Ի սկզբանե Art Guru-ն մշակութային կյանքի իրադարձություններին հետևող, պատմող ու բարձրաձայնող հարթակ է։
2021 թ-ին, երբ մեր գործունեությունը նոր էր սկսվում, հայաստանյան արվեստին և մշակութային կյանքին նվիրված բազմաթիվ հոդվածներ, սյունակներ, անգամ՝ կայքեր կային, սակայն չկար գոնե մի հարթակ, որտեղ կարելի էր գտնել պարզ տեղեկատվություն․ ո՞ւր կարելի է գնալ այսօր, ի՞նչ կարելի է տեսնել այս կամ այն թանգարանում, ե՞րբ է բացվում այսինչ ցուցահանդեսը և այլն։
Հենց դրանից էլ սկսեցինք։ Միջոցառումների ընտրանիները կազմում էինք նախևառաջ ինքներս մեզ համար՝ փորձելով այցելել բոլորը։ Հետզհետե կայքում սկսեցին հայտնվել նաև լուսանկարներ, հարցազրույցներ, ռևյուներ և վերլուծական հոդվածներ։ Մենք գրում էինք արժեքավոր ու հետաքրքիր ամեն բանի մասին։
Այժմ Art Guru-ն վերակազմավորվում է՝ որպես գիտելիքի բազմամեդիա էկոհամակարգ, որը ներառում է տեղեկատվական այս հարթակը, ինչպես նաև առցանց ու առերես դասախոսություններ, վարպետաց դասեր, փառատոներ, հանրային զրույցներ, հանդիպումներ և այլն։
Մենք անում ենք ամեն ինչ, որ մեզ հետևելով մեր ընթերցողները-ունկնդիրները-հետևորդները դառնան գուրու արվեստի ոլորտում։