Տեքստը՝ Սոնա Արսենյանի
Լուսանկարները՝ Աննա Պրիլուցկայայի
Եթե անկեղծ լինենք, Փարաջանովի թանգարանը երկու ժամում չես զննի։ Իսկ եթե ավելի անկեղծ լինենք, թանգարանի մի պատն էլ երկու ժամում իրապես չես ուսումնասիրի։
Այստեղ պահվում է 1644 ցուցանմուշ՝ ռեժիսորի անձնական իրերը, ֆիլմերի ռեկվիզիտն ու հագուստները և, իհարկե, կոլաժները։ Թանգարանն ինքը կարծես երկհարկանի կոլաժ լինի։ Հաղթահարելով գողտրիկ բակ մտնելու գայթակղությունը՝ թեքվում ես ձախ, մտնում նախասրահ, բարևում խստադեմ տոմսավաճառին, անցնում նեղլիկ գրախանութի մոտով՝ ինքդ քեզ համոզելով, որ այսօր ոչինչ չես գնելու, ու մտնում առաջին ցուցասրահը։ Սա Փարաջանովի արվեստի տաճարն է, բառիս բուն իմաստով։ Սրահը կամարակապ բաժանումով կիսվում է երկու «նավի», իսկ հենց դռան դիմաց փարաջանովյան «զոհասեղանն» է։ Բայց մի շտապեք առաջանալ, սկսեք հենց դռան պատից, որտեղ կախված են արխիվային լուսանկարները, ավելի ստույգ՝ արխիվային կոլաժները․ Փարաջանովի փաստաթղթերում անգամ իրականն ու երևակայականը կողք-կողքի են։ Զննում ես տասնյոթամյա անասելի հրապուրիչ ռեժիսորի, նրա անբախտ երիտասարդ կնոջ և մոդայիկ մոր սև-սպիտակ լուսանկարները, փորձում հանճարեղության նշան տեսնել ռեժիսորի ՎԳԻԿ-ի կուրսի լուսանկարում, հետո շրջվում ես ու անսպասելի հարված ստանում գույների տեղատարափից․․․
Երևանում ռեժիսորի տուն-թանգարանը բացելու գաղափարը պատկանում է Փարաջանովի ընկեր, լուսանկարիչ Զավեն Սարգսյանին։ Ասում են, որ նրանք ծանոթացել էին Գեղարդում․ Փարաջանովը նոր էր ազատվել բանտից և, գուցե, ուզում էր շնորհակալություն հայտնել վերերկրային ուժերին։
1988-ին Զավեն Սարգսյանը, որն այդ ժամանակ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրենն էր, կազմակերպում է Փարաջանովի կոլաժների, տիկնիկների և այլ աշխատանքների մասշտաբային ցուցահանդես։ Փարաջանովը գալիս է Թիֆլիսից՝ նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու։ Բացմանն էլ նշում, որ իր կյանքի մնացած տարիները կցանկանար ապրել Երևանում։ Բայց ինչպե՞ս կարելի էր կյանքի կոչել այդ երազանքը։
Նախ, Զավեն Սարգսյանի շնորհիվ, Խորհրդային Հայաստանը գնում է Փարաջանովի՝ ցուցահանդեսին ներկայացված բոլոր ստեղծագործությունները, ինչի շնորհիվ երկրում ստեղծվում է Փարաջանովյան հավաքածու, որը կարելի էր ցուցադրել արվեստագետի ապագա տանը։ Մնում էր միայն կառուցել այն։
Ապագա թանգարանի համար երկու վայր է առաջարկվում՝ քաղաքի կենտրոնում, Աբովյան փողոցի այն շենքում, ուր այժմ գտնվում է հանրահայտ «Դալանը», և Ձորագյուղ ազգագրական թաղամասում։ Ասում են, ռեժիսորն ընտրում է Ձորագյուղի երկհարկանի կիսակառույցը, որովհետև ուզում էր, որ Երևանի իր տունն առավելապես նման լինի Թիֆլիսի տանը, շատրվանով ներքին բակ ունենա, ուր կզբոսնեին սիրամարգերը․․․
Թանգարանային սրահում պատահական բան չկա․ պատի տակ դրված է Փարաջանովի մանկության սնդուկը, ուր կարելի էր թաքնվել, դիմացը՝ հնաոճ սփռոցով սեղանը, որի շուրջ նստում են էքսկուրսավարներն ու այցելուները։ Սա հազվադեպ պահոց է, ուր ցուցանմուշները առավելապես մոտ են դիտողին, իսկ այցելուն ոչ թե զբոսաշրջիկ է, այլ հյուր Փարաջանովի տանը։ Ու երբ նայում ես՝ ինչպես են փշուր-փշուր եղած ամանեղենից Փարաջանովի թեթև ձեռքով բացվում ծաղիկներ, սկսում ես հավատալ որ եթե Փարաջանովին, տունը գեղեցկացնելու համար, գազանանոցից, կամ որևէ այլ վայրից սիրամարգեր չբերեին, ինչպես հաճախ էր լինում ֆիլմերի նկարահանումներին, ինքն այդ հազվագյուտ թռչուններին ցանկացած իրից կսարքեր․․․
1988-ի երկրաշարժն ընդհատում է շինարարությունը։ Առջևում տաժանակիր 1990-աններն էին։ Երբեմնի Խորհրդային կայսրությունը ցնցվում էր դողէրոցքից, իսկ Փարաջանովի մոտ հայտնաբերում են քաղցկեղ։ Նա միայն մեկ անգամ է լինում իր անավարտ թանգարանում, բայց լիահույս էր, որ կբուժվի ու կհասցնի ապրել այստեղ։
Ցավոք, չհասցրեց։ Թանգարանը բացվեց 1991-ին՝ ռեժիսորի մահվան տարելիցին։ Իսկ մինչ այդ Զավեն Սարգսյանը ստիպված էր բազում գիշերներ անցկացնել շինհրապարկում ու հսկել շինանյութը։ Դե, հասկանալի է, «մութ ու ցուրտ» տարիներն էին․․․
Տուն-թանգարանի երկրորդ հարկը պետք է բաժանվեր ցուցասրահների և բնակելի հատվածի։ Խոհանոցը բակում պիտի լիներ։ Ռեժիսորը կարող էր հյուրերից պատսպարվել փայտե դռների հետևում, թաքնվել պատշգամբում, կամ սպասել բակում։ Այժմ այս հարկը զբաղեցնում են Փարաջանովի երևակայական հյուրասենյակն ու ննջասենյակը՝ զարդարված Թիֆլիսից բերված կահ-կարասիով, բանտային արվեստին նվիրված առանձին սենյակն ու ևս երկու ցուցարահ։
Հիրավի, երկու ժամում այստեղ ոչինչ չես տեսնի, բայց թռուցիկ հայացքն իսկ բավական է՝ հասկանալու համար, որ Փարաջանովի երևակայությունն անսպառ էր։ Որ իր ստեղծած պատկերը չի սահմանագծվում շրջանակով, շրջանակն ինքն է արվեստի գործ դառնում։ Որ իր համար իրը, նյութը, կամ մեծուփոքրը կարևոր չեն՝ ուզում ես գրիչով շապիկին խզբզիր, ուզում ես ափսեներին նկարիր, ուզում ես կաթի շշի փականները մեխով քերծիր, ամեն ինչ հոգի և անհատականություն է ստանում իր ձեռքում։
























