Ճանճերի ժամանակը։ Զավակին փնտրող մոր ոդիսականը՝ որպես մեր ժամանակի ուղիղ պատմագրություն

Նարինե Կռոյանի «Ճանճերի ժամանակը» վեպը 44-օրյա պատերազմի մասին է։

Մարտի դաշտում որդուն փնտրող մոր ոդիսականը միջոց է, սակայն, որ կրկին անգամ հանդիպենք այն ամենին, ինչ տեղի ունեցավ մեզ ու մեր երկրի հետ 2020-ին: Ցավի ու կորստի մասին կարդալը բարդ է, իսկ գրելն առավելևս։ Իսկապես, պատերազմից անմիջապես հետո պատերազմի մասին գրելը, այն էլ այսպես ուղիղ, լուրջ համարձակություն և ներքին ուժ է պահանջում։ Էլ ավելի մեծ համարձակություն է պետք, որպեսզի երևույթներն ու դեմքեր-դեպքերը տարբեր կողմերից քննվեն և շատ ուղիղ ու առանց այլաբանությունների պատմվի այն բաների մասին, որոնք կարծես թե գիտենք, բայց միշտ խորհրդավոր լռության ենք մատնում։ Եվ այս ամենը պարտության համը բերանում…

«Ճանճերի ժամանակը» ուղիղ գիրք է՝ ուղիղ տեքստ, որն ուղիղ ձևով պատմում է մեր պատերազմի մասին, այն պատերազմի, որի մեջ էինք և ենք։ Ու չնայած մարտի դաշտում հայտնված մոր՝ Սոնայի պատերազմի մասին պատմության մեջ նվազ տեղ չի զբաղեցնում միֆականն ու զանազան խորհրդանիշերի խաղարկումը, բայց իշխողն, այնուամենայնիվ, ուղիղ խոսքն է, իրադարձությունների ուղիղ ընթացքը։ Այդ ուղիղը սարսափեցնող է, բայց և սթափեցնող, մանավանդ հիմա, երբ պատերազմից մի փոքր ժամանակ է անցել, ու կրկին  պիտի մտնես մի բանի մեջ, որից, գուցե, դեռ դուրս էլ չէիր եկել։

(Գուցեև դա է պատճառը, որ այս տեքստը տարբերվում է մյուս գրածներիցս: Ամեն դեպքում սա տեսնելու իմ ձևն է։ Եվ պետք է ուրեմն, որ դուք էլ կարդաք գիրքն ու մեր իրականության որոշ կողմերը տեսնելու ձե՛ր ձևն ունենանք։)

Բայց վերադառնանք միֆականին։ Վերնագրային մակարդակում արդեն ընթերցողը հնարավորություն է ստանում հետևություն անել, որ ճանճն է խորհրդանիշների աշխարհից օգնող այն գործիքը, որը բացատրում և առավել ցայտուն է դարձնում իրական աշխարհում կատարվող իրադարձությունները, որոնց հուշումները գուցե ունեինք, բայց չէինք ուզում, կամ չէինք կարող տեսնել։ Գերիրական և ուղիղ այս տեքստում մեզ տրված միֆ-բանալին հենց առաջին էջում է (չնայած, գուցե ինձ համար է այդպես, բայց ոչ շատերի, որովհետև նման ստեղծագործությունների դեպքում որքան էլ փորձես օբյեկտիվ վերլուծություն գրել, տապալվելու վտանգը մեծ է, քանի որ շատ են ապրված, իրականության մեջ մեզ կպած ու դեռ թարմ դեպքերը).

«Այսպիսով, ճանճերը, որ իրականում այլևս ճանճ չէին, մնացին ճանճի խեղճ ու խոցելի կերպարի մեջ, և յուրաքանչյուր տնային տնտեսուհու կարող է թվալ, թե լաթի մի կտորով կարող է շանսատակ անել դրանց. ի վերջո, ճանճ են և…

…Եվ վիշապը հաղթեց։

Նա վերածնվեց Եդեմից մնացած մի քարքարոտ հողակտորի վրա և իր մազոտ մռութով սկսեց դանդաղ ու հաճույքով հոշոտել հինավուրց այդ երկրի բնակիչների ուղեղները, բազմացավ նրանց աչքերի մեջ  և …

… Սկսվեց ճանճերի ժամանակը։

Հինավուրց երկրի մարդիկ հիացան անկուշտ ու անճոռնի ճանճով, բարձրացրին ու երկրպագեցին ճանճին` պատրաստ նրա ոտքերի տակ, գառների փոխարեն, զոհաբերելու սեփական զավակներին։ Նրանք մոռացան հինն ու ծաղրեցին վիշապի դեմ նոր կռվողներին։ Հետո թաղեցին իրենց արժանապատիվ զավակների մարմիններն ու անմահություն մաղթելով ճանճին`ստացան, կերան ու վայելեցին իրենց մատաղած որդիների գինը։

Սակայն ոչ ոք չգիտեր, չէր կարող իմանալ, որ մի օր պիտի գա ճանճի հետ մենամարտողը` վերածնվելու ոչ մի հնարավորություն չթողնելով վիրավոր վիշապին և…

…Ավարտվելու է ճանճերի ժամանակը»…

Գուցե պետք եղածից երկար մեջբերում էր, սակայն հենց այս հատվածն է պատկերում բուն տեքստում ծավալվող գործողությունների ողջ ընթացքը, բացում ներքին շերտերն ու այլաբանորեն պատկերում մեր իրականության շատ կողմեր։

Լաթի կտորով գուցե հնարավոր չէ ոչնչացնել ճանճին, որը զզվանք պատճառեց Սոնային, որովհետև ճանճի պատճառով դրոշի մեղրագույնին մնացած մեծ ու անճոռնի բիծը մեր երկրի ու մեր ժողովրդի մեջ բացված բիծն է՝ վերքը ու… խարանը։

Սոնան գրքի առանցքային կերպարն է, մայր ու կին, որ վեպի սկզբում փորձում է ոչնչացնել դրոշի վրա հետույքը քորող ու մազոտ մարմինը մաքրող ճանճին և ապա անցնում պատերազմը սկզբից մինչև վերջ, փնտրում որդուն ու մայր լինում ուրիշ մայրերի որդիներին, բուժում նրանց վերքերն ու իր «կնոջական» փխրուն մարմնով դիմակայում պատերազմի սարսափին, սովորում պաշտպանել իրեն ու անգամ սպանում թշնամուն իր «կնոջական» նուրբ ձեռքերով։ 

Այս ուժեղ ու խոցելի կինը պահանջատեր է ոչ միայն իր որդու, այլև մյուս զինվորների հանդեպ արածի համար, այն կին-մայրերի պես, որ իրապես գնացել էին իրենց՝ անհամապատասխան համարի կոշիկներով մարտի դաշտ գնացած որդիների համար արդարություն պահանջելու, և որոնց հավաքական կերպարն է Սոնան, ով այս գրքում կոչվում է «Սոնա երկիր»։ Երկիր, որը հղի է, ու հղի է երկվորյակներո՛վ։ Գուցե այդ նոր, այդ սպասվող կյանքերը պիտի դառնան մենամարտողն ու վերջ տան ճանճերի ժամանակին…

Հեղինակ՝ Դիանա Խաչատրյան

Оставьте комментарий