Այս տարվա «Ոսկե ծիրանը» հիրավի յուրահատուկ էր, բայց այդ բնորոշման մեջ յուրաքանչյուրը գտնում է այն առաջնայինը, որով այս կամ այն մշակութային իրադարձությունն իմաստավորում է հենց իր համար։ Նման դեպքերում հասարակության լայն շերտերի համար նոր հարցեր են բացվում և մտքեր ձևավորում այնպիսի երևույթների շուրջ, որոնց մասին նույն հասարակությունը գուցեև չի էլ մտածել։ Իհարկե, կարող է հակառակն էլ տեղի ունենալ. դուք գտնում եք պատասխաններ կամ դուրս եք գալիս այնպիսի ուղու վրա, որը խառնիխուռն մտքերից որոշակի եզրահանգումների գալու, կամ գոնե ինքդ քո մեջ ճիշտ հարցադրումներ ձևակերպելուն է բերում, որովհետև երբեմն ճիշտ հարցն ավելի հետաքրքիր տարածություններ կարող է առաջնորդել, քան կարող էիր պատկերացնել։
Բայց վերադառնանք «առաջնային» գաղափար ասվածին, որը հատուկ շեշտել էի խոսքիս սկզբում։ Ինձ համար «Ոսկե Ծիրանի» կարևորագույն իրադարձությունը Գրիգոր Պըլտյան մտավորականի հետ հանդիպումն էր և նրա շնորհիվ ու իր միջոցով գրականության վերաբերյալ շարունակական մտորումներիս որոշակի ձև ու համակարգ տալու փորձը։ Մտորումների, որոնք շարունակաբար արտաքին և ներքին բախումների առիթ էին, առավելևս, եթե այս կամ այն չափով քեզ հուզող հարցերի մասին տեսակետերը, կարծիքներն ու մոտեցումները հասցրել ես ճանաչել և ուսումնասիրել, բայց այնուամենայնիվ, հարցեր կան, որոնք հուզում են, իսկ առերևույթ սպառիչ և «ճիշտ» պատասխաններն իրականում պահանջ ունեն մեկնվելու այնպիսի դիտակետից ու այնպիսի մոտեցումներով, որոնք դուրս են քեզ ծանոթ սահմաններից և մտածողության մասշտաբներից։
Այսպիսով, այս տեքստն իր մեջ խտացնում է ինձ համար կարևոր այն կետերը, որոնք քաղել եմ Պըլտյանի հետ զրույցի ընթացքում։
Զրույցի առաջին մասը արդի գրականության ու գրաքննադատության մասին էր։ Ուշադիր ընթերցողին կարող է թվալ, թե մեր օրերում ստեղծված գրականության շուրջ բավականին բուռն ու ակտիվ գործընթացներ են տեղի ունենում, սակայն շատ հաճախ դրանցում իշխում է գրականագիտական տպավորապաշտությունը, որի սահմանը դժվար է հաղթահարել։ Ըստ Պըլտյանի` դժվար է գտնել տեսակետը, որից պետք է մոտենալ գրողին, եթե տվյալ հեղինակի մասին մասնագիտական աշխատություններ դեռ չկան։ Ուրեմն պիտի կարողանալ բանասիրական լավ պրպտումներ անել և ճիշտ մոտեցում ունենալ, որպեսզի կարողանաս փաստարկել և համոզիչ լինել։ Սակայն դա դեռ բավական չէ։
Հաջորդ կարևոր միտքը տեքստը գրելու մասին է։ Պետք է կարողանալ հաշտեցնել լավ գրված տեքստը և ճշգրիտը՝ խուսափելով կողմնակի՝ «հարևանցի» խոսքերից, որոնք չեն օգնում նյութը ներկայացնելու հարցում։ Այսինքն՝ տեսքտը պիտի տրամաբանված լինի։ Բայց դա էլ ամենը չէ։ Կարևոր է գրողին և ստեղծագործությանը տարբեր հայեցակարգով մոտենալ, այսինքն` կարդալ տարբեր կողմերով։

Այստեղ ես կուզեի կանգ առնել և ընթերցողի ուշադրությունը սևեռել տարբեր հայեցակարգեր ասվածին։ Հաճախ, արդեն հրատարակված գրքերին մոտենալիս, մասնագետներն ունեն որոշակի կանխատրամադրվածություն, քանի որ գրքում արծարծված թեմաները ծանոթ են հայաստանյան իրականության մեջ ապրողներին, և տարընթերցումները ներքին`«ներսի» աչքով են լինում։ Կարևր է հաղթահարել այդ «ներսի» աչքով հանդիպումներն ու կարողանալ այնպես կարդալ, կարծես այդ իրականությունն ու խնդիրները օտար և անծանոթ են մեզ։
Խոսելով գրողին տարբեր կողմերից մոտենալու և տեքստը տարբեր կողմերից կարդալու հնարավորության մասին, բնականաբար, հնարավոր չէ չանդրադռանալ այն հարցին, թե որքանով է ինքը`գրողը տալիս այդ հնարավորությունն իր գրականությամբ։ Տպավորություն կարող է ստեղծվել, որ այս դեպքում որոշիչը թեմայի ընտրությունն է, բայց Պըլտյանը մատնանշում է, որ խնդիրը միայն թեման չէ, այլև գրողի` իր վեր հանած խնդրին լավ ծանոթ լինելը։ Բացի այդ գրողը պիտի կարողանա «հեռացնել» թեման իրենից, նույնիսկ, եթե առաջին դեմքով է պատմում․ «Պետք չէ, որ հեղինակն ինքը խոսի, նա պիտի ամեն բան իմանա, բայց չասի»։
Վերջաբանի փոխարեն, թերևս առանձնացնեմ գրականությանը մոտենալու այն կերպերից մեկը, որը ցույց տվեց պարոն Պըլտյանը և, որը սկսվում էր իր անսահման գեղեցիկ ձևակերպումով, որ գրականությունն ազատություն է, բայց ազատությունը չի ենթադրում սանձարձակ կամ անկանոն մի բան։ Գրականությունն ունի իր կանոնները, որոնք պետք է հարգել։ Իհարկե, կարելի է դրանք փոխել, քանի որ գրողն ինքն է ապրեցնում այդ կանոնները։ Եվ կարևոր է, որ գրականությունը չբանտարկվի, որովհետև կարելի է գրել հենց հիմա մեզ շրջապատող պարտեզի մասին՝ իբրև աշխարհի պարտեզներից մեկի, և դրսի աշխարհի մարդու համար հասկանալի լեզվով։ Կարևոր է, որ տեքստը բացվելու հնարավորություն ունենա, իսկ դրա համար մարդկային փորձառություն և մտքի փորձառություն է պետք։
Հեղինակ՝ Դիանա Խաչատրյան