Մահվան ֆենոմենը և նրա ազդեցությունը մարդու և ամբողջ մարդկության վրա անսպառ, հավերժական թեմաների շարքից է։ Մարդու գործունեության տարբեր ոլորտներում այն տարբեր դրսևորումներ է ստացել, բայց իմ խնդիրն այսօր մահացության և գրականության փոխհարաբերությունը-փոխազդեցությունը ցույց տալն է։
Առիթը Աշոտ Ստեփանայի «Քաղաքը քեզ կսպասի» պատմվածքների առաջնեկ ժողովածուն է։ Գրքի 14 պատմվածքների գլխավոր հերոսը, կամ գլխավոր երկու հերոսներից մեկը նորին մեծություն մահն է։ Մյուսը, թերևս, ինքը՝ հեղինակն է, քանի որ այստեղ շատ դիպուկ է գործածվում հեղինակ-հերոս կառույցը, մինչդեռ հեղինակ-տեքստ նույնականացումն այնքան էլ չկա։ Որոշակի կետում էլ մահն ու հերոսը սերտաճում են ու դառնում միմյանց լրացնող-բացահայտող այն էներգետիկ կենտրոնը, որից էլ սնվում են ժողովածուի բոլոր 14 պատմությունները․
«Որտեղ գտնվում էի ես, այնտեղ օդում մանրէների տեսքով պտտվում էին մահվան ծիլերը, կարծես իմ գալուստով նաև մահն էր քայլեր ձեռնարկում»․․․
Բացահայտում չեմ անի, եթե ասեմ, որ մահվան գաղափարն ու ընկալումը եղել է ու կմնա գրականության կենտրոնական թեմաներից մեկը։ Ու դա հասկանալի է․ մենք մահկանացու ենք, իսկ դրա գիտակցումը կյանքի անխուսափելի ողբերգականության պատճառն է, որ մշտապես ուղեկցում է մեզ։ Ստեղծագործելով անհատը կառուցում է իր անմահության տարածքը, որտեղ գրական գործի օգնությամբ մահը ճանաչել-վերլուծել-ներկայացնելը, մահվան հետ հանդիպում կազմակերպելն ու մերձ հարաբերություններ ստեղծելը (իսկ այս գրքում այդ հարաբերությունները բավականին ստացված են) մահկանացուի մարտահրավերն ու պայքարի ձևն է, որն օգնում է ընթերցողին և հեղինակ-հերոսին մի փոքր թոթափել կուտակված էքզիստենցիալ բեռը։
«Մահը ամեն օր մեր ծոծրակին շնչում է, որ մոտ է, որ հետդ է, որ քո մեջ են աշխարհի բոլորի մահերը… Ամեն անգոյության հետ հանդիպման ժամանակ քո ներսից ինչ-որ մեկն է պոկվում-կտրվում։ Մահը իր մեջ է վերցրել աշխարհը ու շնչում է։ Շնչում է։ Շնչում է։ Արտաշնչում։ Մի օր ոչինչ չի լինի։ Միայն մահը։ Միայն մահը իր կերպը կփոխի։ Մոլորակը մարդկանց մեռած մարմնի ձվատուփն է»․․․
Փորձենք հասկանալ մահվան կերպը փոխելու գաղափարն ու տեսնել հեղինակի՝ ինքնաճանաչողության տանող ճանապարհորդությունը, որը դարձյալ մահվան միջոցով և մահից մահ տանող ցիկլով է տեղի ունենում։ Իհարկե այս երկու ենթաշերտերը կարելի էր առանձին-առանձին ներկայացնել, բայց ինձ շատ ավելի հետաքրքիր է համադրելով և մեկից մյուսը բխեցնելով հասկանալ դրանք, մանավանդ, եթե դա հնարավորություն է տալիս ժողովածուն ուսումնասիրել՝ որպես մեկ ամբողջական գործ։ Որովհետև որքան էլ անկախ են գրքի առանձին պատմությունները, հիմնաքարը մեկն է։ Ընդ որում, պատմվածքները հատուկ հերթականությամբ են դասավորված. յուրաքանչյուր ստեղծագործությունը գալիս է լրացնելու նախորդը, իսկ գրքի ավարտը վերածնվում, սկիզբ է առնում առաջին պատմվածքում՝ վերադարձ ի շրջանս յուր։

Գրքում մահվան փիլիսոփայությունը, ինչպես նաև մարդու՝ մահվանը հարաբերվելու հնարավոր ձևերը ամեն կերպ հոլովվում են։ Մահվան կերպը փոխելը եռաշերտ ու աստիճանական է, և հենց այստեղ է պետք հնարավորինս բացել այդ համադրությունը`կերպը փոխելն ու հեղինակ-ինքնաճանաչողություն միջանցքը օգտագործելով որպես ասելիքի հիմնական տարածք։
Յուրաքանչյուր նոր հասարակություն բերում է նոր մշակույթ ու ամեն անգամ ստիպված է լինում կրկին ապակոդավորել այդ բերածի մահն ու դրա ընկալումը։ Այսինքն, արդեն եղած, վերամշակված ու մարսած փորձին ավելանում է նորը՝ ստեղծելով ընկալման նոր ձև (գրքում դա նոր պատերազմն ու պատերազմի դաշտում զոհվելու սյուժետային գիծն է)։
Առաջին պատմվածքում հերոսը ներկայացնում է մահվան արդեն ճանաչելի կերպը, անձնական փորձառությունը, որի կրողն ենք մենք՝ լույս աշխարհ եկած, կամ նույնիսկ չեկած (այս պատմվածքում հերոսը չի ծնվում)։
«Ներհայել-կորել էր ինքն իր մեջ։ Ուրիշն էր դուրս եկել։ Թաքնված, երկար սպասած մեկը»․․․
Այնուհետև սկսվում են ինքնաճանաչողության նոր փուլերը, որտեղ կարևոր դեր է խաղում անցյալը, որը պատասխանատու է դառնում և ներկայի համար։ Ինչպես հեղինակն է նշում․ «Մանկության մասին հիշողությունները պատմում են այն ամենը, ինչ տեղի է ունենում մեզ հետ ապագայում»։ Ինքնաճանաչողության ու ձևի փոփոխության ընթացքում էլ կայանում է հեղինակ-հերոսի հանդիպումը մահվան տարբեր ձևերի հետ, որը սկսվում է չլինելուց ու վերջում կրկին դառնում է «չլինել»։ Սակայն այս երկու «չլինելու» միջանցքում «լինելը» շատ յուրովի է կայանում։
«Խենթերն աշխարհն ընկալում են իրենց աչքերով, նրանց երևակայությունը շատ ավելի մեծ է և չափից դուրս իրատեսական է այս քարերի համար»․․․
Հետաքրքիր է նաև գրողի ձեռագիրը. շատ հաճախ ներքին ինֆորմացիան բառ-պատկեր-հույզերի հետ խաղալով է կառուցվում, և գեղեցիկը-վախը-սարսափը-զզվանքը հերթափոխում ու լրացնում են մեկմեկու։
Երբեմն պատմվածքների սյուժեն ու ասելիքը ուղիղ չեն ընթանում, այլ նման են ֆիլմերի այն տեսարաններին, ուր անշարժ պատկերը բովանդակային հիմնական մասերը փոխանցող գլխավոր կրիչն է։ Ինֆորմացիայի ինքնատիպ կրիչներ են նաև յուրաքանչյուր պատմվածքի համար ընտրված բնաբանները, որոնք մուտքի գաղտնաբառերն են։
Մնում է ավելացնել․
«Մենք բան չգիտենք մահվան մասին, բայց նա գիտի մեր մասին ամեն ինչ»:
Հեղինակ՝ Դիանա Խաչատրյան