Ստեղծագործողի և իր ապրած ժամանակաշրջանի փոխհարաբերությունը յուրահատուկ կապ է։ Գրողի սուբյեկտիվ աշխարհն ու դրանից դուրս ծավալվող օբյեկտիվ իրականությունը հավերժ փոխներգործության մեջ են, ու հենց այդ փոխազդեցությունն է ստիպում ստեղծագործող մարդուն նոր որոնումների հետևից գնալ, գտնել իրականության պատկերման նոր ճանապարհներ։
Օբյեկտիվի և սուբյեկտիվի՝ գրողի և իր ապրած ժամանակի հանդիպումների յուրօրինակ արդյունք է Գրիգի նոր` «Friedensdorf» վեպը, որը հնարավորություն է տալիս հեղինակի ձայնը լսել տարբեր շրջափուլերի ու իրադարձությունների մեջ։ Ձայն, որը երկխոսություն է ստեղծում վեպի բազմաթիվ ինտերտեքստերի միջև։ Ու թեև միջտեքստայնությունը նոր բան չէ գրականության մեջ, հիշենք հին հունական գրականությունը կամ էլ Հին և Նոր Կտակարանների միջև եղած կապը, բայց կարող ենք պնդել, որ Գրիգը կարողացել է գտնել տեսքտը տեքստում կառուցելու ի՛ր կերպը ու շատ լավ գիտի՝ այս կամ այն տարասեռ կտորը` որպես ներդիր, որտեղ է կարելի ճիշտ օգտագործել, որպեսզի պատումի հյուսվաքծը դառնա կատարյալ։ Այդ ամենը հասկանալն ու բացահայտելն էլ հետաքրքիր փորձ և, ինչու ոչ, մարտահրավեր է ընթերցողի համար։
«Friedensdorf» թարգմանաբար նշանակում է «Խաղաղության գյուղ»։ Սա պատմություն է պատերազմի, բայց և խաղաղության մասին, որը փնտրում են բոլորը՝ տարբեր ժամանակներում ու տարբեր ձևերով։ Ուրեմն ո՞րն է այն գտնելու գրողի յուրահատուկ ձևը և այդ ձևի մեջ կառուցված աշխարհը:
Գրիգի դեպքում դա գեղարվեստական, վավերագրական, անձնական տարբեր փոքր տեքստերից կարված մեկ ընդհանուր տեքստն է, ուր տարբեր գրողների ստեղծագործություններից հատվածներն ու մտքերը համադրվում են սոցցանցային գրառումների, մամուլի և պաշտոնական հաղորդագրությունների հետ և դառնում «Խաղաղության գյուղի» սյուժետային մեկ ընդհանուր գիծը կազմող, սյուժեի հիմքի վրա հավաքվող առանձին, բայց միասնական միավորները։
Վեպի մեկ այլ յուրահատկությունը ժամանակների խաղարկումն է։ Պատումի մեջ զուգահեռ զարգանում են մի քանի ժամանակաշրջան՝ 2016-ի քառօրյա պատերազմը, 2018-ի հեղափոխությունը, 2020-ի 44-օրյա պատերազմը, նույնիսկ՝ զանազան դեպքեր ԽՍՀՄ շրջանից։ Միանգամից մի քանի ժանր`ինքնակենսագրականն ու վավերագրականը, քաղաքականն ու միստիկը օգտագործելով՝ պատմողը գտել է ծավալն ու բովանդակությունը գրքում հնարավորինս արդյունավետ գործի դնելու ամենաճիշտ միջոցը։ Դա կարևոր է, քանի որ այս ստեղծագործության միջոցով Գրիգը փորձում է հասկանալ խաղաղությունն ու պատերազմը, իր երկիրն ու վերջինիս պատմությունը։ Եվ հասկանալու այս փորձը ստիպում է, որ բառը դեգերի մի քանի ժամանակի միջով, գնա ու խառնվի ժամանակին արդեն գտնված ու գրված այլ բառերին։
Ահա գրքում տեքստային անցումների մի քանի հետաքրքիր օրինակ․
« … իսկ Դավիթի մայրն ամեն օր լվանում է համազգեստը, բայց լաքաները հայտնվում են, իսկ կինը, գիտեմ, բայց նորից հայտնվում են, գիտեմ, բայց, գիտեմ, երկրագնդի ամենագեղեցիկ երևույթը և ամենագեղեցիկ պարգևը կինն է, տիեզերքի ամենագեղեցիկ պարգևը կինն է»…
Այստեղ Գրիգի պատմությանը խառնվում են Խեչոյանի հարցազրույցից վերցված մտքերը։ Մեկ այլ տեղ ոչ գեղարվեստական տեքստն ընդմիջվում է Տերյանի տողերով․
«… տարրական գիտելիք ունեցող ցանկացած զինվորական կփաստի, որ հակահարձակման օպերացիայի պլանավորումը շաբաթներ է տևում, արևավոր ի՛մ պատանի, էսկալացիայի մասին պաշտոնական հաղորդագրությունից րոպեներ անց էլ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներն առաջնագծից նյութեր են հրապարակում, ի՛մ պատանի, կարմիր է քո հարսնացուն»․․․
Այնուհետև գրողը որոնում է Չարենցի փնտրած երկիր Նաիրին.
«… քեզ է նայում, լուսանկարի հետնամասում գրված է` 1987. Գրիգոր, մեր երկիր Նաիրին, մեր երկիրը Նաիրի միֆ չէ, ասում է, եթե միֆ էլ է, իմացիր` միֆը խեղճերի ձեռքում է թուլություն»․․․
Հետո ճանաչում ենք Մաթևոսյանի բառը.
«… լավանալու եմ ու գերմանուհու հետ ամուսնանամ, վճռում ես, ու խեղճ ես, ասում է, լավը չես, ասում է, իհարկե»․․․
Ծանոթ և անծանոթ բառերի դեգերումները, տեքստաստեղծման այս մեթոդն ու հին խորհրդանիշներին նոր գաղափարներ հաղորդելը «Friedensdorf»-ի ամենահետաքրքիր կողմերն են։ Վեպի գաղափարական աշխարհի հիմքը կազմող խորհրդանիշների մի մասը մեզ ծանոթ է, ինչպես, օրինակ, գրեմանացին՝որպես շատ ճիշտ մարդու կերպար, կամ տուշկանչիկ կենդանին, որն աշխարհում ամենաշատ թշնամիներն ունի և բնից դուրս է գալիս միայն գիշերը։ Սակայն որոշ ճանաչելի սիմվոլներ էլ բոլորովին այլ իմաստ են ձեռք բերել «Friedensdorf»-ում։ Դրանցից առավել հետաքրքիր է աղավնին։ Մեզ լավ հայտնի է աղավնու խորհուրդը տարբեր ազգերի մշակույթներում, բայց փորձենք տեսնել, թե ինչպիսին է այն Գրիգի մոտ։ Ի վերջո աղավնու կարմիր պատկերը պատահական չի հայտնվել գրքի շապիկին։
«… ասում է, թռչունին հսկող աչքը մահը տեսնող աչքն է, գիտեմ, մահ տարածողին մի՛ հերոսացրու և թուլություն մի՛ համարի քեզ տեսնող աչքը»․․․
Աղավնին վերածվում է մահ կանխագուշակող թռչունի և իր մեջ ամփոփում մահվան գաղափարը.
«Դեռ չգիտես` կյանքի ծառը հայելային անդրադարձմամբ շարունակվում, դառնում է մահվան ծառը` վրան թռչուններ, դեռ չգիտես` թռչունը մահվան նշան` աղավնի… հիշելու ես, հորս հիվանդանալուց առաջ տեսա, ճանաչեցի թռչունին, հորս սենյակի լուսամուտից հեռու չէր գնում, հորս հուշում էր, որ ավարտի կիսատ գործերը, որ քիչ է մնացել»․․․
Հեղինակ՝ Դիանա Խաչատրյան