«Ոսկե Ծիրան» փառատոնի շրջանակում ցուցադրվել է հայ կինոյի ռեկորդակիր՝ 18 տարվա ընթացքում դժվարագույն ճանապարհ անցած, 2020 թ-ին Բուսանի հեղինակավոր կինոփառատոնում համաշխարհային պրեմիերան ունեցած և այս տարի միայն էկրաններին բարձրացած «Չնչիկը»՝ հայկական վերջին ֆիլմը, որ ժապավենով է նկարահանվել, ու միևնույն ժամանակ հայկական առաջին ֆիլմը, որ ծավալուն համարտադրության շնորհիվ է կյանքի կոչվել։ Բացի այդ «Չնչիկը» միստիկ մի կինոնկար է, որի ժապավենը մեկ անհետացել էր Գոսֆիլմոֆոնդում, մեկ էլ տարիներ անց հայտնվել, ինչի շնորհիվ էլ այս դրամատիկ պատմությունն ի վերջո գտավ իր հանդիսատեսին։
⠀
Ֆիլմի ստեղծման խորհրդավոր պատմությունը ռեժիսոր Արամ Շահբազյանն ու պրոդյուսեր Մելիք Կարապետյանը «Չնչիկին» վերաբերող ամենաանհետաքրքիր դրվագն են համարում և աշխատում են հազարերորդ անգամ չպատմել այն։ Փոխարենը զրուցեցինք մասնագիտական համառությունից, անհատի և հասարակության հարաբերություններից և հայելում ինքդ քեզ նայելու քաջությունից։
⠀
— Ինչպե՞ս է պրոդյուսերը գտնում իր ռեժիսորին, կամ հակառակը՝ ռեժիսորը գտնում իր պրոդյուսերին։
⠀
Արամ․ — 2003-ին Վրաստանում մասնակցում էինք կինոյի զարգացման AVANTI շվեյցարական ծրագրին։ Այնտեղ վերապատրաստվում էին և՛ ռեժիսորները, և՛ պրոդյուսերները։ Նախագիծը տևեց մի տարի, ռեժիսորները ֆիլմը զարգացնում էին սինոպսիսից մինչև պատրաստի սցենար։ Իսկ պրոդյուսերները պետք է ընտրեին նախագծերից մեկը։ Ու երբ ծրագրի ավարտին «Չնչիկը» գնաց «պաշտպանության», ես, Արայիկը (Արա Մնացականյան՝ ֆիլմի համապրոդյուսերը և սցենարի համահեղինակը – Խմբ․) ու Մելիքը արդեն «ամուսնացել» էինք։
⠀
Մելիք․ — Ես երկու նախագիծ էի ընտրել, որոնցից մեկը «Չնչիկն» էր։
⠀
— Դուք միշտ պատմում եք, որ ֆիլմի սյուժեն մամուլից եք վերցրել, բայց թե ինչ պատմություն էիք կարդացել թերթում, երբեք չեք մանրամասնում։
⠀
Արամ․ — Որովհետև պատմելու բան չի։
⠀
Մելիք․ — Եվ այդ պատմությունն ընդհանրապես կապ չունի «Չնչիկի» հետ, պարզապես այն առիթ էր՝ ֆիլմը սկսելու համար։ Մեր նպատակն իրական դեպք նկարելը չէր, մենք ուզում էինք ցույց տալ՝ ինչպես է հասարակությունը ծնողին դրդում գնալ նման դաժան քայլի։ Ֆիլմը հասարակության և անհատի հարաբերությունների մասին է։
⠀
Արամ․ — Եվ ի՞նչն էր հետաքրքիր։ Սցենարի շուրջ աշխատում էին շատ տարբեր սերունդների պատկանող մարդիկ։ Հարութը Կբեյան այդ ժամանակ 23 տարեկան էր, Մարիամը (Ասրյան – Խմբ․)՝ 28 – 30։ Ես ինչքա՞ն էի, 33 – 34 տարեկան։ Եվ 50 տարեկան էր Արայիկը (Արա Մնացականյանը – Խմբ․)։
⠀
Մենք «սպորտային» ձևով էինք աշխատում․ չորսով հասնում էինք մի պահի, ուր պետք էր դրամատուրգիական լուծում տալ, ու թողնում-գնում էինք։ Հաջորդ օրը ամեն մեկն իր լուծումը պիտի առաջարկեր։ Եվ ում լուծումն ամենաուժեղն էր, «բռնվում» էինք ու շարունակում զարգացնել սցենարը։
⠀
— Ինչո՞ւ որոշեցիք ժապավենով նկարել։ Չէ՞ որ դա էր պատճառը, որ ֆիլմի հետարտադրական փուլն այդքան երկար տևեց։
⠀
Արամ․ — Այդ ժամանակ Հայաստանում չկար այլ տեխնոլոգիա, որը կկարողանար լուսային գամմայի կիսատոները կարդալ։ Իրական տեխնոլոգիական հեղափոխությունը միայն մեր ֆիլմից հետո սկսվեց․ Հայաստան վերջապես հասան Red One տեսախցիկները, որոնք կարող էին նման որակ ապահովել։ Չնայած ժապավենի «խորությունը» այսօր էլ թվային տեխնիկայով չես փոխանցի։ Ժապավենը օրգանիկ է, ապրող-շնչող նյութ է։ Այն ուրիշ աշխարհ է ստեղծում՝ դիտողի և ֆիլմի իրականությունը իրարից հեռու է պահում։ Իսկ ցանկացած թվային տեխնոլոգիա կրճատում է այդ դիստանցիան։
⠀
Մելիք․ — Ինձ թվում է, եթե այսօր էլ «Չնչիկը» նկարելու լինեիր, էլի ժապավենով էիր նկարելու։
⠀
— Իսկ 2008-ին ժապավենը մոնտաժելու հնարավորություն կա՞ր։
⠀
Մելիք․ — Մոնտաժն արդեն թվային էր, որովհետև այդպես ավելի արդյունավետ էր։ Մեր բյուջեի մեջ դա նախատեսված էր․ ժապավենը պետք է թվայնացվեր մոնտաժի համար, հետո պատրաստի ֆիլմը նորից պետք է ժապավենի անցկացվեր։ Որովհետև կինոթատրոններում պրոեկցիան դեռ ժապավենային էր։ Երբ դա էլ փոխվեց, ժապավենը վերջնականապես դուրս եկավ գործածությունից։
⠀
— Ուրեմն ինչո՞ւ հետարատադրական պրոցեսն այսքան ձգձգվեց։
⠀
Մելիք․— Որովհետև մեզ չհաջողվեց հավաքել հետարտադրական փուլի գումարը։ Եթե կարողանայինք այդ գումարը նկարահանելուց առաջ հավաքել, շատ ավելի շուտ կվերջացնեինք ֆիլմը։ Բայց մենք ֆինանսական այլ մոդելով գնացինք՝ ֆիլմն ամբողջությամբ նկարել, ու հետո հավաքել հետարտադրական փուլի գումարը, քանի որ կային հատուկ ֆոնդեր, որոնք կարող էին լրացնել այդ բացը։ Բայց մեզ համար այդ ֆոնդերը չաշխատեցին։
⠀
Ի՞նչն էր հետաքրքիր։ AVANTI-ում «Չնչիկը» նույնիսկ չի քննարկվել ժյուրիի կողմից, իրենք միանգամից որոշել էին, որ ֆիլմը պիտի ֆինանսավորում ստանա։ Ռոտերդամի փառատոնի Hubert Bals Fund-ի Hubert Bals Plus՝ ֆիլմի արտադրական փուլի համար տրվող դրամաշնորհով երկու ֆիլմ առաջին անգամ ֆինանսավորում ստացավ, ու «Չնչիկը» դրանցից մեկն էր։ Բեռլինի փառատոնի ֆոնդն էր «բացվել» Անդրկովկասի համար, մենք ստացանք և իրենց աջակցությունը։ Իսկ հայկական կողմը մեզ ֆինանսավորում չէր տալիս։
⠀
Այդ ժամանակ դեռ ՀայՖիլմն էր, ֆիլմդ ստուդիայում պիտի արտադրեիր։ ՀայՖիլմի ղեկավարությունն էլ ում ուզում էր, գումար էր տալիս։ Տալուց հետո էլ պետք է հատկացված գումարի մի մասը վերադարձնեիր իրենց, ու դա ոչ ոքի համար գաղտնիք չէր։ 2006-ին ստեղծվեց Ազգային Կինոկենտրոնը, բայց դրանից հետո էլ ֆինանսավորման համակարգը դեռ երկար տարիներ թերի էր (ընդհուպ մինչև 2018-ը)։
⠀
Փաստորեն, մենք ստացել էինք գումար Շվեյցարիայից, Հոլանդիայից, Բեռլինի փառատոնի ֆոնդից, բայց ոչ Հայաստանից։ 2007-ին արդեն կարող էինք կորցնել շվեյցարական գումարը, եթե չսկսեինք նկարահանումները։ Դրանից հետո միայն Կինոկենտրոնը ֆիլմին գումար հատկացրեց, որը կհերիքեր միայն արտադրությանը։ Բայց միևնույն է, եթե այն ժամանակ չսկսեինք նկարահանումները, ֆիլմը, գուցե, երբեք ոչ ոք չտեսներ։
⠀
Իսկ 2018-ին՝ Կինոկենտրոնում իրականացված բարեփոխումներից հետո, «Չնչիկը» վերջապես որոշակի գումար ստացավ Հայաստանից, ու մենք կարողացանք ավարտել ֆիլմը։
— Ֆիլմի արտադրությունը ձգձգվում էր․ մի տարի անցավ, երկու տարի, շատ տարիներ։ Հանձնվելու ցանկություն չկա՞ր։
⠀
Արամ․ — Ո՜չ։ Դա ցավի պես բան է։ Ու հետո, ահռելի մեծ թիմ է աշխատել ֆիլմի վրա։ Այսպես ասեմ․ Հայաստանում ավելի քիչ են մարդիկ, ովքեր «Չնչիկի» հետ կապ չեն ունեցել, քան նրանք, ովքեր որևէ կերպ աշխատել են ֆիլմում։ Ով, ինչ կարողացել է, արել է «Չնչիկի» համար։ Ու այսքանից հետո հանձնվե՞լ։
⠀
Մելիք․ — Օրինակ, Ռանկո Պաուկովիչը՝ մեր հնչյունային ռեժիսորը Հոլանդիայից, 10 տարի «նստել-սպասել» է, որ մենք կարողանանք ֆինանսավորում գտնել ու ավարտին հասցնել ֆիլմը։ Ու ինքը որքան կարող էր, կրճատեց իր բյուջեն, միայն թե անենք։
⠀
— Իսկ չկա՞ր վախ, որ այս տարիների ընթացքում պատմությունը կհնանա։
⠀
Արամ․ — Ոչ, նման պատմությունները չեն հնանում։
⠀
Մելիք․ — Ցավոք, մարդը և հասարակությունը նույնն են։ Ու այս տարիների ընթացքում տեսնում էինք, որ այս պատմությունն ավելի արդիական է դառնում․ անհատը՝ բոլորից տարբերվողը, էլի խնդիր է հասարակության համար։ Դրա համար էլ «Չնչիկն» իր առաջին օրվանից մարդկանց «կոկորդից բռնում» է։ Եվ այն զայրույթը, որ ես տեսնում, կամ կարդում եմ ֆիլմի շուրջ, միայն ֆիլմի որակի մասին է խոսում․ նշանակում է՝ ֆիլմն ազդել է մարդու վրա։ Եվ ազդել է ոչ թե որովհետև այստեղ դաժանությունն է շատ՝ «Չնչիկում» ամեն ինչ շատ նուրբ ձևով է ցուցադրված։ Բայց ֆիլմի գեղարվեստական ուժն է այնպիսին, որ հանդիսատեսը վերջում դուրս է գալիս «խեղդված»։
⠀
Արամ․— Երբ ֆիլմը ցույց տվեցին «Ոսկե Ծիրանի» շրջանակում, մի կին դուրս վազեց դահլիճից, գոռալով՝ էս ի՜նչ կինո էր։ Ինձ թվում է՝ դրանք այն մարդիկ են, ովքեր գլուխները կթեքեն ու կանցնեն, եթե, օրինակ, տեսնեն, ինչպես է ոստիկանը քաշքշելով բերման ենթարկում փողոցում խնձոր վաճառող պապիկին։ Որովհետև իրենց այդպես հարմար է, նրանք ի վիճակի չեն նայել այն ցավին, այն ողբերգությանը, որ ամեն օր է կատարվում։ Ու «Չնչիկը» շատ կարևոր է հենց նման մարդկանց համար, որովհետև ստիպո՛ւմ է նայել։
⠀
Մելիք․ — Մի ուրիշ ցուցադրության ժամանակ էլ հանդիսատեսից մեկն ասաց՝ այս ռեժիսորին պետք է սպանել։ Բայց, կրկին, դա խոսում է միայն ֆիլմի ուժի մասին։ Որովհետև ոչ ոք չի կարող անտարբեր նայել այս ֆիլմը։ Ի վերջո մենք պետք է սովորենք հայելում հստակ տեսնել մեր պատկերը ու չվախենալ։
⠀
— Այո, բայց դրա համար ֆիլմը նախ պետք է դիտել։ Ինձ թվաց, որ «Չնչիկը» շատ կարճ մնաց էկրաններին, սեանսներն էլ շատ քիչ էին։ Ինչպե՞ս էր իրականացվում ֆիլմի դիստրիբուցիան։
⠀
Մելիք․ — Հարցը նրանում է, որ Հայաստանում կինո գնալու մշակույթ չկա։ Հետո, երբ կինոթատրոն են բերվում բլոկբաստերները, կինոթատրոնին պարտադրում են ՝ քանի շաբաթ, շաբաթը քանի անգամ պիտի ցուցադրվի ֆիլմը, դրանցից քանիսը prime-time պիտի լինի։ Ու հայկական ֆիլմերին տեղ չի մնում։ Այդ առումով շատ լավ աշխատեցինք «Մոսկվա» կինոթատրոնի հետ։ Մենք հասկանում էինք, որ գովազդային ռեսուրս չունենք (համ էլ մեր ֆիլմը կոմեդիա չէ) ու խնդրեցինք, որ շաբաթվա մեջ ունենանք երեկոյան և ցերեկային սեանսներ, որ մարդիկ հասցնեն դիտել ֆիլմը։ Արդյունքում 1000-ից ավել մարդ արդեն տեսել է այն։
⠀
— Բայց դա շատ քի՜չ է։
⠀
Մելիք․ — Քիչն ու շատը հարաբերական են։ Մենք՝ որպես արտադրողներ, նախընտրեցինք գումարը ծախսել՝ որակյալ ֆիլմ ստանալու համար, ոչ թե գովազդային արշավի։
⠀
— Արամ, մի առիթով ասել եք, որ այսօր ռեժիսորի թշնամին քննադատ չունենալն է։ Ինչո՞ւ է այդպես։
⠀
Արամ․ — Որովհետև մեր կինոյում, ի տարբերություն թատրոնի, չափազանց շատ են դիլետանտները։ Մարդ, ով ընդամենը մի քանի երաժշտական հոլովակ է նկարել – դրանք էլ հիմնականում արտասահմանյան հոլովակներից «արտագրված», – իրեն իրավունք է վերապահում կինո նկարել։ Իսկ կինոն, նախևառաջ, լավ դրամատուրգիան է, դերասանական կազմի ճիշտ ընտրությունը, դերասաններիդ հետ մանրակրկիտ աշխատելու կարողությունը։ Դրա համար պրոֆեսիոնալ մոտեցում է պետք։ Եվ եթե լիներ առողջ քննադատություն, ինձ թվում է, դիլետանտները ավելի քիչ կլինեին։ Որովհետև հիմա նկարահանվող ֆիլմերը վատ սերիալներից ոչինչով չեն տարբերվում, իսկ քննադատություն չկա։
⠀
— Բայց ո՞ւմ պետք է ուղղված լինի քննադատությունը՝ նկարահանողի՞ն, թե՞ հանդիսատեսին։
⠀
Արամ․ — Առաջին հերթին՝ նկարահանողներին։ Մեր մասնագիտությունը պահանջում է որոշակի «պրոֆեսիոնալ էգոիզմ»՝ այնպիսի համառություն, որ կարողանաս ֆիլմը վերջացնել։ Ցավոք, մեզանում այդ «էգոիզմը» մարդու փառասիրությունը տարածելու մեջ է արտահայտվում, ոչ թե մասնագետի համառության։ Ծայրահեղ միջակությունը ցուցադրվում, փառաբանվում է։ Բայց ամեն ռեժիսոր չէ, որ կարող է ինքն իրեն ճիշտ դատել, դա շատ դժվար է։ Իսկ կինոքննադատությունը ճիշտ պահին ճիշտ տեղում ապտակ տալու համար է։
Հեղինակ՝ Սոնա Արսենյան