Լուռ ձայներ և մեծ քաղաքականություն, համընդհանուր լեզուներ և անցյալը վերապրելու փորձ․ 9 ֆիլմ, որ պետք է դիտել «Ոսկե Ծիրան» 2024-ին

Հուլիսի 7 — 14-ը Երևանում անց է կացվում «Ոսկե Ծիրան» XXI միջազգային կինոփառատոնը, որն այս տարի նվիրված է Սերգեյ Փարաջանովի և Շարլ Ազնավուրի 100-ամյակին և հյուրընկալելու է կինոաստղ Քևին Սփեյսիին և աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանին։

Հայաստանյան գլխավոր կինոտոնին ընդառաջ կինոլրագրող Վալերիա Ցիագանովան ուսումնասիրել է փառատոնի ծրագիրն ու խորհուրդ է տալիս հետևյալ ինը ֆիլմը։

«Յոթ քող», ռեժ․ Ատոմ Էգոյան | Բացման ֆիլմը

Հրեաստանի Սալոմե արքայադստեր կերպարը, ով իր պարի դիմաց ստացավ Հովհաննես Մկրտչի գլուխը, դարերով հուզել է արվեստագետներին և ներշնչանքի աղբյուր է եղել նկարիչների և գրողների համար՝ Բոտիչելլիից մինչև Ռեմբրանդտ, Բլոկից մինչև Մալարմե։ Իսկ թատրոնում Սալոմեին նվիրված ամենահայտնի ստեղծագործությունը Ռիխարդ Շտրաուսի օպերան է, որը գրվել է XX դարի սկզբին՝ Օսկար Ուայլդի համանուն դեկադենսական պիեսի հիման վրա։ Կանադահայ հայտնի ռեժիսոր, Կաննի փառատոնի գլխավոր մրցանակի դափնեկիր Ատոմ Էգոյանն առաջին անգամ դիմել է այս գործին 1996 թ-ին և այս ընթացքում բաղմիցս վերադարձել դրան՝ անգամ վերածնել Կանադայի Օպերայի բեմում՝ զուգահեռաբար նկարելով «Յոթ քող» ֆիլմը։

Ֆիլմի սյուժեն ավելի քան պարզ է․ թատրոնի երիտասարդ ռեժիսորը (դերակատար՝ Ամանդա Սեյֆրիդ) առաջարկ է ստանում վերականգնել իր ուսուցչի օպերան։ Եվ ինչպես Սալոմեն էր մեկը մյուսի հետևից դեն նետում իր ծածկոցները, այդպես էլ երիտասարդ հերոսուհին է մեկ առ մեկ բացահայտում իր անձնական կյանքի շերտերը։ Էգոյանը վերադառնում է իր մշտական թեմաներին՝ բաց չթողնող անցյալին, ցավագին հարաբերություններին ու բռնությանը, որոնց հետ ռեժիսորն աշխատում է որոշակի սառնությամբ՝ խիստ և «հեռվից», ինչը լարվածություն և ինտրիգ է մտցնում ֆիլմի մեջ։ 

Փառատոնը մեկնարկելու է հենց այս ֆիլմով, իսկ ցուցադրության ժամանակ Ատոմ Էգոյանը կստանա Փարաջանովյան թալերը՝ կինոարվեստում հսկայական ներդրումի համար։   

«Անկոտրում աղջիկը», ռեժ. Պ. Ս. Վինոթրաջ | Միջազգային լիամետրաժ մրցույթ

Պ․Ս․ Վինոթրաջը երիտասարդ հնդիկ ռեժիսոր է։ Ավելի ճիշտ կլիներ ասել՝ թամիլ ռեժիսոր։ Հնդկաստանում այդպիսի մի մարզ կա՝ Թամիլ Նադուն, ուր ծայրահեղ չոր կլիմա է, ծայրահեղ աղքատություն և անկախ կինոարտադրություն։ Վինոթրաջը մուտք է գործել կինո առանց մասնագիտական կրթության, բայց կինոդիտողի հրաշալի փորձառությամբ․ նա DVD սկավառակներ էր վաճառում հայրենի գյուղի մոտակա քաղաքում։ Նրա դեբյուտային «Քարեր» ֆիլմը 2021-ին դարձավ Ոսկե Ծիրանի հաղթող՝ ապշեցնելով հանդիսատեսին անսպասելի պարզությամբ և միամտությամբ։ Կարծես դա նորածին ֆիլմ լիներ, որում ռեժիսորը ցույց էր տալիս մարդկանց կապն իրենց հայրենի լանդշաֆտի, անգութ արևի և շիկացած հողի հետ, որով հերոսները ողջ ֆիլմի ընթացքում բոբիկ էին քայլում։

Ռեժիսորի երկրորդ ֆիլմը՝ «Անկոտրում աղջիկը», շարունակում է հիպնոսացնող ճանապարհորդությունը գյուղական Հնդկաստանով և նրա հրեշավոր ադաթներով, միայն թե «Քարերում» գլխավոր հերոսն ու հայրիշխանական դաժան ավանդույթի զոհը երեխան էր, իսկ այստեղ՝ երիտասարդ կինը, ով համարձակվում է չտեսնված մի ըդվզման։ Ֆիլմի հերոսուհի Մինան ոչ միայն մերժում է ընտանիքի կողմից ընտրված տղամարդուն, այլև սիրահարվում ստորին կաստայի պատկանող երիտասարդի։ Բարեկամները պատկերացնել անգամ չեն կարող, որ կինը կարող է սեփական կամքն ունենալ, կարծում են, որ դա չար ոգու խաղն է, և ճամփա են ընկնում մի հեքիմի մոտ, ով պիտի ազատի ցավագար աղջկան։ Այդպես էլ սկսվում է Մինայի ոդիսականը, որի ընթացքում ռեժիսորը վարպետորեն, հումորով և զգուշավոր հույսով ցույց է տալիս ավանդական մշակույթի թերությունները՝ նրա դաժանությանը հակադրելով հերոսուհու փխրունությունն ու սեփական մարդասիրությունը։ 

«Դահոմե», ռեժ. Մատի Դիոպ | Երևանյան պրեմիերաներ

«Դահոմեն» Բեռլինի՝ ամենաքաղաքականացված միջազգային փառատոնի հաղթողն է։ Մեծ հաշվով այն ծառայում է նույն գաղափարին, ինչ Վինոթրաջի «Անկոտրում աղջիկը»․ վերադարձնում է նրանց ձայնը, ում աշխարհը սովոր չէ լսել։ Սենեգալցի ռեժիսոր Մատի Դիոպի՝ քաղաքականությունը միստիկ պոեզիայի հետ համադրող արտասովոր ֆիլմը տունդարձի պատմություն է, բայց ոչ թե մարդկանց, ինչպես ռեժիսորի դեբյուտային «Ատլանտիկայում» էր (Կաննի փառատոնի 2019 թ-ի գրան պրի), այլ արձանների։ 2021 թ-ին Ֆրանսիան հարավաֆրիկյան Բենին երկրին վերադարձրել է արվեստի 26 գործ, որոնք դուրս են բերվել XIX դարի վերջում այդ տարածքում գոյություն ունեցած Դահոմե թագավորությունից։ Դիոպն արձանների մասին պատմում է երկու մակերեսում՝ կիրառական և տեսական։ Մի կողմից հանդիսատեսը ֆիլմի օպերատոր Ժոզեֆին Դրուեն Վայարի հետ միասին հետևում է նրանց ճամփորդությանը, իսկ մյուս կողմից բենինի ուսանողների հետ միասին խորհում՝ ինչ անել դրանց հետ․ տանել թանգարա՞ն, թե՞ վերադարձնել արձանների երբեմնի ծիսական ֆունկցիան։ Եվ ի՞նչ անել գողացված այլ ժառանգության հետ։ Այս հարցերին պատասխանում են միայն վիզուալ կերպարները, իսկ պատումը կատարվում է Գեզո արքայի արձանի անունից, ով վերադարձել է հայրենիք, որն արդեն բոլորովին այլ երկիր է, և անվերջ զարմանում է՝ ինչու էին նրան այսքան ժամանակ ոչ թե անունով դիմում, այլ 26 համարով։ 

«Լեգուա», ռեժ. Ժուան Միլեռ Գեռա | Միջազգային լիամետրաժ մրցույթ

Պորտուգալիայի հյուսիսում՝ գեղատեսիլ հնաոճ առանձնատանն ապրում է երեք կին։ Տարեց Էմիլիան խնամում է տունը, ուր երբեք չեն գալիս տանտերերը։ Միջին տարիքի Աննան օգնում է նրան, բայց պատրաստվում է լքել վիլլան ու վերջապես հանդիպել մեծ քաղաքներում անվերջ արտագնա աշպատանքի մեկնող ամուսնուն։ Եվ Աննայի դուստրը՝ Մոնիկան մոր հետ հակամարտության է բռնվում, երբ վերջինս հրաժարվում է տեղափոխությունից՝ համառորեն պահպանելով տան կյանքն ու օգնելով հիվանդացած ընկերուհուն։ Ժամանակի հաստատուն հոսքը, ինքնորոշումն ու սեփական ուղու որոնումը՝ պարտքի, ավանդույթների և ապագայի երեք սերնդի սպասումների խաչմերուկում ցույց են տրվում Պորտուգալիայի ծանրաբարո բնության ֆոնին։ Բայց ամենահուզիչը սովորական առօրյայի տեսարաններն են։ Եթե դուք սիրում եք դանդաղ, «վիզուալ», հանդիսատեսի հանդեպ պահանջկոտ կինո, ապա անպայման պիտի դիտեք այս ֆիլմը, որն առաջին անգամ ցուցադրվել է Կաննում՝ Ռեժիսորների երկու շաբաթվա ընթացքում։ 

«Մենություն», ռեժ. Նինա Փաուլմադոութիր | Միջազգային լիամետրաժ մրցույթ

Կյանքից հոգնած մեծահասակի և երեխայի ընկերության մասին պատմություններ կինոյում շատ կան, թվում է՝ ի՞նչ նոր բան կարելի է ասել։ Բայց Նինա Փաուլմադոութերին հաջողվել է ստեղծել հետաքրքիր, արդիական և անչափ հուզիչ դեբյուտային ֆիլմ։ «Մենությունը» նկարահանվել է իսլանդացի հայտնի ռեժիսոր և սցենարիստ Ռունար Ռունարսոնի սցենարով (2008-ին նրա «Վերջին ֆերման» կարճամետրաժը հավակնել է Օսկարի) և անդրադառնում է ժամանակակից Իսլանդիայի ամենացավոտ հարցերին՝ ուրբանիզացիային ու միգրացիոն ճգնաժամին՝ ներառելով դրանք իրական ընկերության մասին սյուժետային գծում և զերծ մնալով կլիշեներից։ Ֆիլմի գլխավոր հերոսը ծերացող ֆերմեր Գունարն է, ում հողատարածքը գնել է պետությունը ու հիմա նա պետք է տեղափոխվի քաղաք։ Բայց այստեղ էլ նա, կարծես, հին կյանքով է ապրում․ պատից է կախում իր սիրած ձիու նկարը և շարունակում վայելել մենությունն ու անդորրը։ Մինչև զբոսանքի ժամանակ չի հանդիպում փոքրիկ Արիին, և նրա տունը դառնում է երեխայի ապաստանը ծնողների չսիրուց։ Ինչպես ընդունված է հյուսիսային երկրների ֆիլմերում, կինոնկարում շատ երկխոսություններ չկան։ Կերպարների զարգացումն ու հարաբերությունների դինամիկան փոխանցվում են վիզուալ լեզվով՝ ժեստով, լռությամբ, կամ անսպասելի խոսքով։ Նրբորեն, իրատեսորեն և անկանխատեսելիորեն։ 

«Դրախտն այրվում է», ռեժ. Միքա Գուստաֆսոն | Միջազգային լիամետրաժ մրցույթ

Շվեդ ռեժիսոր Միքա Գուստաֆսոնի «Դրախտն այրվում է» ֆիլմը Վենետիկի անցած փառատոնին «Հորիզոններ» անվանակարգում ստացել է մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար։ Այս մրցույթին մասնակցում են 40 տարեկանից երիտասարդ հեղինակները, ովքեր հաճախ ցուցադրում են ֆիլմեր երիտասարդության ու հասունացման մասին։ «Դրախտն այրվում է»-ն մանկությունն է, ամառային Շվեդիան, աղմկոտ անհոգությունը և վերահսկողության բացարձակ բացակայությունը։ Գրաֆիտիի մեջ կորած շենքում միայնակ ապրում են 7, 12 և 16 տարեկան քույրերը։ Նրանց մայրն անհետացել է դեռ Սուրբծննդյան տոներին և աղջիկներից ավագը՝ Լորան, նրա դերն է կատարում։ Ինչպես կարողանում է, այդպես էլ կատարում է․ կռվում է, քույրերի հետ սուպերմարկետից ապրանքներ գողանում և նոր մայր փնտրում, երբ սոցիալական ծառայությունն ի վերջո ուշադրություն է դարձնում նրանց։ Ֆիլմի ջերմությունն ու անձնական տոնայնությունն իսկապես նման են դրախտի։ Իսկ որ այն արվում է, կհասկանան միայն նրանք, ովքեր, ի տարբերություն աղջիկների, տեսնում են, որ նրանց լքել են․․․  

«Գազանը», ռեժ. Բերտրան Բոնելո | Ծուռ Ծիրան

«Գազանը» Ֆրանսիայի ժամանակակից ամենաաղմկահարույց ռեժիսոր, «Կոմա» և «Սեն-Լորան։ Ես եմ ոճը» ֆիլմերի հեղինակ Բերտրան Բոնելոյի՝ տվյալ պահի դրությամբ վերջին աշխատանքն է, որը ներշնչվում է ամերիկացի դասական Հեների Ջեյմսի «Գազանը թավուտում» (1903 թ․) վիպակով։ Ֆիլմի գործողություններն անցնում են երեք դարաշրջանում՝ XX դարի սկզբում, մեր ժամանակներում և ապագայում, այսինքն՝ 1910, 2014 և 2044 թթ-ին։ Ապագայում, ուր իշխում է արհեստական բնականությունն, իսկ մարդկային հույզերը լավ բան չեն համարվում, գլխավոր հերոսուհին հոգնում է դժբախտության կանխազգացումից և որոշում մաքրել իր ԴՆԹ-ն անցյալ կյանքերից։ Հոգեկորեկցիայի սեանսներից մեկին նա ծանոթանում է Լուիի հետ։ Նրանց հանդիպումը պատահական չէ՝ նրանք հանդիպել են նախորդ կյանքերում, և նրանց միջև մշտապես անբացատրելի ձգողականություն է առաջացել։ Ֆիլմը կարելի է դասել և՛ ռոմանտիկ մելոդրամաների, և՛ հոգեբանական թրիլերների, և նույնիսկ գիտական ֆանտաստիկայի շարքում։ Գլխավոր դերերում են Լեա Սեյդուն («Գերաստղ», «Ադելի կյանքը») և Ջորջ Մաքեյը («1917»)։ 

«Համընդհանուր լեզու», ռեժ. Մեթյու Ռենքին | Տարածաշրջանային մրցույթ

«Համընդհանուր լեզուն» պատմում է Կանադայում իրանացի էմիգրանտների մասին։ Ռեժիսոր Մեթյու Ռենքինը նկարահանել է այն իրանազգի սցենարիստներ Իլա Ֆիրուզաբադիի և Փիրուզ Նեմատիի հետ միասին։ Արդյունքում ստացվել է իրանական դասական ռեալիզմի և Ռենքինին բնորոշ սյուրռեալիզմի սահմանին գտնվող հուզիչ աբսուրդիստական կատակերգություն միահյուսված կյանքերի և երկու մշակույթների փոխազդեցության մասին։ Ֆիլմի գործողությունները զարգանում են Կանադայի և ԱՄՆ-ի սահմանին գտնվող Վինիպեգ քաղաքում։ Սյուժետային գծերը երեքն են։ Աշակերտուհիներ Նեգինն ու Նազգոլը գտնում են սառույցի մեջ մնացած թղթադրամն ու փորձում հանել այն՝ օգնության կանչելով անցորդներին։ Երիտասարդ գործարարը, ում դերակատարը ինքը՝ Ռենքինն է, թողնում է իր աշխատանքը Մոնրեալում և վերադառնում տուն՝ մորն ու հարազատ քաղաքն այցելելու։ Իսկ պատմության մոլագար գիդը, ում դերակատարն էլ Փիրուզ Նեմատին է, ձանձրալի էքսկուրսիա է անցկացնում լքված առևտրի կենտրոններով։ Վարպետների ոճերը միախառնելով հիրավի համընդհանուր կինոյի լեզվում՝ ռեժիսորը ստեղծում է ալտերնատիվ իրականություն, որում պատահական հերոսները մտերիմ են դառնում, և ցանկացած սահման կարելի է հաղթահարել համընդհանուր մարդկային փորձառությամբ։ Ֆիլմը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնում, որտեղ ստացել է հանիդսատեսի համակրանքի մրցանակը։ 

«1489», ռեժ. Շողակաթ Վարդանյան | Երևանյան պրեմիերաներ

Երբ 2020 թ-ի սեպտեմբերին Արցախում պատերազմ սկսվեց, դաշնակահարուհի Շողակաթ Վարդանյանը սովորում էր թվային լրագրության դպրոցում։ Երբ պատերազմի յոթերորդ օրը կորավ նրա կրտսեր եղբայր Սողոմոնը, Շողակաթը չգիտեր՝ ինչ անել։ Դասախոսը խորհուրդ տվեց վերցնել հեռախոսն ու նկարել ամենն, ինչ կապված է եղբոր որոնումների հետ։ Այդպես էլ ստեղծվեց այս ֆիլմը, որի շուրջ ռեժիսորն աշխատել է երկու տարի։ Շլացուցիչ անձնական դրամա ու մարդկային կյանքի փխրունության մասին համընդհանուր պատում, որն ի հայտ է եկել մեծ պատմության ահեղ ժամանակներում․․․ 1489-ը Սողոմոնի մնացորդների համարանիշն է․ դրանք ֆիլմի վերջում կտան հարազատներին։

Անցյալ տարվա նոյեմբերին ֆիլմն արժանացել է «վավերագրության Կաննի»՝ IDFA հեղինակավոր կինոփառատոնի գլխավոր մրցանակին։ Սա XXI դարում հայ կինոյի գրանցած ամենամեծ հաջողությունն է․․․

Հեղինակ՝ Վալերիա Ցիգանովա

Оставьте комментарий