«Լուկա»։ Անսկիզբ պատերազմի այլաբանությունը շրջափակված Արցախում

20-րդ հոբելյանական «Ոսկե Ծիրանը» մեկնարկեց Ջեսիքա Վուդուորթի «Լուկա» ֆիլմով, որը հինգ երկրի՝ Բելգիայի, Իտալիայի, Նիդեռնալդների, Բուլղարիայի և Հայաստանի համատեղ արտադրություն է։ Ու նախ և առաջ պետք է անպայման նշել, որ հենց նման համատեղ արտադրությունների շնորհիվ Հայաստանի կինոգործիչները կկարողանան ներգրավվել նորատեսակ ու նորոորակ նախագծերում, ինչն, անշուշտ, պիտի բերի նրան, որ մենք՝ և՛ պրոֆեսիոնալները, և՛ հանդիսատեսը կդադարենք «սեփական հյութում եփվել», իսկ Հայաստանում կցուցադրվեն եթե ոչ ավելի լավ, ապա շատ ավելի տարբեր ֆիլմեր։
Իսկ այժմ՝

ԼՈՒԿԱ

Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ ՋԵՍԻՔԱ ՎՈՒԴՈՒՈՐԹ
Պրոդյուսերներ` ՊԵՏԵՐ ԲՐՈՍԵՆՍ, ՋԵՍԻՔԱ ՎՈՒԴՈՒՈՐԹ։
Դերերում՝ ՅՈՆԱՍ ՍՄՈՒԼԴԵՐՍ, ՋԵՐԱԼԴԻՆ ՉԱՊԼԻՆ, ՅԱՆ ԲԵՅՎՈՒՏ, ՍԱՄՎԵԼ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ, ՋԱՆԳՈ ՇՐԵՎԵՆՍ, ՍԱՄ ԼՈՒՎԻԿ և այլք⠀
Արտադրությունը՝ Dokino, Bo Films, Krater Films, Beluga Tree, Palosanto Films, Volya Films, Art Fest։

Ֆիլմը նկարահանվել է Դինո Բուցատիի «Թաթարական անապատը» դասական վեպի հիման վրա։ Թեև այն չի կարելի էկրանավորում համարել, քանի որ ռեժիսորը միայն ոգեշնչվել է Բուցատիի վեպով, սակայն ֆիլմը կատարելապես փոխանցում է տագնապի և մոտալուտ վտանգի զգացողությունը, որ կա վեպում։

Պատերազմին ծարավ Լուկան (Յոնաս Սմուլդերս) գալիս է ճամբար՝ մարդկանց մոտ, ովքեր կարոտ են բոլորովին այլ բաների՝ խմիչքի և կանանց։ Անտեսանելի (գուցեև՝ անէ) թշնամուն դիմակայելու համար երիտասարդ ռազմիկները պատրաստ են ենթարկվել ցանկացած փորձությունների, կրել դաժան պատիժներ, անգամ՝ առանց աչքը թարթելու սպանել զինակցին։ Երկար մարզումներից հետո Լուկան դառնում է էլիտար դիպուկահար, ընդ որում՝ առաջինը մի քանի սերնդի մեջ։ Նրան ուղարկում են հյուսիս՝ հսկելու ճակատը, որտեղից արդեն քանի դար է ուր որ է պիտի հարձակվի թշնամին։ Զննելով ռազմաճակատը՝ Լուկան նկատում է․․․ սպիտակ ձի։ Գեներալները պնդում են, որ դա միրաժ է, որ ոչ ոք չի տեսել իսկական ձի։ Ու մինչ Լուկան փորձում է համոզել հրամանատարներին, նրա ընկեր Ջերոնիմոն (Ջանգո Շրևենս) անցնում է մահաբեր սահմանը՝ սպիտակաբաշ այդ հրաշքը շոշափելու համար։ Զորապետի հրամանով նա սպանվում է։ Բայց հրամանը Լուկան չի կատարում, Լուկան չի կարողանում, Լուկան չի հնազանդվում գերադասին, ու դատապարտվում է դաժան մահապատժի՝ ծարավից մահի։ Սակայն լեյտենանտ Կոստանտինը (Սամվել Թադևոսյան)՝ այս ֆիլմում ևս հրացանակիրները երեքն են, փորձում է փրկել ընկերոջը, զեկուցելով գեներալին հյուսիսից մոտեցող «ճեղքի» մասին։ Այդ սուտ, կամ գուցե՝ թերի զեկույցի շնորհիվ նրան հաջողվում է փրկել Լուկային, բայց վճարը իր սեփական կյանքն է դառնում։ Այսքանից հետո Լուկային մնում է միայն վերջին անհնազանդությունը․ ինքն առաջինը, իսկ հետո բոլոր բազեները թիկունք են դարձնում գեներալին ու շրջվում դեպի հյուսիս, որտեղից այլևս չեն սպասում վտանգ։

Կադր «Լուկա» ֆիլմից։ Պատկերը՝ Ազգային Կինոկենտրոնի կայքից։

Նախապես որոշված էր, որ ֆիլմը պետք է Հայաստանում նկարվեր։ Երկար տարիներ, իսկ մի քանի սերնդի համար՝ իսկապես անսկիզբ պատերազմող երկրում նման պատմություն մարմնավորելը ֆիլմին իմաստային լրացուցիչ շերտ կհաղորդեր։ Սակայն սկսվեց համավարակը, իսկ հետո՝ իրական պատերազմը։ Այնպես որ նկարահանումները տեղափոխվեցին Իտալիա։

Բայց և այսպես «Լուկան» պատերազմի մասշտաբային այլաբանություն է․ պատերազմն այստեղ ոչ միայն համակում է բոլոր իրադարձությունները, ոչ միայն ֆոնն ու միջավայրն է, այլ, թերևս, հենց գլխավոր հերոսն է ու կացության միակ ձևը։ Ֆիլմը համեմված է նաև ծիսական տեսարաններով և տարատեսակ սիմվոլներով։ Գեներալը (Ջերալդին Չապլին) ջութակի աղեղով «սղոցում է» պատի մեջ մխրճված մեխերը, կարծես խաղում է զինվորների նյարդերի լարերով։ Սպիտակ ձին խաղաղության անորսալի երազանքն է։ Իսկ թշնամու կողմից վրա հասնող ճեղքը, գուցե, հերոսների սեփական երկատվության խորհրդանիշն է։ Վախն անէ թշնամուց, մոտալուտ հարձակման սպասումն ու նաև՝ գրգիռը, աբսուրդի հասնող իրականությունը, որն այդքան հասկանալի է պատերազմական իրավիճակում, միախառնվում են սև-սպիտակ այս սիմֆոնիայում։ Գեղեցիկ սիմֆոնիայում․ օպերատոր Վիրժինի Սուրդեյի աշխատանքն իսկապես տպավորիչ է։

Բայց, իր բոլոր արժանիքներով հանդերձ, ֆիլմը, ցավոք, մնում է միայն ծավալուն մետաֆոր։ Այստեղ չկա մինչև վերջ խաղարկված մարդկային որևէ զգացմունք, մինչև վերջ բացված սյուժետային մի գիծ, որ մարդուն է վերաբերում։ Արդյունքում ֆիլմում չկա և ոչ մի հերոս, որին կարող ես ոչ միայն հասկանալ, այլև ցավակցել, ապրումակցել, նույնականանալ։

Հանդիսատեսից մի հետաքրքիր միտք եմ լսել, թե այնպիսի տպավորություն է, որ «ֆիլմը ինչ-որ բան է գոռում ականջիդ տակ, բայց դու չես հասկանում՝ ինչ»։ Սարսափելին էլ հենց այն է, որ մենք ամեն ինչ հասկանում ենք, բայց ոչինչ չենք զգում։ Որովհետև այլաբանության հետևից ընկնելով՝ ֆիլմը, գուցե, մտորելու տեղիք է տալիս, սակայն զգալու տեղ ու ժամանակ չի ուզում տալ։ Իսկ դա, թերևս, ավելի կարևոր է։

P.S. «Լուկան» միաժամանակ ցուցադրվել է և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում։ Պրեմիերայի օրը հայկական կողմի համարտադրող Անժելա Ֆրանգյանը գտնվել է Արցախում՝ շրջափակման մեջ։ Ցավոք, Հայաստանում մենք այլաբանության կարիքը չունենք՝ հասկանալու չէ, մաշկով զգալու համար՝ ինչ բան է անվերջ պատերազմը․․․

Հեղինակ՝ Սոնա Արսենյան

Оставьте комментарий