Հովհաննես Երանյանի «Մեղքի պարանն» այն հազվադեպ վեպերից է, որ հնարավորություն է տալիս գրական տեքստն ընթերցել «ներսի» և «դրսի» աչքով՝ հայաստանյան իրականության մեջ ապրողի և դրանից դուրս գտնվողի հայացքով։ Թե այս երկուսից որն ընթերցողը կուզենա առաջին պլան բերել` անձնական ընտրության հարց է, բայց կարևորն այն է, որ գիրքը տալիս է այդ հնարավորությունը։
Բովանդակային բազմիմաստությունն ու այն կերպը, որ գրողն ընտրել է՝ թեմա-ժանր-ծավալ դաշտում այն լավագույնս արտահայտելու համար, ստեղծում են բազմաճյուղ անդրադարձների նախադրյալներ։ Ստեղծագործությունը հյուսվում է շերտ առ շերտ՝ մի պատմությունից մեկ այլ պատմություն անցումներ-բացահայտումներով։ Ատաղձը Տերտերյան ընտանիքում տեղի ունեցած ողբերգությունն է՝ փոքր որդու առեղծվածային մահը բանակում։ Եվ վիպական տարածքում ծավալվող պատմություններն ածանցվում են այս սյուժետային գծից, որն ուղիղ պատմությունն է՝ ճանապարհը, որ բերում է մնացյալ անցքերը ներկայացնող տարատեսակ պատումներին։
Երբեմն-երբեմն ընդհատվելով ընտանիքի մյուս անդամների զրույցներով՝ վեպն, այնուամենայնիվ, պատմվում է հայր և որդի Տերտերյանների կողմից, ինչը, մի կողմից, ապահովում է ասելիքի և տարբեր հարցերի վերաբերյալ մոտեցումների երկակիությունն, իսկ մյուս կողմից՝ իրար է կապում տարբեր իրականությունները։
«Մեղքի պարանը» կարելի է տարբեր կերպ շերտավորել, բայց ես առանձնացրել եմ այն երկու առաջնայինը, որոնցում զարգանում են մյուս բոլոր գծերը։
Առաջինը հայաստանյան իրականությունն է իր բազմաթիվ ցավոտ հարցերով և խնդիրներով՝ պատերազմ, արտագաղթ, չստացված արտաքին և ներքին քաղաքականություն, հայոց դարավոր պատմության հանդեպ նորօրյա մարդու վերաբերմունք։ Այս շերտը «ներսի» աչքով դիտելու, «ներսի» մարդու հայացքով քննելու, մոտենալու տարածքն է, որտեղ հանդիպում ենք մեզ ծանոթ կերպարների, իրադարձությունների ու երևույթների։
Երկրորդը մեղք-մարդ հարաբերությունն է։ Մահկանացուի մեղսավոր էության, մեղք գործելու և հատուցման վերաբերյալ հարցերը թույլ են տալիս «դրսի» աչքով մոտենալ տեքստին, քանզի մարդկային թուլություններն ազգություն չեն ճանաչում։ Սակայն այս երկու՝ «ներսի» և «դրսի» շերտերի միաձուլումն աննկարագրելի հարթ ու ներդաշնակ է ընթանում։
Տերտերյան ընտանիքում կատարված ողբերգությունը դրդում է հերոսներին առեղծվածի հետևից գնալ, գտնել, բացահայտել ու հասկանալ այն։ Բայց այդ առեղծվածն էլ տարասեռ բաղադրություն ունի, որովհետև հայրն ու որդին կրտսեր Տերտերյանի մահվան դեպքի բացահայտման ճանապարհին բախվում են Հայաստանում տեղի ունացած և ունեցող ողբերգութույուններին ու պատմական սխալներին։ Անհասկանալին բացահայտելու գործում օգնության հասնողը հաճախ մեզ ծանոթ իրերի և երևույթների աշխարհից անդին է՝ ռացիոնալ գիտակցությունից դուրս մղված բնազանցականը։ Եվ առեղծվածին մերձենալու երանյանական մեթոդն առասպելի ու հեքիաթի միջոցով է տեղի ունենում։ (Այստեղ գուցե տեղին կլիներ նշել վեպում Ագռավաքարի ու Փոքր Մհերի առասպելի դրսևորումներն ու գրքում հետաքրքիր տեղ զբաղեցնող գրական առնչությունները, մասնավորապես՝ Լ. Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպի արձագանքները։ Սակայն հետաքրքրվողներին խորհուրդ եմ տալիս կարդալ Վալերի Փիլոյանի՝ 2018 թվականին «Գրական թերթում» տպագրված «Իրականության և առասպելի խաչմերուկում» հոդվածը, որտեղ մանրամասն ներկայացված են վեպում տեղ գտած գրական աղերսները՝ Խեչոյանի, Մաթևոսյանի, Շահնուրի, Չարենցի, Դանթեի աշխարհներին և իրականություն-առասպել դրսևորումները։ Իսկ ինքս որոշել եմ այլ կողմով մոտենալ ստեղծագործությանը։)
Իրականի և անիրականի հատման տարածությունում տեղի է ունենում հանդիպումը մեղքի հետ։ Հեղինակն անհատական մակարդակից ընդհանուրին է բերում այն․ մեղքը կործանման է տանում անհատին, ապա՝ ընտանիքն ու հետո՝ ամբողջ պետությունը։
Մեղք-մարդ հարաբերության մեջ յուրահատուկ տեղ ունի կնոջ կերպարը.
«Բայց հաջորդ օրը, երբ նա կուրծք էր տալիս տղայիս, մեր հայացքները հանդիպեցին, և Ադամը Եվայի աչքերի մեջ կարդաց. «Այս գիշեր… որովհետև ոչ թե ինձ համար եմ վախենում, այլ այս երեխայի, քանի որ զգում եմ, թե ինչպես եմ ճակատագիր կտակում կաթի միջոցով»։ Ոչ այդ գիշեր, այլ շաբաթներ անց, հերթական միաձուլումից հետո Ադամը հանկարծ սկսեց մտածել. «Դրախտից վաղուց ենք վտարվել, ուրեմն ինչ հսկայական է այս Եվայի մեղքը, որ սկզբում հայրը, հետո եղբայրը։ Ամենաթանկ մարդիկ։ Ի՞նչ աններելի մեղք է գործել, որ սիրելիների կորստով պիտի հատուցի»։
Կինը շատ հակասական դիրքում է գտնվում. մի կողմից պաշտանմունքի աստիճանի է հասցվում նրա մայր-դուստր դրսևորումը.
«… հայրս մայրապաշտ էր», «Հայրս քրոջս աստվածացնում էր։ Ուրիշ ոչ մի բառով չէիր բնորոշի դստեր նկատամամբ հորս վերաբերմունքը»։
Հեղինակն անգամ կնոջ մեջ է տեսնում փրկությունը, մանավանդ երբ վեպի վերջում Ժպտացող արքան՝ երկրի փրկությունը բերողն ու նոր ժամանակների սկիզբը դնողը, դառնում է թագուհի.
«Նա հողն էր, այն կավը, որից պիտի շինվեր տղամարդը`մինչ իր ոսկորից կին կստեղծեր Աստված։ Այն արգավանդ հողը, որը ոչ միայն քո սերմն է առնում իր մեջ ու քո շարունակությանը ծլարձակում, այլև հենց քեզ է աճեցնում»։
Սակայն այս ամենի հետ մեկտեղ կինն այն միջոցն է, որով մեղքը մուտք է գործել այս աշխարհ։ Նա Կենաց ծառն է, իմաստության աղբյուրը, բայց միշտ տանում է դեպի փորձություն.
«Լավ գիտես, որ Եվան իմ այգին է ու այգեպանը, այն հողը, որի մեջ արմատ է տալիս ծառն իր ճյուղերով։ Խռովել է մեր հողը մեզանից, չորանում է մեր կենաց ծառը, մենք չունենք այլևս հող ու հումուս, վանում է ինձ իմ այգին»։
Կինը փրկության ճանապարհն է, բայց և մեղքի դուռը հասցնողը, այն արգանդը, որում ապահով է Ժպտացող արքան։ Այդ արգանդը փրկություն բերողի ապաստարանն է՝ մի ինքնատիպ Ագռավաքար, բայց ոչ մի արքա, ոչ մի վերերկրային ուժ չեն կարողանա փրկություն բերել, քանի դեռ երկիրն ունի սիրո և բարոյականության պակաս։ Եվ այդ պակասի մասին շեշտադրումներին կհանդիպենք, երբ որոշեք ծանոթանալ «Մեղքի պարանը» վեպին։
Հեղինակ՝ Դիանա Խաչատրյան