Ապրիլին Latitude Art Space-ում բացված «Tending the Frenzy» խմբակային ցուցահանդեսը տողերիս հեղինակի անհամեստ կարծիքով արդեն իսկ տարվա լավագույն ցուցադրություններից մեկը կարելի է համարել։ Իսկ ինչպես հայտնի է, լավ ցուցահանդեսը արվեստի, արվեստի կառավարման, արվեստագետների հետ աշխատելու, ստեծականությունը խթանելու և այլ կարևոր հարցերի շուրջ խոսելու լավ առիթ է։ Ու քանի որ մեկ զրույցը լավ է, իսկ երկուսն՝ ավելի լավ, միաժամանակ զրուցեցի «Tending the Frenzy»-ի համադրող Ֆին Արշավիրի և Yerevan Biennale Art Foundation-ի գործադիր տնօրեն Անի Իսրայելյանի հետ։
Latitude-ի խցանումառատ ճանապարհին Անին խոստովանեց, որ այդպես էլ չկարողացավ հայերեն թարգմանել «Tending the Frenzy» բազմաշերտ ու բազմիմաստ վերնագիրը։ Առաջարկեցի «Գուրգուրելով քաոսը» տարբերակը․ այստեղ ինձ դուր է գալիս հատկապես «գուրգուրել» բառը, և շուտով կհասկանաք՝ ինչու։
Ֆին Արշավիրը Հայաստան էր եկել Շոտլանդիայից Birthright Armenia ծրագրով։ Գործնականում նա իր վերջին հնարավորությունն էր օգտատործել, քանի որ ծրագրին կարող են դիմել միայն 32 տարին չբոլորած երիտասարդները, իսկ ինքն արդեն 31 տարեկան էր։ Մինչ Հայաստան գալը Գլազգոյում արվեստագետների իր խումբն ուներ, զբաղվում էր էկոլոգիայի օրըստօրե ահագնացող հիմնախնդիրները բարձրաձայնող ու բնության հետ մարդկության հարաբերությունները վերաիմաստավորող արվեստով։ Դժվար է ասել՝ հոգատարությունն իր բնավորության գի՞ծն է, թե՞ արվեստի հիմքը, բայց Ֆինն ու YBAF-ը, որի առաքելությունն էլ հայ արվեստագետներին օգնելն ու Հայաստանի արվեստային դաշտը խթանելն է, բախտի բերմամբ գտել էին իրար։

Երևան Բիենալ Արվեստի Հիմնադրամը Հայաստանում բարեգործական միակ հիմնադրամն է, որը երկրում արվեստի բիենալե իրականացնելու միջազգգային որակավորում ունի։ Կառույցի առաքելությունը Երևանում արվեստի մասշտաբային ցուցադրություն կազմակերպելն է, որին առնվազն 600.000 մարդ են ակնկալում աշխարհի բոլոր ծայրերից, որոնց թվում՝ արտ տուրիստներ, լրագրողներ, մենեջերներ, քննադատներ, կոլեկցիոներներ։ Սակայն այդ նպատակին հասնելու համար նախևառաջ պետք է զարգացնել երկրի արվեստային դաշտը։ Այս նպատակով էլ YBAF-ը ստեղծել է Latitude Art Space-ն ու տարբեր արտիստների արվեստանոցները մեկ հարկի տակ ամփոփող Art Factory արտ-կլաստերը՝ Վահագնի թաղամասի հարևանությամբ և A1 ցուցասրահ-սրճարանը Աբովյան 1 հասցեում գտնվող պատմական շենքում։ Գտնվելով քաղաքի արվեստային հոսքի ամենակենտրոնում ու միևնույն ժամանակ ապակենտրոնացնելով այն՝ Հիմնադրամն ընդունում է երիտասարդ (ու ոչ միայն) արվեստագետների, ում պոտենցիալը կարող է խթանել՝ անհատական և խմբակային ցուցահանդեսներ կազմակերպելով, զանազան համագործակցություններում ներառելով, լոկալ և միջազգային նախագծերի դիմելով ու ներկայացնելով։ Հիմնադրամի շնորհիվ հայ ժամանակակից նկարիչների աշխատանքները հայտնվել են թե՛ գինու պիտակներին, թե՛ NFT թվային տիրույթում։
Անին հիմնադրամը մարդասիրական և մարդակենտրոն է համարում։ YBAF-ի ներկայացուցիչները կապ են պահպանում իրենց հետ երբևէ աշխատած բոլոր արվեստագետների հետ, իսկ նոր անդամներին ընտրելիս երբեք սահմանափակում չեն դնում արվեստի ուղղության, ոճի, ժանրի, կամ մեդիայի հարցում։ Նամանավանդ չեն առաջնորդվում իրենց սեփական նախասիրություններով, քանի որ լուրջ ինստիտուցիան չի կարող քննադատել և պիտակավորել այս կամ այն տեսակի արվեստը։ Այնպես որ ամեն տարի հիմնադրամը նոր արտիստներ է փնտրում, և այս տարի՝ իր հնգամյա պատմության մեջ առաջին անգամ, հաջողացրեց 23 արվեստագետի մեկտեղել տարվա սկզբում։ Նման հաջողությունից հետո շատ կարևոր էր տարվա առաջին խմբակային ցուցահանդեսին բոլորի՛ն ներկայացնել։
Ֆինի համար սա էքսպոզիցիան կազմելու, թերևս, միակ սահմանափակումն էր։ Բայց իր կարծիքով սահմանափակումները միայն օգնում են խթանել ստեղծականությունը։ Արդյունքում «Tending the Frenzy»-ին մեկ թեմայի շուրջ հավաքեց այնքան տարբեր ոճ ու ձեռագիր ունեցող արվեստագետների, ում աշխատանքները դժվար է մեկ հարկի տակ պատկերացնել ցանկացած այլ էքսպոզիցիայում։

Անիի համար հիմնադրամի կարգախոսը ազատությունն է, որի լավագույն խորհրդանիշը հենց Latitude-ն է։ Իր ոչինչ չպարտադրող, հսկայական մոխրագույն տարածքով այն, կարծես, բետոնե կտավ է ամեն արվեստագետի համար։ Համադրողն էլ այստեղ օժանդակողի՝ օգնողի, գուրգուրողի դերում է․ նա մի կողմից հոգ է տանում արտիստի մասին՝ առաջին պլան մղելով արվեստագետի ասելիքը, մյուս կողմից՝ դիտողի, ում այդ ասելիքն, ի վերջո, հասցեագրված է։
Ֆինի կարգախոսը հոգատարությունն է։ Ստեղծականությունը նա համեմատում է քաոտիկ մի ուժի հետ, ինչն արդարացի է․ ի վերջո շատ տարբեր ժողովուրդների պատկերացումներում աշխարհն արարվել է հենց ամենակարող քաոսից։ Սակայն արարչագործության համար քաոսի անսանձ ուժը պետք է․․․ ոչ թե կառավարել, այլ ճիշտ հունի մեջ դնել, գուրգուրել ու փայփայել։ Իսկ դա կարող են անել արվեստագետները՝ մարդիկ, ում մի քիչ խենթ են համարում։
Գերարագ 21-րդ դարում մարդու գերլարված աշխատանքն ու անվերջ պրոդուկտիվ լինելու ցանկությունը Ֆինը համեմատում է Երկրի ընդերքի ռեսուրսներն անխնա սպառելու հետ։ Երկու դեպքում էլ խնդիրը հոգ չտանելու մեջ է՝ կարևոր չէ, հոգ չես տանում քո՛, թե քո մոլորակի մասին։ Այս պարագայում կանգ առնելը, դանդաղելը, հապաղելը և ինքդ քո հանդեպ հոգատար լինելը քաղաքական՝ նույնիսկ շատ ռադիկալ քայլ կարելի է համարել։ Քայլ, որը հիմնապես հակասում է անվերջ ընդարձակվող, հնարավոր բոլոր ռեսուրսները կլանող և անդադար սպառող ժամանակակից հասարակության փիլիսփայությանը։
Հապաղելու այս կարևոր գործընթացում Latitude-ի՝ կենտրոնից բավական հեռու լինելը կարևոր ու շահեկան է։ Այստեղ չես կարող ի միջի այլոց գալ, պետք է նախապես պլանավորես, և արդյունքում ավելի շատ ժամանակ ես անցկացնում ցուցահանդեսում՝ ավելի ուշադիր նայում, ավելի շատ մտածում։

Իսկ մտածելու, սյուժեներ հորինելու և ակնարկներ որսալու առիթները բազմաթիվ են․ «Tending the Frenzy»-ն կատարելապես հոգ է տանում ոչ միայն 23 հրաշալի արվեստագետի, այլև Latitude հասած յուրաքանչյուր արվեստասերի մասին։ Էքսպոզիցիայում հաշվի է առնվել հնարավոր ամեն դիտանկյուն՝ ցուցասրահ մուտք գործելուց մինչև ամենահեռու պատը։ Դիտման ցանկացած հետագիծ ասոցիատիվ նորանոր շարքեր է ստեղծում, երբ հայացքով համադրում ես նույն արտիստի՝ ցուցասրահի հակադիր կողմերում հայտնված երկու գործը, կամ, ընդհակառակը, հետևում արտիստների ներդաշնակ զուգաձևությանը, երբ 23 յուրօրինակ ոճ, ժանր և տեխնիկա երկխոսության են բռնվում գույնով, ձևով ու չափով։ Իսկ ամենակարևորն այն է, որ ազատությունը, որը Latitude-ն առաջարկում է արտիստներին, նույնքան հասանելի է դիտողին։ Այստեղ չկա շարժումը սահմանափակող որևէ ժապավեն, ամենափոքր քանդակներին կարելի է այնքան մոտ կանգնել, որ թվում է, թե «քիթդ ուրիշի արվեստի մեջ ես խոթում», նույնիսկ կարելի է անցնել սրահի կենտրոնում փռված ինստալյացիայի միջով։ Այնպես որ, գուրգուրելով քաոսը և հոգ տանելով իր արվեստագետների մասին՝ YBAF-ը փայփայում է նաև դիտողներին, ինչին, անկեղծ ասած, բոլորս այնքան կարոտ ենք։
Հեղինակ՝ Սոնա Արսենյան