Գարնանային սալոն։ Կեցության անտանելի ծանրությունը

Մարտի 1-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց Գարնանային սալոնը, որը Միության ամենածավալուն խմբակային ցուցահանդեսներից է։ Հետևելով ֆրանսիական սալոնների ավանդույթին՝ Նկարիչների միությունը տարին երկու անգամ իր հարկի տակ է հավաքում տարբեր ժանրերում, տարբեր թեմաներով և տարբեր մոտեցումներով ստեղծագործող արվեստագետների, և այդ օրերին Միության ցուցասրահները դառնում են հայաստանյան մերօրյա արվեստի զարկերակը։

Գարնանային սալոնն ու մեօրյա արվեստի պարադոքսը  քննարկում ենք  նկարիչ, համադրող, ArtAm Gallery-ի ղեկավար Արմինե Թումանյանի հետ։

Սոնա․ — Դու այսօր, ինչպես ասում են, առավոտ կանուխ ժամանել ես Փարիզից ու անմիջապես եկել Գարնանային սալոնի բացմանը։ Սովորաբար մարդիկ, ովքեր գնում են արտասահման, այցելում որևէ հայտնի թանգարան, վերադառնալուց հետո սկսում են բողոքել, որ Հայաստանում արվեստի մակարդակը շատ ցածր է, իսկական արվեստ չկա և այլն։

Արմինե․ — Ես այդպիսին չեմ։ Ամեն անգամ արտերկիր գնալիս հասկանում եմ, որ մենք այսօր Հայաստանում շատ ծաղկուն ստեղծագործական միջավայր ունենք։ Գուցե դա միշտ էր այդպես, բայց ես հիմա եմ ապրում ու գիտակցում եմ, որ հայ նկարիչները շատ բազմաժանր են, բազմատաղանդ և համարձակ փորձարար։

Սոնա․ — Գարնանային Սալոնի մասին ի՞նչ կասես։

Արմինե․ — Նախևառաջ, այս անգամ շատ նոր անուններ կային։ Ես, օրինակ,  բացահայտեցի գյումրեցի Տարոն Մանուկյանին, ով, փաստորեն, զբաղվում է սթրիթ արտով ու հիմա անցել է կտավին։ Հաստատ կարող եմ ասել, որ եթե ինքն արտերկրում ցուցադրվեր, շատ լավ կվաճառվեր։

Առհասարակ, շատ արտիստներ կային, ում թե՛ գրաֆիկական, թե՛ գունային լուծումները տպավորիչ էին, իրենք էլ շատ լավ մարդիկ են։

Սոնա․ — Սա իրականում շատ կարևոր հարց է հայաստանյան արվեստում։ Դու նկարիչներից շատերին անձամբ ճանաչում ես։ Դա քեզ չի՞ խանգարում։

Արմինե․ — Ինչո՞ւ պիտի խանգարի։

Սոնա․ — Չի՞ դժվարանում գործը մարդուց առանձնացնելը։ Գուցե մարդը շատ լավն է, բայց շատ վատ է նկարում։

Արմինե․ — Որպես նկարիչ և համադրող՝ ես մի բան գիտեմ․ արվեստագետը էմոցիոնալ է։ Նա կարող է լավ կամ վատ տրամադրություն ունենալ, նկարը կարող է ստացվել, կամ չստացվել, ինձ այն կարող է դուր գալ, կամ դուր չգալ։ Բայց ես ինձ երբեք իրավունք չեմ վերապահում քննարկել՝ ինքը լավ նկարիչ է, թե չէ։

Սոնա․ — Որովհետև դուք ամեն դեպքում կոլեգանե՞ր եք։

Արմինե․ — Ոչ, որովհետև ես համադրող եմ։ Եվ ես կարող եմ ցուցադրել նկարիչների, ում ոճը, գուցե, չեմ հավանում, բայց հասկանում եմ, որ մարդն անդադար աշխատում է իր վրա, ստեղծագործական որոնումների մեջ է, անընդհատ փարձարկումներ է անում և, իհարկե, մշտապես առաջընթաց ունի։ Դա ինձ համար շատ ավելի կարևոր է։

Սոնա․ — Դե հիմա բոլորն էլ աշխատում են, հո բոլորին չե՞ս ցուցադրելու։

Արմինե․ — Ոչ, բայց ArtAm Gallery-ն՝ այն հարթակը, որի համադրողն եմ ես, չի ստեղծվել՝ միայն իմ ճաշակին համապատասպանող աշխատանքներ ցուցադրելու համար։ Այն ստեղծվել է հայ ժամանակակից, այսինքն՝ հենց հիմա՛ ստեղծագործող նկարիչներին ցուցադրելու և իրենց ստեղծագործական ուղին խթանելու համար։ 

Գարնանային սալոն։ Լուսանկարը՝ Նկարիչների միության ֆեյսբուքյան էջից

Սոնա․ — Ես անչափ գնահատում եմ Նկարիչների միության՝ տարին երկու անգամ նման ծավալուն ցուցահանդես կազմակերպելու ավանդույթը։ Որովհետև այստեղ, ինչպես քո գալերեայում, տեսնում ես՝ ինչ է կատարվում դաշտում հենց հիմա։ Բայց ինձ համար սկզբունքային երկու խնդիր կա։ Առաջինը ձեռագիրն է։ Եթե դու պետք է ցուցանակը կարդաս, որ հասկանաս՝ սա ով է, նշանակում է՝ ձեռագիր չես տեսնում։

Պետք է նշել, որ այս Սալոնը շատ ավելի բազամազան էր ճանաչվող ձեռագրերի առումով։ Ես կարող եմ այն մարդկանց անունները թվարկել, ում անմիջապես տարբերում եմ՝ նույնիսկ հեռվից տեսնելիս։ Վիլիկը Զաքարյան, Տիգրանը Մատուլյանը, Վարդանը Տեպիկյանը, Արթուրը Հովհաննիսյան․․․

Արմինե․ — Գայը Ղազանչյան․․․

Սոնա․Հարութ Հովհարը, Նունեն Թումանյան․․․

Արմինե․Արթուրը Շարաֆյան, Հայդուկը․․․

Սոնա․ — Իսկ ո՞ւմ նկարն էինք այդքան երկար քննարկում։

Արմինե․Գալստյան Մարիամի, Մարտունի քաղաքից է։ 

Սոնա․ — Ես այդ նկարչին չեմ ճանաչում, բայց իր հաջորդ գործը հաստատ կտաբերեմ։ Մյուս կողմից  շատ աշխատանքներ կային, որ մեկը մյուսից չես տարբերի։ Ու դա իմ առաջին բողոքն է։ Իսկ երկրորդը, անշուշտ, թեմաների ընտրությունն է։ Արդյո՞ք եթե Սալոնը կոչվում է «Գարնանային», պետք է անվերջ ծաղիկներ, աղջիկներ ու նման թիթիզ բաներ նկարել-բերել։ Եկեք վերջապես անկեղծ լինենք։ Մենք քաղաքական ու պատմական շատ դժվար իրավիճակում ենք։ Եվ մեր տեսած աղետներից հետո «Վերնիսաժի թեմաները» զարգացնելը ես չեմ հասկանում։ Դա նշանակում է, որ արվեստագետը, քո ասածին հակառակ, ընդհանրապես զգայուն չէ՛։

Արմինե․ — Դե, ես խոսում եմ ազնիվ նկարիչների մասին։

Սոնա․ — Սալոնը, կարծես, պատրաստի ուսումնասիրություն լինի։ Բայց այդ ուսումնասիրության եզրակացությունն, ուրեմն, մխիթարող չէ, որովհետև քո ասած ազնիվ նկարչությունը քիչ է։

Արմինե․ — Բայց դա մի՜շտ է այդպես եղել։ Աշխարհի ամենահայտնի, ամենալավ թանգարանը գնա, կտեսնես, որ յուրաքանչյուր դարաշրջանում իսկապես ուժեղ արտիստները քիչ են։ Փոխարենը կան բազմաթիվ նկարիչներ, ում դու երբեք չես հիշի։ Այսինքն, եթե ներկայացված աշխատանքների 2%-ը քեզ ստիպում է մտածել, արդեն լավ է։ Իսկ Սալոնում այդ տոկոսը ակնհայտորեն ավելի մեծ է։ Ես հաստատ կարող եմ ասել, որ ներկա պահին Հայաստանում աշխատող նկարիչների առնվազն մեկ քառորդը իսկապես ստեղծագործող արվեստագետներ են, և դա չտեսնված արդյունք է։

Լավ է նաև, որ Սալոնը կազմակերպվում է այն ժամանակ, երբ արտերկրում բնակվող մեր նկարիչ ընկերները այստեղ չեն լինում։ Այսինքն, ցուցադրվում են հենց Հայաստանում ապրող արվեստագետները, և ստեղծագործական երկու տարբեր հոսքերը չեն խառնվում։

Սոնա․ — Ուրեմն այն նամանավանդ պարադոքսալ է։ Մի կողմից ծաղիկներ, աղջիկներ, փիսիկներ ու տգեղ հրեշտակներ, մյուս կողմից՝ աշխատանքներ, որոնք անասելի սրում են ժամանակի զգացողությունը։ Օրինակ, Սարգիս Չիբուխչյանի «Անցած ճանապարհը», որին հենց առաջինն էի բախվել, ու որն ինձ համար շատ խորհրդանշական էր։ Վերջին հաշվով, այստեղ էլ է գարուն պատկերված, բայց դա մի ամայի գարուն է, որից, ասես, հուսահատության հոտ է գալիս։ Գարունը նաև տարեմուտի ժամանակն է, բայց դու չգիտես՝ նոր բացվող տարին քեզ ի՞նչ է բերելու։ Իսկ մենք այսօր այդ վախով ենք ապրում։ Եվ երբ ես մտնում եմ ցուցասրահ ու հասկանում, որ ինձ անվերջ տանջող խնդիրները արվեստագետին էլ են տանջում,  մեր միջև այնպիսի կապ է ստեղծվում, որը հնարավոր չէ աշխարհի ամենասիրուն նատյուրմորտի պարագայում։

Արմինե․ — Կամ Գայ Ղազանչյանի աշխատանքը, որը շատ հետաքրքիր անվանում ուներ, «Ունայնության կանչը», կարծեմ, կամ նման մի բան։

Սոնա․ — Իմ կարծիքով, իր նախորդ աշխատանքների համեմատ սա շատ ավելի թույլ գործ էր։ Սուբյեկտիվորեն ինձ դուր չի եկել։ Բայց ինքս ամեն օր ունենում եմ այդ նույն ընկնելու, գահավիժելու և ոչ մի հենարան չունենալու զգացողությունը, որն այնքան մարմնեղ է այդ կտավին։

Արմինե․ — Դու ընկնում ես, իսկ քեզ պաշտպանող ինքնաթիռները թղթից են․․․

Սոնա․ — Եվ ինչքան էլ փնթփնթամ, ասեմ, որ դուրս չի գալիս, հենց այդ նկարն է կիսում ինձ հետ անկման սարսափը։ Ու ես հենց դա՛ եմ հիշելու։

Սոնա Արսենյան, Արմինե Թումանյան

Оставьте комментарий