Կեցության անասելի անկեղծությունը Զարեհ Որբունու «Օրագրում»

«Ի~նչ վէպ է այդ օրագիրը։ Կ’ուզեմ անպայման հրատարակւած տեսնել զայն, եթէ նոյնիսկ կարգ մը կիներ եւ բարեկամներ պիտի նեղուին իրենց մասին, իրենց մտերմութեան մասին վրան բաց գրուած տեսնելով»։ Այս տողերը Զարեհ Որբունին գրել է 1980 թվականի հունվարի 30-ին Գրիգոր Պըլտյանին ուղղված անձնական նամակում։

Որբունու «Օրագիրը» լույս է տեսել այս ամռանը` Գրիգոր Պըլտյանի աշխատասիրությամբ։ Նախաբանում Գրիգոր Պըլտյանն ընդգծում է, որ իրեն ուղղված նամակում Որբունու այդ ցանկությունը պիտի դառնար պատվեր իրենց վերջին հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել 1980 թվականի հոկտեմբերի 31-ին։ Եվ այսօր մենք հնարավորություն ունենք բոլորովին այլ դիտանկյունից մոտենալ, զննել ու ճանաչել 20-րդ դարավերջի արևմտահայ գրականության ամենայուրահատուկ հեղինակներից մեկին։ «Օրագիրը» ստեղծում է ընթերցանության մի նոր տարածք, որտեղ մարդ և գրող Որբունուց բացի մեզ ծանոթ ու անծանոթ շատ դեմքերի հետ հանդիպման հնարավորություն ենք ստանում։ Բերեմ մի օրինակ՝ Որբունու ազգանվան պատմությունը.

«Իմ անունս Էօքսիւզեան է, բայց առաջին համաշխարհային պատերազմէն վերջ եւ թուրքին կողմէ բնաջնջման ենթարկուած մեր ժողովուրդին կրած տառապանքներուն հետեւանքով, տեսակ մը անօրէն օրէնք էր եղած Պէրպէրեան վարժարանի մէջ [հայացնել] թրքական ծագումով անունները, ինչպես իմ անունս` Էօսքիւզեան, էօսքիւզ-որբ, առաջին օրն իսկ դասարանի տետրակին մէջ կնքուեցայ Որբունի։ Յիշել սակայն որ իմ Հայաստանցի ուսուցչս, Յարութիւն Պէրպէրեան, ուսուցիչ եւ գրող, իր անոնը` սափրիչ, անփոփոխ մնաց»։

Պատկերացրեք միայն, որ մենք կարդում ենք գրառումներ, որոնք ձգվել են շուրջ կես դար, գրառումներ, որոնք չափազանց հետաքրքիր են, չափազանց անկեղծ՝ տեղ-տեղ սեռային-զգացական յուրահատուկ շերտերով հագեցած, գրառումներ, որոնք արտառոց բացահայտում-հանդիպումներ են կազմակերպելու ընթերցողի համար։

Աշխատությունը բաղկացած է չորս մասից։ Ա մասը ներառում է 1921-ից 1944 թվականները (այս բաժինը բացվում է «Յուշարան»-ով)։ Բ մասն ընգրկում է 1950-ից 1970 թվականները, մաս Գ-ն 1972-ից 1973 թվականը, իսկ վերջինը` մաս Դ-ն՝ 1974-1980-ը։ Գիրքը հնարավորություն է տալիս մեզ գաղափար կազմել մի ամբողջ դարաշրջանի մասին և մի ուրիշ, հետաքրքիր պատկեր կառուցել մեզ արդեն ծանոթ դեմքերի և դեպքերի վերաբերյալ։ Աննկարագրելի անկեղծությունն ու իրերի և երևույթների խորքը սուզվելու անհագուրդ մղումն այս աշխատանքը դարձնում են աննախադեպ ու շատ յուրահատուկ։

«Տակնուվրայ վիճակի մէջ եմ։ Սաստիկ կը տառապիմ։ Այո, դրամը զիս կը փորձէ։ Ատոր համար կրնա՞մ սիրտ մը ծախել։ Մարմին մը, որուն սիրտը ինծի սիրել է»։

Օրագրումը Որբունին սկսել է դեռ Պոլսում, երբ բանաստեղծություն գրելու առաջին փորձերն էր անում, սակայն Գրիգոր Պըլտյանը գրքի «Վէպին օրագիրը» առաջաբանում նշում է, որ այդ ժամանակահատվածի գրառումները չեն պահպանվել (այդ մասին խոսվում է 1922 թվականի օգոստոսի 31-ին Վահան Թեքեյանին ուղղված նամակում)։ Իսկ ահա Պերպերյան վարժարանում գրված չափածո գործերը պահպանվել են և «կը ծառայեն այդ կորուստը դարմանելու»։ Այդ թվականներին գրված բանաստեղծություններից միայն մեկ օրինակ բերեմ.

Սէրս

Հոն արեւը կը ծընի,

Հոս արեւը կը մեռնի,

Իմ սէրս ալ անոր նման

Կը ծընի ու կը մեռնի։

(9.3.921)

Ապրելով կյանքի տարբեր բևեռներում՝ Որբունին օրագրել է կյանքը, մարդկանց, իրեն ու գրականությունը անասելի հետաքրքիր դիտանկյունից, որն աշխարհի ընկալման ու վերջինիս` բառերի միջոցով կառուցման արտառոց, չկրկնվող օրինակ է.

«Սոսկալի բան. կ’ապրինք կեանքին յարմարուելով։ Ի~նչ ստրկութիւն։ Կեանքին մէջ կը կորսուինք։ Ո՞ւր է իմ եսս։ Միայն կրնամ հաստատել բան մը, որ կայ`տառապանքն է… Ընդհանրապէս երկու կեանք ունինք։ Մէկը`առօրեան (յարմարուողութիւն) եւ միւսը՝ չենք գիտեր։ Ան պահուած է, թաքուն, բայց դէպք մը զայն մակերեսային կը բերե, միւսին տեղը կ’առնէ»։

Սակայն կյանքը հասկանալու փորձից առավել մեծ է Որբունու գրականությունը հասկանալու պահանջը․ բազմաշերտ ու խիտ այս աշխատության յուրաքանչյուր էջ մեծ սիրո խոստովանություն է գրականությանը և գրելուն, որ փրկության, ազատագրման ճանապարհ է․

«Պէտք է որ սկսիմ գրել։ Ի՞նչ գրել։ Պարզապէս գրել, խառն ի խուռն, առանց որեւէ առաջադրութեան։ Գրել առողջանալու համար։… Բանաստեղծութիւնը հոգիիս բժիշկն է»։

Վերջաբանի փոխարեն ուզում եմ շեշտել, որ սա ընդամենը փորձ էր գրել այս աշխատության մասին։ Վստահ չեմ անգամ՝ ստացվեց, թե ոչ, քանզի համառոտ այս տեքստը չի կարող փոխանցել նույնիսկ մեկ տոկոսը այն համդիպումների, որոնք ունեցել եմ, երբ ընթերցել եմ այս աշխատությունը։ Բայց թերևս դա էլ բնական է այս պարագայում, քանի որ.

«Այս օրագրի երկայնքին ամեն ինչ տեսնուած, ապրուած ու գրուած է մէկու մը կողմէ, որուն համար գրելը մահու կենաց հարց է եւ կեանքի բոլոր մանրամասնութիւնները կարեւոր են ու գրելի»։

Հեղինակ՝ Դիանա Խաչատրյան

Оставьте комментарий