Թոմաս Վուլֆի «Հեռավորն ու մոտիկը» ժողովածուի մասին գրելն իսկապես դժվար է, քանզի կան գրողներ և գրքեր, որոնք ընթերցելիս շատ անձնական են դառնում։ Եվ նրանց հետ հարաբերվելը, հասկանալը, բառերի թանձր շերտերի տակ ինքդ քո մեջ հայտնագործություններ անելը, գուցե, պետք է թողնել այնտեղ, ուր միայն երկուսդ եք` դու և տեքստը։ Տեքստ, որի հետ շատ ծանր է լեզու գտնել, ծանր, բայց և հաճելի ու դյութող․ հակասական զգացողություններ, որոնք, թերևս, միայն այս գիրքը, այս գիրն ու այս թարգմանությունը կարող է առաջացնել, որի համար, ի դեպ, խորին շնորհակալություն է պետք հայտնել Վարդան Ֆերեշեթյանին։ Բայց Ֆերեշեթյանի՝ առաջաբանում նկատած «միաժամանակ բերկրանք ու ներքին երկրաշարժ հիշեցնող» այդ զգացողությունը շատ դժվար է փոխանցել մեկ ուրիշին․․․
Ժողովածուն բաղկացած է 28 պատմվածքից, որոնք ծաղկաքաղ են Ֆրենսիս Է. Սքիփի կազմած «Լիակատար ժողովածու»-ից, որը մինչ այժմ անգլերեն հրատարակված՝ Հյուսիսային Կարոլինա նահանգի «հանճարեղ դիլետանտի» ամենաամբողջական ժողովածուն է համարվում ու ներառում է 58 պատմվածք։ Հայերեն առաջին անգամ լույս տեսնող այս գրքի ընթերցածդ ամեն էջի հետ ինքնաճանաչողության բարդ ճանապարհ ես անցնում, ամեն տողի հետ ապրում սուր բերկրանք և, մայրենի լեզվիդ ճկուն գեղեցկությունը ճաշակելով, ևս մեկ անգամ առերեսվում «Կորուսյալ սերնդի» որոնումներին, հիասթափությանը, դեպրեսիային և միայնությանը։ Վուլֆ-հետազոտողն անհատնելի ճամփորդության է դատապարտում իր ընթերցողին, իր բանաստեղծական, իմպրեսիոնիստական և այնքան զգացմունքային գրով առաջնորդում հոգու տարածք, ուր կերտում է կյանքի քաոսն ու ստիպում հասկանալ այն։
«Մարդիկ խոսում էին մեկնման համընդհանուր լեզվով, որ անփոփոխ է ողջ աշխարհում, լեզու, որը հաճախ տափակ է, փծուն և նույնիսկ անօգուտ, բայց հենց այդ պատճառով արտասովոր հուզիչ է, և ծառայում է այն բանին, որպեսզի թաքցնի խորունկ հույզերը, լցնի այն դատարկությունը, որը հայտնվում է բաժանման մասին խորհելիս, որպեսզի վահան ծառայի, ճշմարիտ զգացմունքները թաքցնող դիմակ»։
Անտեսանելի, անմեկնելի մի սարսուռ է պարուրում միտքդ, երբ կարդում ես 38-ը չբոլորած գրողի այս պատմվածքները և կռահում, թե ինչքան մենավոր, մերկ մարդիկ ենք մենք, ինչքան միայնակ է այս տարօրինակ աշխարհ շպրտված մարդը։ Ու չնայած ընթերցելիս կարող է թվալ, թե այստեղ ընդգծված է հենց կորուսյալ ամերիկացու կերպարը, բայց ես կհամարձակվեմ պնդել, որ խոսքն առհասարակ կորուսյալ և միայնակ մարդու մասին է՝ այն մասին, թե ինչպիսի ողբերգական կերպար է աստծո պատկերով ստեղծված արարածն ու ինչ մեծ խաբկանք է մեր ճանաչած կյանքը։
«Իմ կյանքը, ավելի քան որևէ մեկինը, ում ես ճանաչել եմ, անցել է մենության ու թափառումների մեջ։ … Երբ փողոցներում մեր կողքով անցնում են մարդկային ամբոխները, ես կարծում եմ` մենք հայտնաբերում ենք , որ նրանք բոլորը տառապում են միևնույն բանով»․․․
Այս առեղծվածային և դժվարամարս գիրքը թվում է՝ չունի սկիզբ և վերջ, այս խիտ գիրը կյանքի պես քաոսային է, և այդ անվերջ քաոսում՝ մռայլության կախարդական քողով պարուրված՝ մի տեքստից մյուսն են թափառում պատմվածքների հերոսները։ Մի պահ ընթերցողն անգամ սկսում է շփոթել նրանց․ ծանոթը դառնում է անծանոթ, օտարը՝ շատ հին հարազատ։ Բայց պատրաստ եղեք, որ նրանք բոլորը միևնույն է դուրս են ճողոպրելու ձեր տեսադաշտից։ Իսկ տեքստի հոսքը, որը կյանքի հոսքն է, շարունակվելու է․․․
Այո, Թոմաս Վուլֆը կտիպի ձեզ ճաշակել բացարձակ մենության համը։ Բայց եթե պետք եղածի չափ խիզախ գտնվեք, կծանոթանաք լիլիպուտների երկրում ապրող բարձրահասակ մարդու՝ Վուլֆի նոր Գուլիվերի հետ, ու նա, ձեր ձեռքից բռնած, կտանի ձեզ ծանոթ աշխարհի անծանոթ արահետներով։
«Հիրավի, այն աշխարհը, որ մենք տեսնում ենք և ինչին ծարավ ենք, մեզնից ավելի հեռու է, քան Մարսը, քանզի յուրաքանչյուր ակնթարթ այն համարյա մերն է դառնում, անտանելիորեն մոտ, ջերմ ու շոշափելի և անտանելիորեն հեռավոր հենց այն պատճառով, որ այդքան մոտ է՝ մի ոտնաչափ հեռավորության վրա, եթե մենք կարողանայինք արտաբերել գտնել ու մտնել այնտեղ, մենք կապված կլինեինք դրան մեր մոլեգնությամբ, և մեր իսկ քաղցից խժռվող, շղթայված գերյալներ և անառիկ են պատերը մեր սեփական մենության»․․․
Հեղինակ՝ Դիանա Խաչատրյան