Մողեսը՝ տապանաքարին, հերոսը՝ հիշողության ու մահվան խաչմերուկում Արչիլ Քիքոձեի նոր վեպում

Մողեսը`անորսալիության և վերածնվելու խորհուրդը  կրող այս սողունը,  շատ խորհրդավոր ձևով իր մեջ է ամփոփում վրացի գրող Արչիլ Քիքոձեի «Մողեսը տապանաքարին» նոր գրքի տարատեսակ ենթաշերտերը։

Որպես հնագույն սիմվոլ՝ մողեսը  բարու և չարի սկիզբն է կրում, բացի այդ կյանքի և մահվան, վերին և ներքին աշխարհների խորհուրդն ունի։ Հռոմեացիները համարում էին, որ մողեսը մեռյալների աշխարհից ուղարկված սուրհանդակ է, իսկ վաղ քրիստոնեական շրջանում այն խորհրդանշում էր մարդկային հոգին։ Մողեսը տապանաքարին է, ու այս տեսարանը, վերնագրային մակարդակում շեշտվելուց բացի, տարբեր ձևերով արտացոլվում է գրքում։ Ստացվում է՝ տապանաքարին է մարդկային հոգին, կամ մեռյալների աշխարհից ինչ-որ բան փոխանցողը։ Ու դարձյալ գալիս ենք սկզբնաղբյուրին՝ ամենասկզբին, որը չգոյ վիճակն է՝ չլինելությունը, մահը և մահից անդին։ Այդտեղից ու այդտեղի միջոցո՛վ նաև գրքի հերոսը փորձում է հասկանալ կյանքի առեղծվածն ու այն անհասկանալին, որը տեղի է ունենում իր ներկայում։ Ու այս բոլորի կողքին հեղինակը մողեսից ստեղծում է իր ընտանիքի՝ շատ տեղային, շատ անձնական խորհրդանիշը.

«Սիրում եմ էս տապանագիրը։ Մեր հարսանիքից  շատ առաջ եմ նկատել, բայց հիմա, երբ տեսնում եմ, սիրտս առանձնահատուկ է բաբախում, քանի որ քարին կանաչ մողես եմ տեսնում։ Փախչում է ինձնից, պլստում է ու անհետանում խոտերի մեջ»։

Սա իսկապես այն հետաքրքիր դեպքերից է, երբ հնագույն խորհրդանիշը հեղինակի գրչի շնորհիվ վերաձևակերպվում և վերաիմաստավորվում է։

Բայց վերադառնանք կյանքի և մահվան հարցին։ Այս անբաժան զույգը  Քիքոձեի մոտ միշտ համադրվում է ինչ-որ բան հասկանալու փորձի հետ՝ մի բան, որը  կարծես շատ պարզ է, բայց և անորսալի իր վերջնական ձևակերպման, իր դյուրընթեռնելի կերպի մեջ։ Այդ պատճառով էլ դեպի անցյալ վերադարձը, ներկան անցյալո՛վ հակադրել-բացապարզելը, մոռացության դեմ հիշողությա՛ն զենքով պայքարելը հավատամքի պես բան է դարձել Քիքոձեի գեղարվեստական լեզվում։

Անցյալի և ներկայի, հիշողության և մոռացության ու դրանց միջնորդությամբ կյանքը հասկանալու իրեն բնորոշ ձևերը ներկա են դեռ «Հարավային փիղը» վեպում` շատ հստակ, բայց միայն Քիքոձեի գրկան տեսողությանը բնորոշ երանգներով։ Բայց իր նոր վեպում Քիքոձեն ոչ թե մեկ, այլ մի քանի քայլով առաջ է անցել հասկանալու այդ մեթոդը գործածության դնելու ծեսում։ Եթե «Հարավային փիղ»-ում  գործ ունեինք Թբիլիսիում թափառող արվեստագետի խոհերի, պատմությունների ու ներկայի հետ հարաբերվելու խնդիրների հետ, ապա այստեղ հերոսի կամ (որ նույնն է) գրողի խոհեր-հարցադրումների և հասկանալու փորձերն ու որոնումները դուրս են տեղային շրջանակից, թեև համամարդկային տխրությունը և կյանքի առեղծվածը  բացահայտելու մեթոդի օժանդակ միջոցները խիստ ազգային` վրացական հավատալիքների և ավանդույթների գործիքակազմով են զարգանում։ «Մողեսը տապանաքարին» գիրքը վրացական մշակութային կոդերի մի իսկական պահոց է և որոշ առումներով  այդ մշակութային կոդերը եթե ոչ հարազատ են մեզ, ապա շատ լավ ծանոթ են։

Այս ամբողջի մեջ  երկուսը` մահն ու հիշողությունն են լավագույնս  օգնում հասկանալ պատմության ներքին շերտերը և կյանքի քիքոձեական նոր հարցադրումները։

Մահը և հիշողությունը Քիքոձեի մոտ կարելի է ապակոդավորել  որպես համամարդկային (մահ) և ազգային (հիշողություն) խնդիր-հարցադրումների զույգ։ Այս երկուսը, բնագիրը երկշերտ կառույց դարձնելով, ոչ միայն չեն բացառում իրար, այլև խիստ սերտաճած են, փոխլրացնում են իրար և հնարավորություն տալիս մնացյալ մշակութային կոդերին  լավագույնս դրսևորվել իրենց հատման կետում։ Իսկ այդ հատման տարածքում առաջին և հրաշալիորեն ներդաշնակության հասած խորհրդանիշը մողեսն է, որովհետև ոչ տեղային խորհուրդները վերջինիս միջոցով տեղայնացվել են ու մողեսը վերածվել է  տեքստի տարածքում մեկ այլ` հեղինակաստեղծ կամ քիքոձեաստեղծ խորհրդանիշի։ Նույն համադրությունն է գործում վրացական ավանդույթների ու հունական առասպալների դեպքում։ Դրա ցայտուն օրինակը վեպի հերոս Գիգոյի մահվան հետ է առնչվում.

«Իրական ծեսը գարնանը կլինի սարում։ Նրա վերջին հուղարկավորության ժամանակ կանցկացվի նաև Գիգոյի անվան ձիարշավը։ Գիգոյի հոգու ձին էնտեղ կլինի, մյուսների հետ կթռչի լեռնային արահետներով, իսկ նրա անթամբ մեջքին նստելու է ինձնից ժիր ու ճարպիկ մի ձիավոր»։

Իսկ այս տողերն օգնում են ավելի ամբողջական պատկերացում կազմել  բերված գաղափարի մասին.

«Զոհված ընկերոջ հուղարկավորմանը Աքիլլեսը ձիարշավ անցկացրեց։ Պատկերացնում ես` ինչ հինավուրց ծես է ու մեր սարերում է անցկացվում։ Դեռևս անցկացվում է»։

Ընդհանրապես այս վեպում շատ մեծ տեղ է գրավում առասպելի միջոցով անհասկանալիին մերձենալու փորձն ու իզուր չի ասվում.

«Աչքիս առաջ նոր առասպել է ծնվում»։ Չնայած պետք է առանձին շեշտել` առասպել ասելով ինչ է հասկանում հեղինակը, որն է իր համար առասպել ասվածը.

«Էնտեղ, որտեղ պատմություն չի գրվում, ամեն ինչ անմիջապես դառնում է առասպել, իսկ առասպելը պատմությունից դուրս է։ Մեր լեռներում մի դար առաջ տեղի ունեցած պատմությունը գուցե անտիկ առասպելի պես հին լինի, փոխարենը առասպելները միշտ ճշգրիտ աշխարհագրություն ունեն»։

Հիշողությունը Քիքոձեի վեպում միագիծ չէ, այլ՝ երկճյուղ։ Այս ճյուղավորումը մի կողմից ընթանում է անձնական-ընտանեկան-ընկերական գծով, մյուս կողմից՝ ազգային, Վրաստանի ներկայի և անցյալի, պատմության, ժամանակների, հավատալիքների ու ավանդույթների, ու այդ համատեքստում ժամանակակակից աշխարհի հետ քաղաքական-մշակութային ոլորտներում հարաբերությունները հասկանալու փորձով։Վեպի այս շերտում գլխավոր խորհրդանիշը Գիգոյի կերպարն է։ Ողբերգական և ծիսական մահ-հուղարկավորութուն փուլերով անցնող այս հերոսը բեռլինյան Կալիպսոյից փախած մի նոր Ոդիսևս է, ով  ընդհանրանում է Վրաստանի հետ։

«Մողեսը տապանաքարին»  վեպը ճանապարհորդություն է, որը հերոսին տանում է դեպի իր ու իր ընտանիքի անցյալ՝ մինչև մահ, մինչև տապանաքար, մինչև կհասկանա մորը և իր կյանքի մյուս կանանց, մինչև կհասկանա մաև հորը։ Եվ ճանապարհորդություն է դեպի Վրաստանի անցյալ, դեպի այդ երկրի լեռներն ու հին հավատալիքները։ Այս գիրքը որքան ժամանակակից իրականության ու այսօրվա կյանքի մասին է, ճիշտ նույնքան էլ այդ իրականությունից դուրս է։ Իսկ ընթերցողին մնում է ճիշտ կարդալ այդ դուրսը տանող խորհրդանիշների լեզուն.

«Տան դիմաց արևի սրտին նստած, մահից ու յուրայիններից մոռացված կինը մեզ պատմում է արթնանալու պատմությունը, ու ինձ նորից թվում է, որ ինքն էլ, մենք էլ իրականությունից դուրս ենք»:

Հեղինակ՝ Դիանա Խաչատրյան

Оставить комментарий