերին օգնելու համար։ Եվ երկրորդ, ինչը, գուցեև, ավելի կարևոր է՝ այնպես անել, որ ամերիկացիները համաձայնեն նախագահ Վիլսոնի՝ Հայաստանին վերաբերող ռազմավարությանը։

— Եթե մենք այսքան տարի կրկնում ենք, որ Ցեղասպանության ընդունումը մեր ազգային քաղաքականության կարևորագույն կետերից մեկն է, ինչո՞ւ մինչև հիմա Ցեղասպանության մասին նման ֆիլմ, նման պատմություն չունենք։

— Գիտե՞ք, ես չէի ուզենա, որ այսօր մենք նման ֆիլմեր նկարահանեինք Ցեղասպանության մասին, այսինքն՝ որ դա պրոպագանդա լիներ։ Իսկ պատմություններ շատ կան, բայց, երևի, պատմողներ չկան։ Ինձ թվում է, առայժմ, քանի Ցեղասպանությունը չի ընդունվել, մենք չենք կարողանում մեր միասնական տրավմայից դուրս գալ և այլ կերպ պատմել մեր պատմությունը՝ այնպե՛ս պատմել, որ ուրիշներն էլ հասկանան։ Ինքս միշտ ասում էի, որ Ցեղասպանության մասին ֆիլմ չեմ նկարելու։ Ու եթե չլիներ Ավրորայի պատմությունը, չէի նկարի։

— Ինչո՞ւ։

— Որովհետև ես վավերագրող եմ։ Այսօր՝ Ցեղասպանությունից ավելի քան 100 տարի անց, շատ դժվար է Եղեռնը վերապրած հերոս գտնել։ Արխիվային կադրեր էլ չկան, մանավանդ տեսագրություններ։ Ի՞նչ անես։ Ֆիլմը միշտ մարդու մասին է, այն ստացվում է, երբ գտնում ես հերոսիդ։ «Ավրորայի լուսաբացը» իրականում Ցեղասպանության մասին չէ, Ավրորայի՛ մասին է։ Եղեռնը Ավրորային շրջապատող «միջավայրն» է, բայց հիմքը ինքն է։

— Բայց չէ՞ որ դուք անմիջական շփում չեք ունեցել Ավրորայի հետ։ Ինչպե՞ս եք վերստեղծել նրա պատմությունը։

— Դե, ի՞նչ պիտի անեի։ Մեծ հետազոտական աշխատանք եմ կատարել․ միայն սցենարը գրվել է ավելի քան 3 տարի։ Հիմքը, իհարկե, Ավրորայի հարցազրույցներն են, մասնավորապես Զորյան ինստիտոտւտի «Բանավոր պատմություն» արխիվի ծավալուն հարցազրույցը (առհասարակ, ֆիլմը ստեղծվել է ինստիտուտի ակադեմիական ու ոչ միայն ակադեմիական ներդրման շնորհիվ)։ Ինձ համար ամենակարևորը հենց Ավրորայի պատմածն է, որովհետև նա՛ է ինձ հետաքրքիր։ Նաև որովհետև ես հասկանում եմ, որ մնացած ամեն ինչը ժամանակի պրոպոգանդայի արդյունքն է եղել։

Ուրեմն ի՞նչ ենք անում։ Նախ, համեմատում ենք իր երեք հարցազրույցները, հասկանում՝ ո՞ր պահերն են համընկնում, այսինքն՝ որոնք էին Ավրորայի համար ամենակարևոր իրադարձությունները, որոնց մասին ինքը բոլոր հարցազրույցներում խոսում է։ Դրանք էլ դառնում են ֆիլմի առանցքային իրադարձությունները։ Հետո այդ իրադարձությունները համեմատում ենք իր գրքի հետ։ (Չենք մոռանում, որ գրքում եղածն ինքն է պատմել, բայց գրել են ուրիշները, ու շատ առումներով այն տարբերվում է հարցազրույցներում իր պատմածներից։) Հետո համեմատում ենք «Խոշտանգված Հայաստանի» սցենարի հետ, որն արդեն ակնհայտ հոլիվուդյան հնարանք է։ Օրինակ, հոլիվուդյան ֆիլմում կարմիր գծով անցնում է ամերիկացի կնոջ սյուժետային գիծը, ով փրկում է Ավրորային, բայց ինքն իր գրքում ընդամենը կես բառ է գրում նրա մասին, իսկ հարցազրույցներում ընդհանրապես չի պատմում։ Ֆիլմում կա նաև իր ընկերը՝ Անդրանիկը, որը ժամանակ առ ժամանակ հայտնվում ու փրկում է Ավրորային, բայց դա էլ իրականության հետ ոչ մի առնչություն չունի։ Դե, հասկանալի է, ֆիլմը նկարահանվել է այն ժամանակվա ամերիկյան հանդիսատեսի համար, բնականաբար, այնտեղ «սպիտակ փրկարարներ» պետք է լինեին՝ ամերիկայից եկած մարդիկ, ովքեր էլ, ի վերջո, փրկում են Ավրորային։

— Առաջին իսկ հայացքից երևում է, որ ֆիլմի շուրջ հսկայական աշխատանք է տարվել, և, որքան հասկացա, սցենարն այդ աշխատանքի ամենաբարդ աստիճանն էր։ Հետաքրքիր է, որ «Ավրորայի լուսաբացն» էլ հենց դա է ցույց տալիս՝ որքան մեծ է պատմության ուժը։

— Ինձ համար սցենարը շատ կարևոր է։ Ու հետո, ես երբեք չեմ վախենում մտքերս քննարկել թիմի անդամների ու նույնիսկ արտասահմանցի գործընկերների հետ։ Ես միշտ ասել ու ասում եմ՝ ֆիլմը կոլեկտիվ աշխատանք է, որքան էլ այն քոնն է։ Որովհետև այն բոլոր մարդիկ, ում հետ դու այսօր քննարկում ես սցենարը, վաղը քո ապագա հանդիսատեսն են լինելու, ընդ որում՝ կրթված հանդիսատեսը։

— Ֆիլմը Հայաստանում ստեղծված առաջին դոկումետնալ անիմացիան է։ Հասկանալի է, որ այն մեծ բյուջե պետք է ունենար։ Գուցե մի փոքր անտակտ հարց է, բայց ինչպե՞ս եք հավաքել այն։

— Իրականում, մենք այլ տարբերակ չունեինք, քան համատեղ արտադրությունը։ Շատ շնորհակալ եմ Ազգային կինոկենտրոնին, որը ֆինանսավորեց մեզ, և առհասարակ ֆինանսավորվող ֆիլմերի թափանցիկ ընտրություն է կատարում, բայց այդ գումարները միևնույն է շատ փոքր են։ Իսկ եվրոպական համարտադրությունում գործում է ներդրած գումարի և ստեղծագործական ներուժի հավասարության սկզբունքը։ Այսինքն, եթե դու քիչ գումար ես ներդնում, կորցնում ես ֆիլմը․ այն դառնում է գերմանական, կամ լիտվական։ («Ավրորայի լուսաբացը» հայ-գերմանա-լիտվական համարտադրություն է։ Խմբ․)

Այսինքն՝ որքան գումար, այդքան «ստեղծագործական միավոր»։ Օրինակ, եթե ֆիլմի բյուջեն 1.000.000 դոլար է, որից ես միայն 200.000-ն եմ բերել, 10 պայմանական «ստեղծագործական միավորից» միայն երկուսը կարող եմ ունենալ, օրինակ՝ ռեժիսորն ու մոնտաժի ռեժիսորը Հայաստանից են լինելու։ Մնացած բոլոր ստեղծագործական «դիրքերը» պետք է զբաղեցնեն այլ համարտադրողների մասնագետները։

Համարտադրությունում դու ոչ միայն գումարն ու առևտրային իրավունքն ես կիսում, այլև «վերջին խոսքի» իրավունքը։ Մենք կարող էինք շատ ավելի մեծ բյուջե ունենալ, բայց այդ դեպքում ֆիլմը կդառնար գերմանական։ Իսկ դու երբեք չգիտես՝ վերջին պահին ինչ կփոխի գերմանացի պրոդյուսերը։ Ու հենց այս նախագծի դեպքում մենք շատ բարդ որոշում կայացրեցինք՝ անել ամեն ինչ, որ ֆիլմը հայկական մնա, որ մենք ստիպված չլինենք գնալ կոմպրոմիսների և ստեղծագործական այդ «դիրքերի» մեծ մասն էլ մնան հայկական․ մեր ֆիլմում անիմատորները Լիտվայից են, կոմպոզիտորն ու սցենարի համահեղինակը՝ Գերմանիայից։ Մնացած բոլորը՝ որոշում կայացնողնե՛րը, Հայաստանից էին։ Եվ ֆիլմի վերջնական մոնտաժը՝ final cut-ը մերն էր։ Բայց դա, իր հերթին, բերեց բյուջեի կրճատման, որովհետև մենք չունենք այնքան լոկալ բյուջե, որ կարողանանք բալանսավորված համարտադրության մտնել։

— Առաջխաղացման ինչպիսի՞ ռազմավարություն եք որոշել ֆիլմի համար։

— Իհարկե, մենք ուզում ենք լավագույն փառատոններին մասնակցել։ Բայց այստեղ շատ նրբություններ կան։ Որովհետև լավ փառատոնները միշտ ուզում են պրեմիերաներ։ Դու կարող ես ազգային պրեմիերա ունենալ քո երկրում, բայց եթե համաշխարհային պրեմիերան արել ես Annecy-ում, ինչպես մենք արեցինք, դա նաև եվրոպական պրեմիերա է։ Ուրեմն եվրոպական գրեթե բոլոր մեծ փառատոնները ֆիլմն այլևս մրցութային ծրագրում չեն ներառի, բայց կարող են ներառել, արտամրցութային, օրինակ, տարվա լավագույն ֆիլմերի բաժնում։ Քանի որ Annecy-ն «անիմացիայի Կանն» է՝ անիմացիոն ֆիլմերի ամենամեծ և հեղինակավոր փառատոնը, և ֆիլմը մրցութային ծրագրում էր, մենք ռիսկի դիմեցինք։ Հիմա փորձում ենք հյուսիսամերիկյան ու ասիական պրեմիերա ունենալ։

Դրանից բացի ունենք նաև հեռուստատեսային ռազմավարություն։ Հիմա արդեն պայմանավորվածություն ունենք գերմանական «Arte» հեռուստաընկերության հետ․ իրենք տարեկան ընդամենը ութ 90-րոպեանոց «սլոտ» ունեն դոկումենտալ ֆիլմերի համար, և 2023-ին դրանցից մեկը «Ավրորայինն» է, քանի որ հեռուստաընկերությունը ֆիլմի համարտադրողն է։ Լիտվական հանրային հեռուստաընկերությունն էլ է ձեռք բերել ֆիլմի ցուցադրման իրավունքը։ Հայաստանում մեր գործընկերը Հանրային հեռուստաընկերությունն է, ինչի համար ես շատ ուրախ եմ, որովհետև Հանրայինը շատ հազվադեպ է համագործակցում ֆիլմերի հետ արտադրության փուլում։ Եվրոպական ֆիլմերի մեծ մասը նկարահանվում է հեռուստատեսության գումարներով, իսկ Հանրայինը առաջին անգամ արեց դա «Ավրորայի» և, եթե չեմ սխալվում, «Զուլալիի» պարագայում։ Հուսով եմ, որ (մանավանդ սուղ ֆինանսական պայմաններում) սա կդառնա հետագա կիրառելի պրակտիկա հայ կինոարտադրողների համար։

Հեղինակ՝ Սոնա Արսենյան

Оставьте комментарий