100 տարի անց։ Թումանյանի պատգամն այսօր 

Իմաստուն խոսքը օգնող ու բուժող ուժ ունի, մանավանդ, երբ այդ խոսքը Թումանյանինն է։ Իր յուրաքանչյուր հերթական անդրադարձը որևէ ժամանակաշրջանի, որևէ խնդրի, կամ խնդիրների օգնում է պատկերացում կազմել, թե որքան ճիշտ, որքան տեղին են եղել մեծ բանաստեղծի մտքերն ու անհանգստություններն այն օրերի համար, բայց առավել ցավալի է, որ իր ասածներն ու գրածները գրեթե նույնքան արդիական են նաև այսօր և շատ դեպքերում ցավալիորեն դիպուկ նկարագրում են ամենատարբեր ոլորտներում առկա խնդիրները։  

Եվ ուրեմն, Թումանյանին հերթական անգամ ճոխ-ճոխ ներբողներ ձոնելու փոխարեն առանձնացրել ենք դժբախտաբար արդիական մի քանի հատված, որոնք, գուցե, հերթական անգամ օգնեն մեզ գտնել ճիշտ ճանապարհը «հայոց դըժար լեռներում»։

1

«Մի գաղտնի խորհուրդով տաղանդի երևույթից միշտ վրդովվում է բթամտությունը։ Նրա պղտոր գիտակցությունը խառնվում ու մթնում է և կորցնում է բանականության ու բարոյականության բոլոր լուսավոր նշանները։ …. Բայց եթե այդ պայքարում տաղանդը պատռում է իր շրջապատը ու փայլատակում է իր աստվածային ուժի չքնաղ վեհությամբ, այն ժամանակ նա՝ այդ բթամտությունը, զարհուրած, ապուշ կտրած իրան է քաշում ոճրագործ ձեռքը․․․ և ճգնում է հավատացնել, որ ինքը վաղուց հիացած էր և փայփայում էր նրան»…

Այս հատվածը առանձնացված է «Տաղանդ և բթամտություն» հոդվածից, որը Թումանյանը գրել է ի պաշտպանություն դերասան Կարապետ Գալֆայանի։ Հոդվածը տպագրվել է «Տարազ» հանդեսի՝ 1898 թ-ի դեկտեմբերի 20-ի համարում: Ընդ որում սա միակ դեպքը չէ, երբ Թումանյանն իր ձայնը լսելի է դարձրել ի պաշտպանություն երիտասարդ դերասանի, ում լավ ճանաչել և գնահատել է։

«Տարազի» 1897 թ-ի հունվարի 26-ի համարում Թումանյանը քննադատում է Արշակ Հարությունյանի ծաղրական հոդվածը, որի թիրախը կրկին Գալֆայանն էր․ «Ըստ երեկույթին պ. Հարությունյանը այս բոլորն ասելու իրավունքն առնում է այն հանգամանքից, որ Գալֆայանը «ոչ մի պիեսի, ոչ մի դերի մեջ չէ ցույց տվել իր արտիստիքական ձիրքը»։ ․․․Նրան կասենք, որ այդ դատողությունը հատուկ է ամբոխին, որ հրեղեն կառքի մեջ նստած և հրեշտակներով շրջապատված է միայն ճանաչում աստվածորդուն և դափնիներից է որոշում տաղանդը»․․․ Ակնհայտ է Թումանյանի վրդովմունքը, երբ քննադատությունը տեղին չէ՝ առողջ ու պատճառաբանված չէ, հետևաբար՝ չի կարող օգնող, նորոգող ուժ ունենալ։

2

«… Գրականություն ասելով երբեք կենդանի մարդիկ չեն հասկանում, այլ տպած գրքեր, և մինչև անգամ դրանից ավելի վատը՝ անուններ…

Երբ չեն կարողանում ըմբռնել մի որևէ բանի ներքին իմաստը, հոգին կամ թե չէ կորցնում են ժամանակի ընթացքում, պաշտում ու պաշտպանում են ձևը, առանց հասկանալու։ Եվ հաճախ գաղափարների անուններով լոկ ձևեր են պաշտում․․․

Դուք արտաքին տեսքի մեջ եք որոնում նրա կյանքը, երկրորդական տեղ եք տալիս նրա ներքին բովանդակությանը, արհամարհում եք նրա հոգին, էն, ինչով որ գոյություն կարող է ունենալ և ապրել թատրոն ասածը։ Թարս եք հասկանում»․․․

Վեջին տողերը Թումանյանի 1910 թ-ի «Ձևն ու հոգին» հոդվածից են, որը տպագրվել է «Հորիզոն» թերթի հունվարի 15-ի համարում, իսկ առիթը մամուլի էջերում հայտնված հոդվածներն էին, որոնք ներկայացնում էին հայ թատրոնի անմխիթար վիճակը։ Բայց ի տարբերություն հոռետեսորեն տրամադրված քննադատների՝ Թումանյանը հերթական անգամ ժամանակի սթափ և առողջ ձայնն է դառնում ու ևս մեկ անգամ հասկացնում ճառասացներին, որ առաջնայինը և երկրորդայինը չեն տարբերում, կամ էլ՝ ինչ-ինչ պատճառներով չեն ուզում տարբերել։ Բայց քանի մարդիկ, հասարակություններն և ազգերը չսովորեն տարբերել իրական խնդիրը արտաքին ձևից, դժվար թե կարողանան ճիշտ լուծումների ճանապարհը բռնել։ Ու թերևս այս պատճառով է, որ շարունակում ենք մնալ չնորոգվող ու մեզ վնասող շրջանի գերին․․․

Հեղինակ՝ Դիանա Խաչատրյան

Оставьте комментарий